«Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմելով պաշտպանության նախարարին՝ հիշեցրեց, որ Սյունիքի համայնքապետերը եւ պատերազմների մասնակից Աշոտ Մինասյանը կալանավորված են։ Վարդանյանը հարցրեց․ «Սյունիքն ավելի պաշտպանված կլինե՞ր, եթե նրանք ոչ թե կալանավայրում լինեին, այլ Սյունիքում»։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շեշտեց, որ դատական գործընթացներին, բնականաբար, գնահատական չի տա․ «Իսկ եթե ձեր հարցը հռետորական է, նույն կերպ պատասխանեմ։ Կարծում եմ՝ ՀՀ-ն ամեն հատվածում կլիներ ավելի պաշտպանված, եթե ամեն դերակատար իր պարտականությունները պատշաճ կատարեր, այդ թվում՝ քիչ թալաներ»։
Աղվան Վարդանյանն ուղղեց՝ ինքը դատական համակարգից չէր հարցնում, այլ պարզ հարցադրում էր հնչեցնում․ «Ցավում եմ, որ պարկեշտ նախարարը նման պարզ հարցի չի պատասխանում»։
Սուրեն Պապիկյանն ասաց․ «Դա ձեր գնահատականն է։ Սյունիքն ավելի պաշտպանված կլինի ու կդառնա, երբ կկատարենք մեր պարտականությունները։ Իմ պարտականությունների շրջանակում անելու եմ ամեն ինչ՝ Սյունիքն ավելի պաշտպանված դարձնելու համար»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ