Այսօր վաղ առավոտից գերիների, անհետ կորածների հարազատները ԱԺ շենքի մուտքի մոտ բողոքի ցույց են անում:
Հիշեցնենք, որ նրանք երեկ փակել էին Հանրապետության հրապարակին կից փողոցները: Ծնողներին վրդովվեցրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը: Համացանցում աղմկահարույց տեսանյութ էր տարածվել, որտեղ Ալեն Սիմոնյանը միջոցառումներից մեկի ժամանակ մի քաղաքացու հետ խոսում է գերիների թեմայով. «Էդ գերիների, էդ մարդկանց, զինվորների նպատակը ո՞րն է եղել, որ գնացել են…Հայրենիքը։ Հիմա կներես, կարող է մի քիչ սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրենք չկան, իմ համար չկան։ Իսրայելը, երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում, ինքը խփում է էդ ինքնաթիռը։ Իսկ գիտե՞ք էդ գերիները ովքեր են, էն մարդիկ են, որոնք զենքը դրել եւ փախել եւ մոլորվել են։ Ես սա բարձր չեմ կարող ասել։ Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ինչի էդ գերիների ծնողները հիմա ակտիվ չեն։ Որովհետեւ էդ մարդիկ գիտեն, որ էդ մարդիկ դասալքություն են արել, իրենք զենքը դրել եւ փախել են, հայտնվել են գերության մեջ»:
Կարդացեք նաև
ԱԺ-ի մոտ գերիների հարազատներին հիմնականում լսում էին ընդդիմադիրները:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին նրանք հորդորում էին, որ եթե ԱԺ-ում հանդիպեն Ալեն Սիմոնյանին, նրան այդտեղից «լարեն». «Չէ՝ մենք կմտնենք կլարենք: Ինքը մեսիջ է անում Ալիեւին, ասում է՝ կարաս «ռասկուլաչի՞տ» անես, իմ երեխո՞ւն խփելու որպես պատվիրատո՞ւ է կանգնում»:
Արծվիկ Մինասյանն ասաց, որ փորձում են 10-15 ոգի հարազատներից հրավիրել ԱԺ ու լսումներ կազմակերպել. «Ուզում էինք բաց անել, ասում են՝ անվտանգության հարցեր կան: Հա լավ, մի 10-15 հարազատ չգա՞: Կանչել եք Քննչական բանի պատասխանատուին, ինչի՞ է պետք»: Արծվիկ Մինասյանն ասաց, որ միանշանակ, քննարկում պետք է տեղի ունենա ու իրենք բոլոր հարցերի պատասխանը պետք է տան ծնողներին:
Արամ Վարդեւանյանը հարազատներին խոստացավ, որ Ալեն Սիմոնյանի հրաժարականի հարցով զբաղվում են: Ցուցարարները արձագանքեցին. «Շուտ գրեք, եթե չեք կարողանում, մենք ձեր հետ ենք: Մտնում ենք, լեն չափալախով հանում ենք դուրս, մերը այդպես է: Էլ ներվ չկա: Մարդու տղեն զակազ է տալիս, ասում է՝ սպանիր իմ երեխուն»:
Այդ ընթացքում հապճեպ քայլերով ԱԺ էր ուզում մտնել ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը: Ծնողները հետեւից բղավեցին. «Բարեւ, պարոն Աղազարյան, մեկ-մեկ բարեւ էլ տուր, թե՞ դրան էլ արժանի չենք»: Աղազարյանը փորձեց արդարանալ, թե՝ «բարեւեցի, զբաղված էիք»: Հետո բորբոքվեց ու սկսեց ծնողներին կշտամբել. «Ահասարսուռ տեսք ես ընդունել որ ի՞նչ, վախենա՞նք»: Ծնողներն ասացին, որ շատ հարցեր ունեն տալու իր արտահայտությունների համար: «Տուր, պատասխանն էլ կստանաս համապատասխան»,- ասաց Աղազարյանը:
Ծնողները վրդովված էին. «Տնաշեններ, ոնց որ թուրքի ծառա լինեք, ձեր յուրդը չբլի»: Աղազարյանը վրդովվեց. «Չափդ ճանաչի՛, թուրքի ծառան դո՛ւ ես»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ