ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 8-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քննարկել են ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը:
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել:
Տեղի ունեցած քվեարկությունների արդյունքում խորհրդարանն այնուհետեւ ընդունել է նախորդ օրը քննարկված օրինագծերը:
Հաջորդիվ խորհրդարանը վերսկսել է «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը:
Կարդացեք նաև
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է լրամշակված նախագիծը: Ըստ այդմ` բյուջեի եկամուտները 2022 թվականին կկազմեն 1 տրիլիոն 947,8 մլրդ դրամ, ծախսերը` 2 տրիլիոն 184 մլրդ դրամ, իսկ պակասուրդը` 236, 2 մլրդ դրամ: Բացի նշված ծախսերից, առաջնահերթությունների հավելվածում ներառված են 85 մլրդ 556 մլն դրամի չափով լրացուցիչ միջոցառումներ, որոնք կարող են իրականացվել, եթե բյուջեի եկամուտները գերազանցեն նախատեսված չափը կամ նախատեսված ծախսային միջոցառումների մի մասն իրականացվի պակաս արժեքով:
Նախարարը ներկայացրել է նախագծի եկամտային եւ ծախսային հատվածներում կատարված փոփոխությունները` հավելելով, որ դրանց արդյունքում պակասուրդը նվազել է 6 մլրդ 736,3 մլն դրամ չափով:
«2022 թվականի պետական բյուջեի նախագիծը ձեւավորվել է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրին համահունչ` հատուկ կարեւորելով անվտանգային հարցերի, կրթական համակարգերի, ներառական եւ որակյալ ենթակառուցվածքների զարգացման հարցերի լուծումը: Այս խնդիրների լուծումը հիմքեր պետք է ստեղծի բարձր տնտեսական աճի զարգացման համար»,-նշել է Տիգրան Խաչատրյանը: Նա շեշտել է, որ գալիք տարվա պետական բյուջեն ձեւավորվել է բարդ ժամանակահատվածում, երբ դեռ հաղթահարված չեն 2020 թվականին արձանագրված կորոնավիրուսային համավարակի եւ պատերազմի անվտանգային, սոցիալական եւ տնտեսական հետեւանքները: «Չնայած դրան` մեզ հաջողվել է կառավարել այն հիմքերը, որոնք կարող էին խոչընդոտել հետագա տնտեսական զարգացմանը»,- ընդգծել է նա եւ հավելել, որ Կառավարությանը հաջողվել է պահպանել մակրոտնտեսական կայունությունը, ինչի շնորհիվ 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է տնտեսական վերականգնման աճի բարձր` 5 տոկոս չափով տեմպ:
Կառավարության գնահատմամբ` տնտեսական աճի բարձր ցուցանիշը կպահպանվի մինչեւ տարեվերջ եւ հուսալի հիմք կդառնա 2022 թվականի համար ծրագրված տնտեսական աճի համար: Կառավարությունն ակնկալում է գալիք տարում արձանագրել 7 տոկոս տնտեսական աճ: Կապիտալ ծախսերի համար կհատկացվի 352 մլրդ դրամ կամ համախառն ներքին արդյունքի 4,5 տոկոսը: Նշվածից բացի, համայնքներին կհատկացվեն մոտ 18,4 մլրդ դրամի չափով կապիտալ նշանակության սուբվենցիաներ` համայնքային նշանակության ենթակառուցվածքների համաֆինանսավորման նպատակով եւ այլն:
Նախագծի ներկայացումից հետո նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին:
ԱԺ