«1 տարի առաջ այս օրերին ադրբեջանական զորքերը բռնազավթեցին Հադրութի շրջանի Խծաբերդն ու Հին թաղերը, որոնք նոյեմբերի 9-ի հայտարարությամբ գտնվում էին հայկական վերահսկողության ներքո։ Մոտ մեկ տասնյակ զոհեր եղան, 62 անձ գերեվարվեց, մի մասը դեռ չի հայրենադարձվել։ Եղավ մի բան, որը չէր տեղավորվում եռակողմ հայտարարության մեջ։ Պարոն Փաշինյան, ո՞րն է ձեր դիրքորոշումը, այդ երկու գյուղերը հայկական էին։ Ինչո՞ւ դրանց վերադարձի հարցը մինչեւ այսօր չի դարձել օրակարգային»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հարցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «9-ը հերոս են զոհվել, կանգնել մինչեւ վերջ եւ կյանք տվել հանուն հայրենիքի։ Ձեր նշած դրվագի հետ կապված քրեական գործ է հարուցվել։ Ցավով արձանագրեմ, որ․․․չեմ ուզում դատական համակարգի հետ կապված մեկնաբանություն անել, բայց փաստ է, որ առանցքային մեղադրյալներից մեկին այդպես էլ չի հաջողվել կալանավորվել, որովհետեւ դատարանները մերժել են կալանավորման միջնորդությունը․․․Այդ դրվագի հետ կապված կան հարցեր։ Հասկանում եմ, որ ընդդիմությունն ունենալով շահագրգռություն՝ ձեւակերպում է նախադասություն, որին ի պատասխան կձեւակերպվի այլ նախադասություն, որը կդառնա ներքաղաքական շահարկման նյութ։ Բայց այդ թեմաները պետական շահերին առնչվող եւ գաղտնիք պարունակող տեղեկություններ են, որոնք լրացուցիչ հետաքննության առարկա պետք է դառնան»։
Տիգրան Աբրահամյանը նկատեց՝ կան հարցեր, որոնք կապ չունեն գաղտնիության հետ․ «Ես դիրքորոշում էի ճշտում։ Դուք ընդունո՞ւմ եք, որ ադրբեջանական քայլերը եղել են եռակողմ հայտարարությունից դուրս, թե դուք համարում եք, որ այդ ամենը տեղավորվում էր եռակողմ հայտարարության մեջ։ Բացի այդ, մեկ տարի է անցել։ Նորմալ է, որ քրեական գործերն այս ընթացքում չէին կարող ավարտվել, բայց տպավորություն է, որ թեման ուզում են բարդել մի քանի զինվորականի վրա, որոնք այդքան էլ մեծ դեր չեն ունեցել»։
Կարդացեք նաև
Փաշինյանը պնդեց՝ տպավորությունը սխալ է․ «Այս թեման շատ բարձր մակարդակի պաշտոնյաների հետ կապ ունի։ Եթե համարեինք, որ համապատասխանում է նոյեմբերի հայտարարությանը, իմ նշած հերոս նահատակները կանգնած չէին լինի այդ դիրքերում։ Վախենամ՝ թեման շատ բարձրաստիճան պաշտոնյաների է վերաբերում, որոնց կոծկելու մտադրություն երբեք չեմ ունենա, բայց չէի էլ ուզի, որ հարցերը նեղ կոնտեքստում տեղավորվեն։ Ոչինչ գաղտնի չի մնա»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ