Ինչպես տեղեկացրել ենք, այսօր վաղ առավոտից գերիների, անհետ կորածների հարազատները ԱԺ շենքի մուտքի մոտ բողոքի ցույց են անում: ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ միջադեպ եղավ, որին ավելի ուշ միջամտեց նաեւ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
Հիշեցնենք, որ նրանք երեկ փակել էին Հանրապետության հրապարակին կից փողոցները: Ծնողներին վրդովվեցրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը: Համացանցում աղմկահարույց տեսանյութ էր տարածվել, որտեղ Ալեն Սիմոնյանը միջոցառումներից մեկի ժամանակ մի քաղաքացու հետ խոսում է գերիների թեմայով. «Էդ գերիների, էդ մարդկանց, զինվորների նպատակը ո՞րն է եղել, որ գնացել են…Հայրենիքը։ Հիմա կներես, կարող է մի քիչ սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրենք չկան, իմ համար չկան։ Իսրայելը, երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում, ինքը խփում է էդ ինքնաթիռը։ Իսկ գիտե՞ք էդ գերիները ովքեր են, էն մարդիկ են, որոնք զենքը դրել եւ փախել եւ մոլորվել են։ Ես սա բարձր չեմ կարող ասել։ Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ինչի էդ գերիների ծնողները հիմա ակտիվ չեն։ Որովհետեւ էդ մարդիկ գիտեն, որ էդ մարդիկ դասալքություն են արել, իրենք զենքը դրել եւ փախել են, հայտնվել են գերության մեջ»:
Կարդացեք նաև
Աղազարյանին գերիների հարազատները դիտողություն արեցին, որ առանց բարեւելու մտնում էր ԱԺ շենք: Արսենյանը վստահեցրեց, որ Աղազարյանը բարեւել է, ուղղակի չեն լսել ու եթե բան ունեն խոսելու, կարող են առանձին հանդիպել, խոսել: Ծնողները արձագանքեցին. «Ազգային տականքի հետ բան չունենք խոսելու»:
Երբ Արսենյանը պատասխանեց, որ գերիների հարցը մասնագիտական է. «Ե՞րբ մենք դառանք ազգային տականք», ցուցարարները պատասխանեցին՝ հիմա Ալեն Սիմոնյանը մասնագե՞տն էր ու մասնագիտակա՞ն կարծիք է հայտնել: Արսենյանի խոսքով՝ հասկանալի է, որ հարազատ են կորցրել ու երբ էմոցիաներ են արտահայտում, հասկանալի է. «Բայց մեծ երկիր է, էլի, մեծ երկրում տարբեր բաներ կան, տղերք ջան: Երկիրը վտանգի տակ է ու այդ վտանգը ստեղծվել է այն մյուս կողմում, էլի, մեր կողմում չի ստեղծվել: Ուզում եմ հասկանաք, այնպես անենք, որն չավելանա այն մարդկանց թիվը, որոնք էլի հարազատ են կորցրել, մենք չենք ուզում այդ թիվն ավելանա: Մենք մեր զգուշավոր գործողություններում չենք ուզում ավելանա նրանց թիվը: Մենք, որպես պետական պաշտոնյա, չենք կարող գերիներից հրաժարվել, մոռացե՛ք: Մեր գերիները մարդիկ են, ովքեր գերեվարվել են այն գործողությունների հետեւանքով, որն արել է պետությունը»:
Արսենյանն ասաց, որ եթե կառավարությունը չի անում իր պարտականությունը, դա տեղափոխվում է ուրիշի դաշտ, դա պարտիզանություն է:
Գուրգեն Արսենյանը խոստացավ, որ Ալեն Սիմոնյանին կտեղեկացնի, որ նրա հետ հանդիպման կարիք կա:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ