Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ճանաչված խորեոգրաֆը ամեն ինչ անում է, որ իր «Մարդուկ-Ջարդուկը» օգնի մեր երեխաներին

Դեկտեմբեր 08,2021 13:30

Հարցազրույց Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ, բալետմայստեր Գեորգի Կովտունի հետ

– Պարոն Գեորգի Անատոլիի, առաջին անգամ եք Հայաստանում, սակայն ոչ միայն մեր բալետարվեստի եւ օպերային արվեստի մասնագետները, այլեւ երկրպագուներից շատերը առիթի դեպքում նշել են, որ ձեր ավելի քան կեսդարյա գործունեությունը պետք է գրանցվեր Գինեսի գրքում. իրականացրել եք ավելի քան 300 բալետային եւ օպերային ներկայացում, խորեոգրաֆիկ մանրապատումներ, մյուզիքլներ, օպերետներ։ Դուք վերջին շրջանում ազատ արվեստագետ եք, Երեւան եք ժամանել հավանաբար ձեր վերջին աշխատատեղի՝ Սանկտ Պետերբուրգի Միխայլովյան թատրոնի դասատու, փորձավար, բալետմայստեր Եվգենյա Կոստիլեւայի հետ եւ մեր թատրոնում ձեռնամուխ եք եղել Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը» («Շչելկունչիկ») բալետի բեմադրական աշխատանքներին։ Պրեմիերան նշանակված է դեկտեմբերի 23, 24, 25-ին եւ, մեր տեղեկություններով, այդ օրերի անշլագն արդեն ապահովված է։ Բայց «Մարդուկ-Ջարդուկի» մասին՝ պրեմիերայից հետո։

Ձեր գործունեությանը ծանոթանալով, տեղեկացանք, որ այն սկսել եք շատ երիտասարդ տարիքում եւ դրան զուգահեռ մշտապես զբաղեցրել պաշտոններ, օրինակ, կարիերայի սկզբում՝ «Էրգիրոն» չուկոտյան-էսկիմոսյան պարային անսամբլում գեղարվեստական ղեկավար ու գլխավոր բալետմայստեր, հետո՝ Օդեսայի խորեոգրաֆիկ մանրապատումների թատրոնում, Բուրյաթիայի օպերայի եւ բալետի, Մոսկվայի հրեական, Կիեւի մանուկների եւ պատանիների օպերայի եւ բալետի թատրոններում… մինչեւ Օմսկի երաժշտական ու Սանկտ Պետերբուրգի Մուսորգսկու անվան պետական ակադեմիական թատրոն…

Կազանում 2020թ. նշվել է Թաթարստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գեորգի Կովտունի ծննդյան 70-ամյակը

– Ընդամենը մեկ-երկուսը չնշեցիք։ Իհարկե, շնորհակալ եմ նման ուշադրության համար, բայց կարիերաս սկսել եմ որպես կրկեսի ակրոբատ։

– Ստացվում է՝ երիտասարդ տարիքից ձգտել եք պաշտոնի։ Մեզ հետ զրույցներում ճանաչված շատ արվեստագետներ հատուկ նշել են, որ ստեղծագործող մարդուն պաշտոնը ինչ-որ տեղ խանգարում է։

– Իմ դեպքում՝ ոչ, ընդհակառակը՝ օգնել է։ Եթե ուղիղ ասեմ՝ գեղարվեստական ղեկավարից կախյալ վիճակում չեմ եղել, ինչ մտահղացում ծագել է գլխումս՝ իրականացրել եմ։ Բայց դրա մյուս կողմն էլ կա. արդեն որպես ղեկավարի ես նաեւ պետք է ապահովեի արտիստների ոչ միայն բարձր աշխատավարձը, այլեւ լուծեի նրանց շատ հարցեր, օրինակ՝ բնակարանային։

– 300-ից ավելի բեմադրություններից առանձնացնենք Խաչատրյանի «Սպարտակը»։

– |Շուրջ 17 տարի առաջ բեմադրեցի «Սպարտակը» և պրեմիերային ներկայացումներին հրավիրեցինք հեղինակավոր թատրոնների ցանկալի հյուր Կարեն Դուրգարյանին: Այդ ժամանակից էլ սկսվել է մեր բարեկամությունը։ Եվ հենց իմ «Սպարտակի» համար Արամ Իլյիչի որդու՝ Կարեն Խաչատրյանի հետ ստեղծել ենք նաեւ երգչախմբի պարտիան։ Կարճ ասած՝ միայն բեմում 300 արտիստ է…

– Հավանաբար այս օրերին Երեւանում դուք դիտեցիք Յուրի Գրիգորովիչի «Սպարտակը»։

– Հարցը հասկանալի է, բայց թույլ տվեք զերծ մնալ կարծիք բարձրաձայնելուց։ Մի բան կարող եմ ասել. «Սպարտակը» առաջին հերթին արական ներկայացում է եւ ես միշտ կատակում եմ, թե «Սպարտակը» կարծես պատիժ լինի պարողների համար… Այնուամենայնիվ վերադառնամ Գրիգորովիչի «Սպարտակին»։ Այն առաջին անգամ դիտել եմ Մոսկվայում 1964թ. եւ արդարության դեմ չմեղանչելու համար նշեմ, թե այնքան էի տպավորված, որ ողջ գիշեր քայլել եմ Մոսկվայով՝ աչքիս առաջ վերարտադրելով տեսարաններ։ Իսկ այսօր արդեն տեսել եմ «Սպարտակի» բազմաթիվ բեմադրություններ, որոնք չես համեմատի միմյանց հետ։

Տեսեք, երբ երեխան ծնվում է, դու նրան բաց ես թողնում աշխարհ։ Հաճելի է դիտել նրա առաջին քայլերը եւ այլն, եւ այլն։ Բայց պատահում է, չէ՞, որ երեխան հիվանդանում է, տեղափոխում ես հիվանդանոց, ապաքինվելուց հետո հաջորդում է վերականգնման շրջան, երեխան դանդաղ սկսում է ոտքի կանգնել… Քանի դեռ նա հիվանդ էր, մկանները կարող էին ատրոֆիայի ենթարկվել։ Հետեւաբար բժիշկների խնդիրն է վերականգնել ոչ միայն դա, այլեւ օրգանիզմը բերել լիարժեք վիճակի։ Այդպես է նաեւ այն ներկայացումների դեպքում, հենց թեկուզ «Սպարտակի», որն ունեցել է մի շարք բեմադրիչներ։ Կան բեմադրություններ, որ չեն համապատասխանում իմ պատկերացրած «Սպարտակին»։ Մյուս կողմից էլ՝ աշխարհը չի կանգնում, աշխարհը շտապում է առաջ։ Այո, հասկանում եմ, որ պատկերացումները տարբեր են, ներկայացումները՝ տարբեր, նույնիսկ նույն արվեստագետը չի կարող նույն ստեղծագործությունը որոշ ժամանակ անց բացարձակ նույնկերպ բեմադրի…

– Հիմա գանք «Մարդուկ-Ջարդուկին»…

– «Շչելկունչիկը» բեմադրել եմ Ուկրաինայում, Ռումինիայում… Վստահ եմ, որ նախորդ պատասխաններից հասկանալի է, որ ես նույն բեմադրությունը մեկը մեկին չեմ կարող տեղափոխել Երեւանի թատրոն։ Հազար ու մի բան կա, հենց թեկուզ այն հանգամանքը, որ նոր-նոր ծանոթացա ձեր թատրոնի բալետային խմբի հետ, թեեւ ճանաչել եմ, բարձր գնահատել ու ընկերություն արել Մաքսիմ Մարտիրոսյանի, Վիլեն Գալստյանի հետ… Բայց շատ կուզեմ, որ ձեր երեխաները այսքանից հետո (նկատի ունի պատերազմն ու դրան հաջորդած ծանր ժամանակները) սիրեն այս բեմադրությունն այնպես, ինչպես իրենց նախընտրած մուլտֆիլմերը կամ հեքիաթները։ Այո, սիրեն այնպես, որ ուզենան կրկին ու կրկին դիտել եւ ծնողներին ստիպեն տանել թատրոն։

– Մաեստրո, ցանկացած երեխայի իր սիրելի մուլտֆիլմը կամ հեքիաթը նորից ու նորից դիտելուն եւ կարդալուն առաջին հերթին մղում է զարմանալու բնազդը…

– Իրավացի եք։ Դա միանշանակ է։ Հենց մենք՝ ես, Եվգենյա Կոստիլեւան եւ ներկայացման երաժշտական ղեկավար ու դիրիժոր Կարեն Դուրգարյանը ջանում ենք, որ բեմադրությունը այնքան գունեղ ու գրավիչ լինի, որ առաջին նոտայից մինչեւ ներկայացման ավարտը նրանց ուղեկցի զարմանքը։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Հ. Գ. Չայկովսկու «Շչելկունչիկը» Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնի խաղացանկում ունեցել է կարճ կյանք՝ 1985-88թթ.։ Նախաձեռնողը Երեւանի պարարվեստի պետական քոլեջի տնօրեն Թերեզա Գրիգորյանն էր, բեմադրությունն իրականացրել է Պերմի օպերային թատրոնի բալետմայստեր Լյուդմիլա Սախորովան, մասնակցությամբ քոլեջի սաների եւ թատրոնի մենապարողների։

«Առավոտ» օրաթերթ
07.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031