ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը մտահոգություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ Ադրբեջանի ընտրվելու կապակցությամբ:
«Ադրբեջանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ ընտրվելու իրողությունն ինքնին խորը մտահոգությունների և անվստահության մթնոլորտ ձևավորելու հիմնավոր պատճառ դարձավ համամարդկային մշակութային ժառանգության պահպանման առաքելությամբ կյանքի կոչված միջազգային հիշյալ կազմակերպության նկատմամբ:
Հատկապես վերջին տասնամյակներում Ադրբեջանի կողմից հայատյացության խորապատկերի ներքո հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացրած բացահայտ վանդալիզմի քաղաքականության մասին փաստարկները բազմիցս ներկայացվել են միջազգային ամենատարբեր հարթակներում: Սակայն արդյունքում այդ պետությունը ոչ միայն պատասխանատվության չի ենթարկվել, այլև շարունակել ու միանգամայն ագրեսիվ քաղաքականություն է որդեգրել հատկապես 2020թ. սեպտեմբերին իր իսկ կողմից սանձազերծված պատերազմի թե ընթացքում և թե պատերազմից հետո՝ նախաձեռնելով ու ոչնչացնելով Արցախի Հանրապետության իր կողմից բռնազավթված տարածքներում առկա, բացառապես հայկական ծագման, բազմահազար պատմամշակութային տարաբնույթ հուշարձանները:
Հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից երկու անգամ հրթիռակոծվեց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին: Պատերազմի ավարտից հետո պայթեցվեց Ղարաբաղցոց Ս.Ամենափկիչ եկեղեցին, շարունակվող վանդալիզմի զոհ դարձան մշակութային բազմաթիվ հաստատություններ, ինչի մասին փաստում են իրենց իսկ կողմից համացանցում տեղադրված տեսանյութերն ու լուսանկարները: Իսկ ներկա ժամանակներում Ադրբեջանում հայատյացության խորապատկերի վրա երկրի նախագահի մակարդակով հայկական հուշարձանների ոչնչացման, հուշարձաններից հայատառ գրությունների վերացման մասին հրահանգները լուրջ ապացույցներ են այն մասին, որ այդ երկիրը շարունակում է մնալ որպես համամարդկային քաղաքակրթության թշնամի:
Կարդացեք նաև
Թվում է միջազգային կառույցների կողմից այդ ամենի նկատմամբ արձագանքները պետք է լինեին համարժեք, սակայն, տարաբախտաբար, ականատես ենք լինում միանգամայն հակառակ վերաբերմունքին»,- նշել է նախարարը:
Ապառաժ