Լրահոս
Օրվա լրահոսը

20 000 դրամ էր դրել պարեկի գրպանը. մեղադրանք է առաջադրվել ոստիկանության ծառայողներին կաշառք տված քաղաքացիներին

Դեկտեմբեր 08,2021 15:04

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործերի նախաքննությամբ բացահայտվել են քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու և տալու դեպքեր:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ 2021թ.  նոյեմբերի 12-ին ՀՀ ոստիկանության պարեկը Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում կանգնեցրել է չամրակապված և ոչ սթափ վիճակում երթևեկող Ստյոպա Կիրակոսյանի ավտոմեքենան: Վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան արձանագրություններ չկազմելու նպատակով Ս. Կիրակոսյանը մի քանի անգամ պարեկին որպես կաշառք առաջարկել է գումար, սակայն վերջինս մերժել է վարորդի առաջարկը` քանիցս զգուշացնելով, որ ոստիկանության աշխատակցին կաշառք առաջարկելը քրեորեն պատժելի արարք է: Ս. Կիրակոսյանը, սակայն, շարունակել է պնդել իր առաջարկը, որից հետո կաշառք առաջարկելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին:

ՀՀ ոստիկանության աշխատակցին կաշառք տալու փաստով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված մյուս քրեական գործով հիմնավորվել է, որ Գեղամ Նազարյանը կաշառք է տվել ՀՀ ոստիկանության պարեկին, սակայն վերջինս հրաժարվել է այն վերցնելուց և իր ծառայակցի հետ բերման է ենթարկել Գ. Նազարյանին:

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ 2021 թվականի նոյեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության պարեկները Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում ավտոմեքենայի դիմապակին թաղանթապատված վիճակում վարելու համար կանգնեցրել են Գեղամ Նազարյանի վարած տրանսպորտային միջոցը: Ստուգման արդյունքում տեսուչները պարզել են նաև, որ Գ. Նազարյանն ավտոմեքենան վարել է առանց սահմանված կարգով տեխնիկական զննություն անցնելու և ԱՊՊԱ պայմանագրի: Վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան արձանագրություններ չկազմելու համար Գ. Նազարյանը 20 000 ՀՀ դրամ է դրել պարեկի գրպանը, որից հետո, սակայն, բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ստյոպա Կիրակոսյանին և Գեղամ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով:

Երկու մեղադրյալների վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատախազին` դրանք հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Հիշեցնում ենք, որ կաշառք տալը /առաջարկելը/, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 312 հոդվածի, նույնպես համարվում է քրեորեն հետապնդելի արարք, ուստի հորդորում ենք զերծ մնալ նման արարքներ կատարելուց և դրսևորել իրավաչափ վարքագիծ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031