«Գերասիմը մեղավոր չի, մեղավոր են իր շեֆերը, իր քաղաքական հայրերը՝ այստեղ իրեն բերելու համար: Ես ունեմ տեղեկություն, որ նա անցնում է Արարատ Միրզոյանի դեմ մահափորձ կատարելու դեմ քրեական գործով, եւս մեկ քրեական գործով եւ այդ մարդուն բերել ԱԺ, տալ աշխատա՞նք»,- այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին՝ ասել էր ՔՊ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում ՔՊ պատգամավորների ու ընդդիմադիր պատգամավորների օգնականների մասնակցությամբ ծեծկռտուք էր եղել: ՀՅԴ-ական պատգամավորների օգնականներին կանչել էին Ռուբինյանի աշխատասենյակ, դրան հաջորդել էր նախագահի ու փոխնախագահների աշխատասենյակների հարկաբաժնի միջանցքում ծեծկռտուքն ու հայհոյանքները:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը Գերասիմ Վարդանյանի մասին Հրաչյա Հակոբյանի խոսքերը ցնորամիտ որակեց. «Գերասիմ Վարդանյանի նկատմամբ հարուցված կեղծ քրեական գործեր կան, ինչպես մեր խմբակցության բազմաթիվ պատգամավորների նկատմամբ, ու Գերասիմ Վարդանյանը որեւէ ձեւով որպես մեղադրյալ չի անցնում ԱԺ նախագահի սպանության փորձ կազմակերպելու գործով: Սա հիմարության գագաթնակետն է ու այդ անձնավորությունը չի էլ հասկանում, թե ինչ է խոսում»:
Կարդացեք նաև
Ըստ Արծվիկ Մինասյանի, սա ակնհայտ սարքված շոու էր ընդդեմ Գերասիմ Վարդանյանի, որովհետեւ նա հայրենիքի պաշտպաններից է, իսկ ՔՊ-ականները նրանից փորձում են կերտել հանցավոր տարրի կերպար. «Գերասիմ Վարդանյանը հանդիսանում է նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու: Այն, ինչ երեկ իրենք արեցին այստեղ՝ կապված նաեւ գերիների նկատմամբ վերաբերմունքի, արտաքին հարաբերություններում տիրող աննորմալ վիճակից հանրության ուշադրությունը շեղելու…իրենք հասկանում են, որ մեր երկրի առջեւ ծառացած այդ հարցերը պատասխան են պահանջում: Շեղելու համար, իմ խորին համոզմամբ, իրենք ստեղծեցին այս զազրելի պահվածքը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ