Լրահոս
Օրվա լրահոսը

Այսքանից հետո ինչպե՞ս կարելի է խաղաղության հույս պահել

Դեկտեմբեր 08,2021 14:00

Որպեսզի խոսենք մեր իրական հույսերի մասին, պետք է ներկայացնենք այն իրավիճակը, որում այսօր հայտնվել ենք եւ այն միջոցները, որոնց շնորհիվ կարող ենք լավագույնս՝ քիչ կորուստներով դուրս գալ ստեղծված իրավիճակից: Ունենք պարտված պատերազմ, Արցախի տարածքի 75 տոկոսից ավելիի կորուստ, Հայաստանից գրաված բավականին ստրատեգիական տարածքներ, մի քանի հազար զոհեր, անհայտ կորածներ, վիրավորներ, գերիներ, մշտապես թշնամու կրակի տակ պահվող՝ դեռեւս Արցախին պատկանող եւ Հայաստանի մի շարք տարածքներ:

Նոյեմբերի 9-ի հրադադարի եւ հունվարի 11-ի պայմանավորվածությունները, որպես այդպիսիք, չեն գործում: Երկու կողմերի միջեւ դեռեւս շարունակվում են անպտուղ՝ իբր համագործակցային հանդիպումները, որոնց որոշումները լրիվ զրոյական արդյունք ունեն: Սոչիի եռակողմ հանդիպումից հետո հիմնականում բարձրաձայնվում են սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների մասին անելիքների ի կատար ածման շտապ անհրաժեշտությունը: Սա ստեղծված վիճակի հակիրճ նկարագրությունն է: Ասվածը պարզորոշ խոսում է նրա մասին, որ այս պահին մենք նշված բոլոր ուղղություններով լիովին պարտված ենք եւ փորձենք հասկանալ, արդյո՞ք կան հնարավորություններ, որ մենք մի կերպ փրկվենք նմանատիպ իրավիճակի շարունակությունից: Նախքան հնարավորությունների մասին խոսելը, հատուկ ընդգծենք, որ դրանցից ամենակարեւորն ու ամենաորոշիչը ժողովրդի եւ իշխանության վերաբերմունքն է ստեղծված իրավիճակին, ինչպես նաեւ նրանց կողմից սպասվելիք ենթադրյալ մոտեցումները: Թե իշխանության մոտեցումները որոնք են, տեղյակ չեմ, քանզի շատ քիչ բան է հայտնի, իսկ որ ժողովրդի մեծամասնությունը լրիվ անտարբեր մոտեցում ունի վերը նշված իրավիճակի նկատմամբ, դա ակնհայտ է, քանզի նրա համար միեւնույն է, թե ինչ տեղի ունեցավ, ավելին՝ ինչ կարող է տեղի ունենալ Արցախի եւ Հայաստանի հետ:

Ցավոք, Հայաստան երկրի ունեցածն այսօր սա է եւ պարտադրված՝ գոնե մինչեւ այսօր, մեր հույսը դրված է եղել նրանց վրա:
Չեմ կարծում, թե Հայաստանի այս իրավիճակում արժե հույս պահել որեւէ լավ բանի համար, սակայն, քանի որ հույսը վերջինն է մեռնում եւ հրաշքներ եւս կարող են լինել, ապա իմաստավորված է, փորձել ինչ-որ ելքեր գտնել ստեղծված իրավիճակի վեկտորը հօգուտ մեզ փոփոխության ենթարկելու եւ փրկվելու՝ երկիրն ու նրա պետականությունը վերջնականապես կորցնելու վտանգից: Այլ խոսքով, քանի որ պատերազմի սկզբից մինչ այժմ տեղի ունեցածը վկայում է, որ Հայաստանի ժողովրդի մեծամասնության համար չկան Արցախի եւ Հայաստանի խնդիր, ուստի հայրենասեր հայերի համար մնում է մի ելք՝ աղոթել Տիրոջը, որպեսզի գթա Հայաստանի ողջ ժողովրդին եւ ուժ տալով այդ նույն՝ ժողովրդի հայրենասեր հատվածին ու հույս դնելով նրա վրա, մի վերջին անգամ փորձի փրկել Հայաստան երկիրը եւ հայկական պետականությունը: Կորցրածն՝ արդեն կորցրել ենք, մնում է դրանցից ճիշտ դասեր քաղել եւ հետագա քայլերը ըստ այդմ կազմակերպել:

Փաստացի, հակամարտող կողմերի միջեւ հարաբերությունները հասել են մի հանգրվանի, որ «խաղաղ» գործընթացը թեւակոխում է սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների իրականացման փուլը, որը նույնպես մեծագույն բլեֆ է, քանզի այդ ո՞ր ժամանակաշրջանի քարտեզների հիման վրա պետք է իրականացվեն այդ աշխատանքները, որը կլինի հիմնավոր, արդարացի ու ճիշտ: Քանի որ կան տարբեր ժամանակներում կազմված տարբեր քարտեզներ ու փաստաթղթեր, որոնց մի մասը ձեռնտու է Հայաստանին, մյուս մասը՝ Ադրբեջանին, այդ դեպքում ուղղակի չի հասկացվում, թե նրանք ինչպե՞ս կարող են համաձայնության գալ, երբ նրանց համաձայնության գալու հիմքերը լրիվ հակադիր են՝ ընդհանրական ոչ մի կետ չկա: Եթե ավելի պարզորոշ ներկայացնենք ստեղծված իրավիճակը, ապա այն նման է «Կարապը, խեցգետինը եւ գայլաձուկը» առակում գոյություն ունեցող վիճակին, որը որեւէ լուծում չունի: Բնական է, որ այս իրավիճակում հաղթելու է նա, ով ավելի ուժեղ է: Իսկ պատերազմի սկզբից մինչեւ այժմ տեղի ունեցած իրադարձությունների արդյունքները պարզորոշ վկայում են, որ թշնամին շատ ավելի ուժեղ է, քան մենք եւ եթե սրան էլ ավելացնենք այն, որ այս ժամանակահատվածում թշնամին մշտապես ինչ ուզել է, Հայաստանը որպես խաղաղության ջատագով երկիր, մշտապես համաձայնել է նրա առաջարկությունների հետ, ապա վախենամ, որ նույնը կկրկնվի սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների ժամանակ…

Եթե այս ամենը կարելի է անվանել խաղաղություն, ապա կարող ենք համարել, որ մեզ հավերժորեն խաղաղություն է տրված, ուղղակի մնում է այն ճիշտ «վայելենք»: Միայն մեկ օրինակ. եթե նման կարգավիճակը վայելք է եւ խաղաղության արգասիք, ապա Ուկրաինան ինչո՞ւ է խախտում խաղաղությունը եւ հենց այսօր էլ Ռուսաստանից պահանջում է Ղրիմն ու մնացած գրավյալ տարածքները:
Մտածելու դեռ շատ բան կա:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
07.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031