Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը հերթական յուրօրինակ ներկայացումն է բեմադրել՝ «Արքան հրապարակում» երաժշտադրամատիկական ֆանտազիան ըստ Ալեքսանդր Բլոկի համանուն ստեղծագործության, որը թարգմանել է Գագիկ Դավթյանը: Կարծրատիպերից դուրս, փորձարարական այս ներկայացման առաջնախաղը կայացավ դեկտեմբերի 7-ին՝ «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում:
Կոմպոզիտորը Վաչե Շարաֆյանն է, որի ինքնատիպ երաժշտությունը հրաշալիորեն ներդաշնակված է բեմադրության հետ:
Ռեժիսորը, որ մի անգամ արդեն բեմադրել է նույն գործն ուսանողների հետ՝ իբրեւ դիպլոմային աշխատանք, կարծում է, որ այն այսօր չափից ավելի արդիական է. «100 տարուց ավելի է անցել, ինչ գրվել է, բայց երբ կարդում ես՝ ապշում ես, թե ինչպես է ժամանակը կրկնվում… Բոլոր մտորումները նույնն են՝ մտավորական-պետություն, մտավորական-իշխանություն, մտավորական-ամբոխ…Հավերժական թեմաներ…Ինձ նույնիսկ մի պահ թվաց, թե նոր է գրվում այս գործը եւ հենց Հայաստանում է գրվում»:
Կարդացեք նաև
Հակոբ Ղազանչյանն ընդգծում է, որ ձեռնպահ է մնում պլակատային գործեր ընտրելուց, որտեղ ուղղակիորեն ինչ-որ բան է ասվում, նույն սկզբունքով էլ ընտրել է «Արքան հրապարակում» ստեղծագործությունը, որը ռեժիսորի ձեւակերպմամբ, միայն այս պահի գործ չէ, արդիական կլինի նույնիսկ մի հարյուր տարի հետո, քանի որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի:
«Ցավոք սրտի, ինձ թվում է, որ անընդհատ այս կարուսելով անցնելու ենք… Ես այն սերնդի ներկայացուցիչներից եմ, որ նման բաներ արդեն մի 3-4 անգամ տեսել է… Մենք էլ այսօր չգիտենք, թե ինչ է լինելու, ես անձամբ չգիտեմ, թե վաղն ինչ է լինելու, մեկ ամիս հետո ինչ է լինելու… Իհարկե հույս կա, որ մի լավ բան կլինի, ինչպես ներկայացման մեջ է ասվում՝ նավերը դեռ կգան: Այդ հույսը կա, բայց նաեւ մի մեծ կասկած ու տարակուսանք կա այդ ամեն ինչի տակ… Տեսաք՝ պոետն ինչ դարձավ, ինչի վերածվեց… Ամեն դեպքում, արտագաղթի մասին չարժե խոսել, ինչ էլ լինի, ես այս հող ու ջրի, այս երկրի մարդ եմ»,-ասում է ռեժիսորը:
Հակոբ Ղազանչյանը տեղեկացրեց, որ ներկայացման բոլոր գլխավոր դերակատարները պրոֆեսիոնալ երգիչներ են, ինչի շնորհիվ ներկայացումը հաջողված է, հնչող արիաներն ու դուետները մի ուրիշ հմայք են հաղորդում բեմադրությանը:
Ինչպես արդեն նշեցինք, «Արքան հրապարակում» ներկայացումը հետաքրքիր էր եւ լուծումների, եւ դերասանների ընտրության, եւ երաժշտության առումով, սակայն Հակոբ Ղազանչյանը հակված չէ մտածելու, թե ամեն ինչ կատարյալ է: Ասում է՝ չի հասկանում այն մարդկանց, որոնք կարծում են, թե 100 տոկոսանոց գլուխգործոցներ են ստեղծում, իր ներկայացնումն էլ ամեն անգամ խաղալուց հետո շտկումներ է ունենալու:
«Ընդհանրապես թերություն տեսնելն ինքնազարգացման ձեւ է… Ռուսթավելի թատրոնում մի անգամ բեմադրություն էի անում, դրանից առաջ Ստուրուան փորձ էր անում, Համլետն էր …Գլխավոր դերակատարին՝ Զազային հարցրի, սա Համլետի չորրո՞րդ տարբերակն է…Ասաց՝ Հակոբ, հարգելիս, մեզ մոտ ամեն փորձը նոր տարբերակ է, շուտով նա ամեն ինչ ոտքից գլուխ նորից կփոխի…»,-Ռոբերտ Ստուրուայի օրինակը բերելով՝ ասաց մեր զրուցակիցը: Հակոբ Ղազանչյանը նշեց, որ նրանից շատ բան է սովորել այդ առումով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ