«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» (ԹԻՀԿ) ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը փաստում է՝ ամբողջ աշխարհում գնումների ոլորտը կոռուպցիոն առումով ամենազգայունն է:
«Մեդիա կենտրոնում» «Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ նա մանրամասնեց. «Պետական, հանրային գնումների հիմնական սկզբունքն է՝ հատուցման դիմաց արժեք: Եթե արժեքը չի ստեղծվում, ապա կան լուրջ կասկածներ, որ այդ արժեքի չստեղծվելը կարող է նաև կոռուպցիայի հետևանք լինել»:
Օրենսդրական խնդիրների առումով Վարուժան Հոկտանյանը մանրամասնեց. «Մեկ անձից գնումների հետ կապված պետք է զգույշ լինել այն տեսանկյունից, որ շատ հաճախ մեկ անձը պայմանավորված է լինում մոնոպոլ դիրքով կամ հատուկ, բացառիկ հեղինակային իրավունքներ ունենալով: ՀՀ կառավարության 526 որոշումով մեծ ցանկ է սահմանվել, թե որ հիմքով կարող են մեկ անձից գնումներ կատարվել: Դրանով արհեստականորեն չի թույլատրվում, որպեսզի մոնոպոլիային, հեղինակային իրավունքին մարտահրավեր նետվի: Մյուս խնդիրը հրատապ մեկ անձից գնումներն են: Սա հաճախ ԶԼՄ-ները նկատում են: Հիմնավորումները շատ դեպքում աբսուրդ են, դրանք բավականին տարօրինակ կոռուպցիոն ռիսկեր են պարունակում»:
Վարուժան Հոկտանյանն այնպիսի դեպքերի օրինակ բերեց, երբ միջոցառումներ են կազմակերպվում, մեկ անձ է հայտարարվում և հրատապ մեկ անձից է գնում կատարվում այդ ընթացակարգով: Մինչդեռ ըստ նրա՝ դա կարող էր հանգիստ արվել մրցութային կարգով: Նա նաև նշեց. «Մյուս խնդիրը գնումների ընթացակարգի սահմանափակ լինելն է: Մեկ այլ խնդիր է սև ցուցակի հարցը: Մեր օրենսդրությամբ ավտոմատ կերպով մասնակիցն ընկնում է սև ցուցակի մեջ, զրկվում գնումների ընթացակարգերին մասնակցելուց: ԵՄ երկրներում ամեն առանձին դեպքում վարույթ է սկսվում՝ պարզելու պե՞տք է ներառել սև ցուցակ, թե՞ ոչ: Սա վանում է տնտեսվարողներին գնումների մասնակցելուց: Պատճառը նաև դա է, որ հաճախ տեսնում ենք՝ ընդհանուր մասնակիցների թիվը մեծ չէ: Մեկ այլ խնդիր է պետգնումների առանձին ռազմավարության բացակայությունը: Էլեկտրոնային գնումների համակարգը բավականին առաջ է գնացել, բայց բաց տվյալների խնդիրը մինչև վերջ լուծված չէ»:
Կարդացեք նաև
ԹԻՀԿ ծրագրի ղեկավարը նաև անդրադարձավ բողոքարկման համակարգին: ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված փոփոխությունները նրա համար ընդունելի չեն: Վարուժան Հոկտանյանը պարզաբանեց. «Մեր կարծիքով՝ դա ճիշտ որոշում չէ: Ճիշտ կլիներ, որ արտադատական համակարգ լիներ: Հաշվի առնելով մեր դատարանների ծանրաբեռնվածությունը՝ դա կարող է բավականին լուրջ խնդիրների բերել, և շատերը հրաժարվեն բողոքարկելուց, քանի որ առաջ կարող էին արտադատական համակարգով բողոքարկել: Մենք կնախընտրեինք այդ համակարգը բարեփոխելը, քան ընդհանրապես դրանից հրաժարվելը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի