Տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունը կապ չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացի հետ: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Մենք ելնում ենք երեք երկրների առաջնորդների Սոչիի հայտարարությունից, որի համաձայն պայմանավորվել ենք ձեռնարկել քայլեր՝ հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը հասցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծմանը՝ հետագայում սահմանագծման պայմանով՝ ՌԴ խորհրդատվական աջակցությամբ: Սակայն այդ հարցը որևէ կերպ փոխկապակցված չէ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացման հետ»,- ասել է նա:
Գրիգորյանը նաև հավելել է, որ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ստեղծվել է փորձագիտական ենթախումբ, որը զբաղվում է սահմանների բացման դեպքում փոխադրումների ապահովման հարցերի մշակմամբ: «Այդ հարցերի վերջնական կարգորոշման վերաբերյալ քննարկումներ դեռ չեն եղել»,- ասել է Մհեր Գրիգորյանը:
Հայաստանի փոխվարչապետը նշել է, որ Ադրբեջանի հայտարարությունը՝ ենթադրյալ «Զանգեզուրի միջանցքի» մասին, անսպասելի էր հայկական կողմի համար, սակայն Երևանը հույս ունի, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի աշխատանքը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ կշարունակվեն այն հիմնարար սկզբունքների հիման վրա, որոնք արդեն համաձայնեցվել են:
Կարդացեք նաև
«Պաշտոնական Բաքվի վերջին հայտարարությունն անսպասելի էր մեզ համար: Ենթադրվում էր, որ առաջիկա օրերին մենք կշարունակենք աշխատանքը: Հույս ունեմ, որ իրավիճակը կվերադառնա կառուցողական հուն, և մենք կշարունակենք աշխատանքը այն հիմնարար սկզբունքների հիման վրա, որոնք արդեն համաձայնեցված են»,- ասել է Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ «աշխատանքային խմբի բոլոր նիստերը մինչ այժմ անցկացվել են կառուցողական երկխոսության ձևաչափով»:
Մհեր Գրիգորյանը նաև նշել է, որ աշխատանքային խմբի շրջանակում «կողմերն ունեցել են փոխըմբռնում երկաթուղային ենթակառուցվածքների ապաշրջափակման և վերականգնման հարցերում»: «Եղել է նաև ըմբռնում առ այն, որ ճանապարհների վրա ինքնիշխանությունը կպահպանվի այն երկրների վրա, որոնց տարածքով դրանք կանցնեն, և այդ ճանապարհներն, իրենց հերթին, կլինեն այն երկրի ենթադատության տակ, որով անցնում են: Մնացած հարցերի շուրջ եղել են որոշ նրբերանգներ»,- ընդգծել է փոխվարչապետը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ