«Հաշվի առնելով գերիների հարազատների պահանջմունքն ու վրդովմունքը՝ առաջարկում ենք կոնսենսուսով որոշում կայացնել եւ կառավարության հետ հարցուպատասխանից հետո այսօր անցկացնել լսում»,-խորհրդարանի լիագումար նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ նկատի ունենալով երեկվանից գերիների հարազատների շարունակական բողոքի ցույցերը։
«Առաջարկում ենք հրավիրել Նիկոլ Փաշինյանին, ԱԱԾ տնօրենին, ՊՆ-ին, հարազատներին՝ այս դահլիճում հարցերին պատասխաններ տալու համար։ Սա կարեւոր է, որովհետեւ քաղաքացիների հնչեցրած հարցերը հավանաբար ձեզ էլ են հասել։ Իրական հնարավորություն է՝ այստեղ բոլոր հարցերին պատասխաններ տալու համար»,-դիմելով իշխանությանը՝ ասաց Արծվիկ Մինասյանը։
Հատկանշական է, որ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը որեւէ կերպ չարձագանքեց առաջարկին։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ համացանցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ հայտնված տեսանյութում նա այդ թվում ասում է․ «Էդ գերիների, էդ մարդկանց, զինվորների նպատակը ո՞րն է եղել, որ գնացել են…Հայրենիքը։ Հիմա կներես, կարող է մի քիչ սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրենք չկան, իմ համար չկան։ Իսրայելը, երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում, ինքը խփում է էդ ինքնաթիռը։ Իսկ գիտե՞ք էդ գերիները ովքեր են, էն մարդիկ են, որոնք զենքը դրել եւ փախել եւ մոլորվել են։ Ես սա բարձր չեմ կարող ասել։ Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ինչի էդ գերիների ծնողները հիմա ակտիվ չեն։ Որովհետեւ էդ մարդիկ գիտեն, որ էդ մարդիկ դասալքություն են արել, իրենք զենքը դրել եւ փախել են, հայտնվել են գերության մեջ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ