Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ ներկայիս կյանքն ասես իմ համար «բոնուս» լինի, մենք կռվեցինք ու պահեցինք հողերը». 44-օրյա պատերազմի մասնակից

Դեկտեմբեր 08,2021 16:48

Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից 26-ամյա Մհեր Շահբազյանն ասում է, որ չնայած մեկ տարի է անցել, սակայն պատերազմի ժամանակ ունեցած ապրումները անընդհատ հետապնդում են իրեն: Այդ զգացումները շատ հաճախ արտահայտվում են երազներում, իսկ բարձր ձայները և ծիծաղը գոռոց կամ արկերի պայթյուն են թվում:

Մհերը զորակոչվել է բանակ 2019 թվականի հուլիսի 24-ին: Ասում է՝ բանակ գնալուց առաջ հաճախ էր կրկնում՝ երբ բանակ գնամ, պատերազմ է սկսվելու։ Մհերի խոսքով՝ այդ միտքն իրեն միշտ է հետապնդել։ Սկզբում նա ծառայել է Մարտակերտի շրջանում, իսկ պատերազմի սկսվելուց հետո տեղափոխվել է դիրքեր:

«Առաջին օրը չէինք հասկանում՝ ինչ էր կատարվում: Երեկոյան նոր հասկացանք, որ պատերազմ է: Էդ պահից սկսած՝ ամեն մեկս մտանք մեր դերի մեջ, ու արդեն անցանք մեր առջև դրված խնդիրը կատարելուն»,- պատմում է Մհերն ու հավելում՝ ինքը վարորդ էր:

«Պատերազմը սկսվելուն պես մեքենաներն անմիջապես ավտոպարկից հանելու հրաման ստացանք: Դեռ չհասկանալով՝ ինչ էր կատարվում, անհրաժեշտ զենք-զինամթերք ստացանք ու վազեցինք դեպի մեր մեքենաները, բայց դեռ տեղ չհասած՝ ավտոպարկը պայթեցրին: Հետո գնացինք շտաբի նկուղ, սպասեցինք, որ մեքենա գա ու մեզ տեղափոխի դիրքեր»,-ասում է Մհերն ու նշում՝ ամբողջ ընթացքում լարված սպասել է մեքենային:

«Ավտո չկար, բոլորը վարի գնացած վիճակում էին, իսկ ժամանակ չէր կարելի կորցնել։ Մենք գնացինք Մարտակերտի մեր նստեցման շրջան՝ անտառների մեջ, մինչև ավտոները եկան, սար ու ձորերի միջով, մի կերպ հասանք դիրքեր»։

Հիշում է՝ վաշտերից մեկի համար սնունդ տանելիս երկար ճանապարհ է գնացել, իսկ հրետանին անդադար աշխատել է: Հետո գիշերով փորձել է կրկին իրենց դիրքեր վերադառնալ, այդ ընթացքում էլ իրեն շատ մոտ տեղերում անընդհատ արկեր են ընկել, բայց ինքը միշտ մտածել է, որ տեղ է հասնելու և իր ուղղությամբ ոչ մի արկ չի ընկնելու: Իսկ երբ արդեն թշնամին իրենց «բլինդաժին» է հարվածել, Մհերը և իր ծառայակից ընկերը մնացել են բլինդաժում:

«Ոչ մի բան չէր երևում՝ ոչ լուսամուտ, ոչ դուռ, լրիվ փլվել էր: Մնացինք մի քանի րոպե, զգացինք, որ շնչահեղձ ենք լինում, ու դուրս գալու տարբերակներ գրեթե չկային: Էդ փլվածքները մի կողմ փորելով՝ հազիվ լույս տեսանք: Շատ վատ վիճակով դուրս եկանք, բայց մենակ զենքիս բռնակոթին էր բեկոր կպել»,-հիշում է Մհերն ու հավելում՝ ամենադաժանն ու սարսափելին իր համար հոկտեմբերի 13-ի առավոտն էր.

«Էդ նման էր ցեղասպանության, երբ թշնամին գալիս էր, իսկ մենք ոչ մի հնարավորություն չունեինք, պետք էր ուղղակի հարմարվել և գտնել պաշտպանվելու տարբերակներ, որ կարողանայինք պահել մեր գոյությունն ու հաղթահարել արհավիրքը»:

17 օր լինելով մարտի մեջ՝ միշտ մտածել է, որ բոլորն էլ տուն են հասնելու ու տեսնելու են իրենց սիրելիներին, հարազատներին։ Ասում է՝ այդ միտքն է ստիպել, որ իր մոտ նռնակ չպահեր, բայց այդ օրը Մհերի լավատեսությունն անգամ չօգնեց իրեն:

«Էդ օրը ես էլ մի նռնակ վերցրի ինձ համար»,- ասում է Մհերն ու ավելացնում՝ ժամը 4-ի կողմերը Մարտակերտի դիրքերից մեկի զինվորներն արդեն ողջ մնալու հույս չունեին: Մհերի խոսքով՝ գումարտակի հրամանատարն արդեն սկսել էր ոգեշնչող խոսքերով զինվորների մեջ ամրապնդել իրենց ուժերի նկատմամբ հավատը: «Մենք կռվում էինք մինչև վերջ՝ ու կռվեցինք, կռվեցինք ու պահեցինք մեր հողերը»,-խրոխտ ձայնով ասում է մեր զրուցակիցը:

Այդ օրը Մհերը հանդիպում է իր մանկության ընկերոջը, որը Մատաղիսի զորամասի վաշտերից մեկի հրամանատարն էր: Ասում է՝ մանկության ընկերոջը տեսնելով, ուզում էր այդ պահին թողնել ամեն ինչ ու գրկել նրան. «էդ օրերին շատ խորհրդավոր պահ էր Ավոյիս հետ հանդիպումը: Մի պահ մոտեցա, գրկեցի ու ասեցի, որ երկուսս էլ անպայման տուն ենք գնալու»:

Երեկոյան ժամերին Մհերը կրկին գնացել է ընկերոջ մոտ՝ հասկանալու, թե ինչի կարիք ունեն ու արդյոք տարածքին ծանո՞թ են: Գնացել է «բլինդաժ», մի քիչ խոսել են ու դասակի ընկերներից մեկը, որը, Մհերի խոսքով, հաճախ էր վատանում՝ այդ պահին կրկին վատ է զգացել իրեն: Տղաներով փորձել են անել ամեն ինչ, բայց ոչինչ չի օգնել ու Մհերն ասել է՝ ինքը բուժակից անուշադրի սպիրտ կբերի:

«Տղերքը չէին թողում, որ գնայի, որովհետև հրետանին անընդհատ աշխատում էր, բայց ես չլսեցի ու գնացի: Հենց դուրս եկա «բլինդաժից», ձայն լսեցի, փորձեցի ետ գնալ, բայց չհասցրի, արկն իմ մոտ պայթեց ու ինձ մի քանի մետր ներքև գլորեց: Որոշ ժամանակ հետո ինքնուրույն զարթնեցի, բայց ոչ ոտքերս էի զգում, ոչ էլ ձախ ձեռքս: Աչքերս արյունով էին լցված, ոչ մի բան չէի լսում, մենակ ստուգում էի, տեսնեմ՝ ոտքերս ու ձեռքերս տեղում են, ու անդադար օգնություն էի կանչում»:

Ասում է՝ երբ դեռ գիտակից է եղել, ու դեռ ոչ ոք չի գտել իրեն, իր կյանքի երկու ամենակարևոր կանանց է հիշել՝ մորն ու ընկերուհուն։

«Հիշում եմ՝ ընկերուհուս անունն եմ տվել ու ասել, որ մեռնում եմ, և մորս դեմքն եմ տեսել»,-պատմում է նա:

Հետո տղաներից մեկը գտել է Մհերին, և ուսին դրած հանել այդտեղից: Ապա ծառայակից ընկերն է գտել նրանց, սակայն չի ճանաչել Մհերին, քանի որ նրա ողջ դեմքը բեկորներից վնասված է եղել: Հրետանին անդադար աշխատում էր, իսկ իրենք սարի տակով քայլում էին։ Այդ ժամանակ Արմանը՝ իր ընկերը, իրեն մի փոսի մեջ է նստեցրել, որ այդտեղ սպասի, իսկ ինքը գնացել է՝ մեքենա գտնելու: Մհերը շատ վատ վիճակում է եղել ու սկսել է արյունաքամ լինել: Մոտ 30 րոպե սպասել է, մինչև ընկերոջ ձայնն է լսել, որը գոռում էր, որ մեքենա է գտել:

«Մտածեցի, որ էդտեղ իմ վերջն է լինելու, շունչս չէր հերիքում, ձայնս դուրս չէր գալիս, պետք է գոռայի, որ Արմանն ինձ շուտ գտներ»,-ասում է Մհերը:

Ասում է՝ հազիվ է կարողացել կանչել ընկերոջը, որը գտել է նրան, հանել փոսից, ու միայնակ Մհերին հասցրել մեքենայի մոտ: Ողջ ճանապարհին մեքենան անընդհատ ռմբակոծել են, իսկ Մհերը մտքում անդադար աղոթել է: Առաջին օգնություն է ստացել Մարտակերտի հիվանդանոցում, որից հետո տեղափոխվել Ստեփանակերտ, այնտեղից էլ Գորիս, ապա՝ Երևան: Այդ ողջ ընթացքում ընտանիքի անդամները չեն իմացել, որ իրենց որդին վիրավոր է: Երբ Երևան է հասել, բժշկի հեռախոսով է զանգել հորը, բայց այդ ժամանակ էլ չի ցանկացել՝ ծնողները վախենան, վատ զգան իրենց, և ասել է, որ թեթև է վիրավորվել, չնայած խոսելու ուժ էլ չի ունեցել:

Պատերազմի ժամանակ Մհերին և ընտանիքին քաջալերողը ընկերուհին՝ Ռիման է եղել: Հավատացել է, որ Մհերն անպայման տուն է վերադառնալու, և բոլորին այդ ամուր հավատով է պահել, իսկ Մհերն էլ խոստացել է, որ Ռիմայի ծննդյան օրն իր մոտ է լինելու: Ասում է՝ իր խոստումը կատարել է, իսկ վերջերս Արագածոտնի մարզի Սաղմոսավանք վանական համալիրում տեղի է ունեցել Մհերի և Ռիմայի պսակադրության արարողությունը:

Մհերը ոսկերիչ է, մինչև բանակ զորակոչվելը աշխատել է բանկում իր մասնագիտությամբ և այսօր էլ շարունակում է իր աշխատանքը: Ասում է՝ սեփական մաշկիս վրա զգաց, թե արյան գնով հող պահելն ինչ է:

«Հիմա կյանքին ավելի լավ տեսանկյունից եմ նայում: Իմ ներկայիս կյանքն ասես իմ համար «բոնուս» լինի, ու փորձում եմ հնարավորինս ավելի շատ ժամանակ անցկացնել իմ սիրելի մարդկանց հետ, զգալ նրանց սերն ու հոգատարությունը»,-ասում է Մհերը:

Անի ԹԱՄՐԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031