Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի շատ գովազդ էր, քան հակագովազդ»․ ՔՊ-ի թեկնածուի արձագանքը, երբ իր դեմ փաստեր հրապարակվեցին

Դեկտեմբեր 08,2021 16:24

«2017թ․-ին, երբ Եղիշե Սողոմոնյանը եղել է «Բակտեկ էկո» ընկերության տնօրեն, ՊԵԿ-ը պարզել է, որ այդ ընկերության՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չհրապարակված պարտավորությունը կազմել է 765 000 դրամ տույժ։ Ըստ ՊԵԿ-ի՝ հարուցվել է վարչական վարույթ, ծանուցվել է Եղիշե Սողոմոնյանը, բայց չի ներկայացել եւ բացատրություն չի տվել։ ՊԵԿ-ը գումարը գանձել է»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ դիմելով հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ՔՊ-ից առաջադրված թեկնածու Եղիշե Սողոմոնյանին։

Հիշեցնենք, որ նախորդ գումարման ԱԺ-ում նա իշխող խմբակցության պատգամավոր էր։

Արեգնազ Մանուկյանը նշեց, որ Եղիշե Սողոմոնյանի ղեկավարած ընկերությունը 2017թ․-ին հարկային տեսչությանը չի ներկայացրել բնապահպանական եւ բնօգտագործման վճարի հաշվարկը, ինչի պատճառով վարչական տույժ ու տուգանք է կիրառվել Եղիշե Սողոմոնյանի հանդեպ՝ 20 000 դրամի չափով․ «Իսկ 2018թ․-ին ընդերքօգտագործման հրապարակային հաշվետվություն չի ներկայացրել, խախտել է «Ընդերքի մասին» օրենքի պահանջները, եւ Եղիշե Սողոմոնյանի հանդեպ նշանակվել է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։ 2012թ․-ին էլ «Արմենտելը» դիմել է դատարան՝ պահանջելով Սողոմոնյանից գումար բռնագանձել, քանի որ վերջինս գնել է «Սամսունգ» հեռախոս եւ 65 000 դրամի չկատարված պարտավորություն է ունեցել ծառայություն ստանալու դիմաց։ Դատարանի որոշմամբ՝ այդ գումարը բռնագանձվել է Եղիշե Սողոմոնյանից»։

Արեգնազ Մանուկյանը շեշտեց՝ Եղիշե Սողոմոնյանի ղեկավարած «Բակտեկ էկո»-ի ոչ թափանցիկ լինելը եւ խոցելի գործունեությամբ զբաղվելը փաստվել է նաեւ «Հայաստանի արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության» զեկույցում, ընդ որում՝ այդ նախաձեռնության խմբի նախագահը 2018թ․-ին Արարատ Միրզոյանն էր՝ ԱԳ նորանշանակ նախարարը։

«Պարոն Սողոմոնյան, պատասխանեք այս ծանր մեղադրանքներին»,-հեգնեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

Եղիշե Սողոմոնյանը հնչեցված փաստերին այսպես արձագանքեց․ «Ձեր հնչեցրած հարցերը լրատվական բնույթի էին։ Դա իմ համար ավելի շատ գովազդ էր, քան հակագովազդ։ Տասնհինգ տարի աշխատել եմ մասնավոր հատվածում, մոտ 50-60 ընկերություններում փորձ ունեմ։ Չաշխատող մարդը չի սխալվում։ Աշխատող մարդը միշտ սխալվում է։ Ընկերությունը ստացել է հանքարդյունաբերության լիցենզիա, բայց գործունեություն չի ծավալել։ Մինչեւ այսօր չունի իրացումներ։ Կա տնօրեն, մեկ կամ երկու տնօրեն։ Այդ ուշացումները ֆինանսի խնդիր են եղել, որը տնօրենի հետ կապ չունի։ Ֆինանսավորումը պետք է հիմնադիրների կողմից լիներ։ Իմ մեղքը չկա։ Ինչ վերաբերում է հեռախոսին, ապա մեկ այլ անձ իմ անձնագրով հեռախոս էր վերցրել։ Բողոքարկվել է։ Եթե խնդիրը դրանում է, ուրախ եմ։ Այսինքն, կարելի է ասել, որ խնդիրներ չկան»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031