Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասել եմ ծեծկռտուքի պահին, որ աղմուկ էր, մոտեցել եմ, մի տղա էր, իրեն ընդամենը գրկել եմ, տարել եմ այն դուռը, որտեղ դուք էիք, ասել եմ՝ եղբայր, շուտ գնա». Սիսակ Գաբրիելյան

Դեկտեմբեր 08,2021 15:08

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ ԱԺ շենքում ծեծկռտուք էր եղել, ՀՅԴ-ական պատգամավորների օգնականներին կանչել էին Ռուբինյանի աշխատասենյակ, դրան հաջորդել էր նախագահի ու փոխնախագահների աշխատասենյակների հարկաբաժնի միջանցքում ծեծկռտուքն ու հայհոյանքները:

ՔՊ պատգամավորներից միջադեպին մասնակցում էին Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը եւ այլք: Վերջինս այսօր լրագրողների հետ զրույցում պարզաբանումներ ներկայացրեց. «Ես հասել եմ այն պահին, կարծես դուք էլ էիք այդ պահին հասել: Ես չեմ հիշում՝ ՀՅԴ-ական երիտասարդնե՞րն էին միայն, թե՞ ոչ, ես իրենց անձամբ իմ ձեռքը մեկնել եմ, ջանով-ջիգյարով ասել եմ՝ տղերք ջան, գնացեք, ոչ մի խնդիր չկա: Ճիշտն ասած, մի քիչ վատառողջ էի, գնում էի, որ ԱԺ նախագահին ասեի՝ եթե քվեարկություն չկա, կարող եմ տուն գնալ, թե չէ: Հասել եմ այն պահին, որ աղմուկ էի լսում, մոտեցել եմ, մի տղա էր, իրեն ընդամենը գրկել եմ, տարել եմ այն դուռը, որտեղ դուք էիք, ասել եմ՝ եղբայր, շուտ գնա»:

Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ տհաճ միջադեպ էր դա, որը դատապարտում է, բայց մամուլից է տեղեկացել, որ ինքն է եղել ծեծողներից մեկը: Գաբրիելյանը փորձեց միջադեպը ներկայացնել կենցաղային. «Կարող է պատահաբար դուք իմ ոտքը տրորեք, կամ ես՝ ձեր, լինի երկու-երեք րոպե խոսակցություն, հետո ասենք՝ կներես ու գնանք»:

Հարցին՝ չե՞ն պատրաստվում պատգամավորների վարքագծի հետ կապված էթիկայի հանձնաժողով ստեղծել ու քննել, որ այսպիսի միջադեպերը չկրկնվեն՝ Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց, որ չի քննարկվել այդ հարցը, բայց էթիկայի հանձնաժողովը չի կարող քննել օգնականների միջեւ ծագած վեճը: Այսինքն, անտեսում է, որ ծեծկռտուքին մասնակից են եղել պատգամավորներ:

Մեր հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ ԱԺ-ում այս էլ որերորդ միջադեպն է, երբ նման ծեծկռտուք է լինում, միշտ նույն «հերոսներն» են մասնակիցները՝ Վահագն Ալեքսանյանը, Հրաչյա Հակոբյանը, Մաթեւոս Ասատրյանը, իրենք ձեր խմբակցության տաքգլուխնե՞րն են, հերոսնե՞րն են, «չարաճճիներն» են՝ Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց. «Նախորդ միջադեպի ժամանակ չկային իրենք: Չգիտեմ ինչու է այդպես, բայց լավ չի, որ այդպես է, ուրեմն պետք է ձեր նշած մարդկանց հետ ավելի շատ փորձենք խոսել, հասկանանք: Գուցե իրենց գործունեությամբ է պայմանավորված, որ իրենք են թիրախում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031