Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվեց «Հայաստան» դաշինքի անդամներ Բագրատ Եսայանի, Նարեկ Մանթաշյանի եւ 10 անձանց գործով քննությունը:
Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Խոսքը, մասնավորաբար, վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին սեռական հայհոյանք հնչեցնելուն՝ «Բ…ի տղա Նիկոլ» բացականչելուն:
Ամբաստանյալները առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:
Դատարանը ապացույցների հետազոտման փուլում է: Մեղադրող դատախազն ընթերցեց տարբեր ոստիկանների զեկուցագրերից, որ ցուցարարները չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, ձվեր եւ շշեր են ոստիկանների ուղղությամբ, տեւական ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել:
Կարդացեք նաև
Զեկուցագրերից մեկում նշվում է, որ ցուցարարները փորձ են արել մտնել դատախազության շենք: Պաշտպաններից Ռուբեն Մելիքյանն ուշագրավ համարեց այս հանգամանքը, քանի որ մեղադրանքում որեւէ խոսք չկա այդ մասին:
Բագրատ Եսայանն էլ արտառոց համարեց իրավիճակը՝ հիերարխիայի խախտման առումով, քանի որ ոստիկանության ՊՊԾ ինչ-որ սերժանտ զեկուցագիր է գրում Երեւան քաղաքի ոստիկանապետին: Նա նկատեց, որ զեկուցագրերը գրվում են անմիջական ստորաբաժանումների ղեկավարներին:
Մեղադրող դատախազը չհամաձայնեց՝ ասելով դա արտառոց չէ, ոստիկանությունում նման բազմաթիվ դեպքեր են եղել, հակառակի հերքումն էլ չկա:
Պաշտպաններից Ալեքսանդր Կոչումբաեւն էլ նկատեց, որ ՊՊԾ մեկ այլ ոստիկան զեկուցագիր է ներկայացրել ոստիկանության Կենտրոնի բաժնի պետին, իսկ սա նշանակում է, որ Երեւան քաղաքի վարչությունում նյութեր չեն նախապատրաստվել, այլ միանգամից քննչական ստորաբաժանումում են դրանք պատրաստվել. «Ընդամենը մեկ զեկուցագիր ենք տեսնում եւ հաջորդիվ Քոչարյանի (Երեւանի ոստիկանապետի-Ն. Գ.) գրությունը՝ ուղղված դատախազին՝ հանձնարարությամբ ուղարկվում է քննիչին: Դատախազի հանձնարարականն էլ քրեական գործում առկա չէ կամ մեզ չի տրամադրվել»:
Ռուբեն Մելիքյանի դիտարկման առնչությամբ էլ մեղադրող դատախազն ասաց՝ ամեն դեպքում, զեկուցագրի բովանդակությունն այդպիսինն է եւ եթե այսօր ինչ-որ մեկը չի մեղադրվում դատախազության շենք մուտք գործելու փորձի մեջ, դա դեռ ոչինչ չի նշանակում:
Ռուբեն Մելիքյանն ուշադրություն հրավիրեց նաեւ այն հանգամանքին, որ հրապարակված զեկուցագրերում հաճախակի համընկնումներ կան բառային բազայի եւ մտքի շարադրանքի մասով եւ տարակուսեց, որ տարբեր ոստիկաններ համանման շարադրանքով եւ բառամթերքով են զեկուցագրեր գրել, ասաց՝ կա բարձր հավանականություն, որ զեկուցագրերը նույն տեղից են ուղղորդված:
Մեղադրող դատախազը հրապարակեց նաեւ ցույցից բերման ենթարկված անձանց ցուցմունքներից: Բագրատ Եսայանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ դեպքի վայրից կասկածանքով բերման ենթարկված անձանցից որեւէ մեկը, որեւէ ձեւով այս գործում ընդգրկված չէ, փոխարենը, քրեական գործով մեղադրյալ են ներգրավված անձինք, որոնք որեւէ կերպ նախաքննության փուլում ներգրավված չեն եղել:
Պաշտպանական կողմը միջնորդեց՝ առավել օբյեկտիվ պատկեր ստանալու համար՝ կոնկրետ հրապարակվող ապացույցից հետո դատարանը հետազոտի նաեւ վերաբերելի տեսաձայնագրությունը:
Հաջորդ նիստը տեղի կունենա 2022 թվականի, հունվարի 19-ին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ