«Երեկ ԱԺ շենքում տեղի է ունեցել հերթական խմբակային խուլիգանությունը։ Հերթական անգամ իշխանական պատգամավորների նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ փորձել են երեք հոգու հետ հաշիվ պարզել։ Տմարդի, ճղճիմ ձեւով հրավիրել են սեղանի շուրջ զրուցելու եւ մի քանի տասնյակ մարդկանցով հարձակվել»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով երեկ խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքին՝ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա դիմեց իշխանությանը եւ ԱԺ-ում անվտանգություն ապահովողներին․ «Իրեն կրավորական է պահել այս շենքում իբրեւ անվտանգություն ապահովող ՊՊԾ-ն։ Սա հուշում է , որ խուլիգանությունը հերթական անգամ եղել է ծրագրված եւ այս շենքից կազմակերպված։ Եթե իշխող ուժն ուզում է խուլիգանապետություն կառուցել, ապա ճիշտ ճանապարհին է։ Եթե ուզում է շեղել հանրության ուշադրությունը Սյունիքի միջանցքի թեմայից, գերիների մասին խայտառակ հայտարարություններից, բյուջետային միջոցների մսխումից եւ Արցախի թեմայով ՀՀ ղեկավարությանն ուղղված ՌԴ-ի ապտակից, ապա սխալվում է։ Այս դեպքը չի մոռացվելու։ Սպասում ենք իշխանության արձագանքին»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ