ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը 2020թ․ նոյեմբերի իննի եռակողմ հայտարարությունից մեջբերեց այն հատվածը, ըստ որի՝ ՀՀ-ն երաշխավորելու է Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ կապը։ Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ սա ի՞նչ է, եթե ոչ մի քանի բաղադրիչից բաղկացած միջանցք, այն էլ այն դեպքում, երբ մյուս պետությունը զինվոր է առեւանգում եւ սպանում, իսկ ճանապարհը հսկելու է երրորդ երկիր՝ Ռուսաստանը։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ ճանապարհների ապաշրջափակման մասին է խոսքը, եւ պատգամավորը մեկնաբանում է այնպես, ինչպես իրեն հրահանգել են ներկայացնել։
Աննա Մկրտչյանը պնդեց՝ ինքը մեջբերում էր նոյեմբերի իննի հայտարարությունից, ոչ թե մեկնաբանություն էր տալիս․ «Ես շատ լավ հասկանում եմ ձեր սխեման, որով այստեղ նստածներին SMS-ներ եք գրում։ Մեր մոտ դա չի աշխատում»։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը, մատնացույց անելով իշխանական խմբակցությանը, ասաց, որ դահլիճի այդ կողմում նստածներին ինքը պարբերաբար գրում է SMS-ներ, շատերն էլ իրեն են գրում․ «Խնդիրն այն է, որ ձեզ գրողներին դուք չեք ճանաչում եւ չեք էլ տեսել։ Ձեր ղեկավարին են գրում եւ կոնկրետ հանձնարարություններով։ Անգամ չեք հասկանում, թե ինչ եք խոսում։ Իսկ այս կողմում իմ քաղաքական համախոհներն են, որոնց հետ քննարկում ենք, վիճում, խոսում՝ մի բան, որը ձեզ երբեք չի սպառնա»։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը Փաշինյանի ասածին այսպես արձագանքեց․ «Մեր ղեկավարների օրոք Արցախն ազատ էր ու անկախ։ Մեր ղեկավարները թշնամի պետության ղեկավարի կողմից արգելք չունեին Արցախ գնալու»։
ՔՊ-ական պատգամավորների շարքերից ռեպլիկներ հնչեցին։ «Լացացնում եմ՝ լացեք»,-ի պատասխան նետեց Հայկ Մամիջանյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ