Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հզորը

Դեկտեմբեր 08,2021 13:00

Հատված «Օջախիս երկրաշարժը» անտիպ գրքից

… Խորհրդային տարիներին, առանց մրցույթի ԲՈՒՀ ընդունվելու համար, առնվազն վեց ամսվա մասնագիտական աշխատանքային ստաժ պետք է ունենար դիմորդը: Իսկ այդ ստաժն ունենալու համար, տասնութ տարին դեռ չլրացած, փոքրամարմին Անահիտն անդամագրվեց Սպիտակի Կարի արտադրական միավորման կոլեկտիվին, Մոսկվայի Թեթեւ Արդյունաբերության Ինստիտուտում բարձրագույն կրթություն ստանալու ակնկալիքով: Անահիտին կոլեկտիվում անմիջապես շրջապատեցին սիրով ու ջերմությամբ, նրան հաճախ «ժպտերես բալա» անվանակոչելով: Իսկ դրանից Անահիտն ավելի՛ ժպտերես էր դառնում, կարմրատակում ամոթահար, առանց «վերահաս» հաջողություններից «գլուխը կորցնելու»:

… Սեւավոր աղետը չհարցրեց ոչ նպատակներ, ոչ հույսեր, ոչ երազանքներ: Ոչինչ չհարցրեց: Միայն ավերածություններ, սարսափներ, արյունալի ողբերգություններ, սոսկալի կորուստներ ամենուրեք:

… Անահիտին ֆաբրիկայի փլատակների տակից դուրս էին բերել երկրաշարժից տասնյոթ ժամ անց՝ ահավոր վնասվածքներով ու կոտրվածքներով: Փոքրամարմին աղջնակի ապրելու անկոտրում հավատը դիմակայել էր մահվան չարանենգ գալուստին ու նա ողջ էր մնացել իմ հզոր բնույթով: Կյանքի նկատմամբ հավերժական սերը, հավատի համազարկերով, ապրեցրել էին նրան՝ դիմակայելով անասելի տառապանքներին: Ազդրերի ու սրունքների կոտրվածքները մեկ կամ երկուսը չէին: Իսկ դաստակները… Տե՜ր իմ Աստված…

Անահիտին շտապ Երեւան էին տեղափոխել: Նրա երեւանյան «քառօրյան» նման է եղել Քրիստոսի չարչարանքներին: Չէ՞ որ այն տարիներին արվող մեկ դիալիզից հետո շատերը հրաժեշտ էին տալիս երկրային կյանքին: Իսկ նա՜, հզորը, երկո՛ւ անգամ դիմակայեց «հաջորդ արհավիրքին», նորից դիմացավ իր հյուծված ու տանջահար մարմնով, որի արդյունքում կանխվեց երիկամների ու սրտի կանգը…
Անահիտի հետզհետե ծանրացող ցավոտ վերքերը պիտի ամոքվեին Մոսկվայում: Բժիշկներն այնտեղ շուրջ երկու ամիս նորից պայքարել են սրտի ու երիկամների աշխատանքները կարգավորելու համար՝ բազմիցս կատարվող դիալիզների միջոցով: Հենց այս բժշկական գործողությունները նրան փրկեցին երկու ձեռքի եւ մեկ ոտքի անդամահատումներից:

…Սկլիֆասովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտի հիվանդասենյակի չորրորդ՝ ազատ մահճակալին, ընդունարանի բուժակի հետ կնոջս պառկեցնելուց հետո, ծանր ապրումներս բազմապատկվեցին: Հիվանդասենյակում չդադարող տնքոցները հաջորդում էին իրար: Երկու ձեռքից զրկված գյումրեցի երիտասարդ աղջկա հառաչանքներն ամենասրտակեղեքն էին: Մեկ ոտքն անդամահատված սպիտակցի կինը երբեմն գոռում էր ու լռում երկար:

Կնոջս մահճակալին մոտ, անկողնու մեջ հազիվ նշմարվող մի աղջնակ էր պառկած: Կողքի աթոռին նստած էր, ինչպես հետո իմացա, մայրը՝ Լաջիկը: Նա լուռ հետեւում էր հիվանդի դժվար նկատվող շնչառությանը, որն ուղեկցվում էր թույլ, հազիվ լսելի տնքոցներով: Անահիտն էր… Նրա ձեռքերն ամբողջովին վիրակապված էին: Ես մոտեցա նրան եւ առաջին անգամ տեսա նրա խոշոր, պայծառ աչքերը, որոնք, կարծեմ, աղավաղվել էին նրա կրած հոգեկան ու մարմնական դաժան ցավերից: Ես ժպտացի նրան: Ինքն էլ աննշան ժպիտով փակեց աչքերը:

Օրեր անց մենք կարծես հարազատներ էինք դարձել: Անահիտին, մոր հետ միասին, խնամում էին նաեւ քույրերն ու եղբայրը: Նրան դժվարությամբ էին կերակրում, մեծ մասամբ՝ համոզելով: Ես հաճախ նրանցից «խլում էի» Անահիտի խնամքը եւ ծիծաղելի պատմություններ անելով, փոքր-ինչ բարձրացնում տրամադրությունը, մոռացության տալիս ցավերը, համոզելով, որ անհրաժեշտ է սնվել, միրգ ճաշակել, որպեսզի վերականգնվի ջլատված օրգանիզմը: Եվ երբ հաջողվում էր ինձ, անկեղծ ուրախանում էի: Փառավորվում էի ու ոգեւորված շարունակում «զարգացնել հաջողություններս»: Այդ պահերին, ինձ թվում էր, խնամում եմ իմ Սիրանուշին, ով «վիրավոր ու թեւակոտոր, մեկնել էր կռունկների երամի հետ» ու հիմա վերադարձել էր… ապաքինվելու… Այս կերպ փարատում էի նաեւ աղջնակիս կորստյան անդարման ցավը:

Ամիսներ անց, մեզ Եվպատորիայի առողջարանի ուղեգրեր հատկացրեցին, որտեղից Անահիտը տեղափոխվեց Երեւանի ֆիզիոթերապեւտիկ ինստիտւտ: Ինստիտուտի հետ համագործակցող բարեգործական կազմակերպություններից մեկի միջոցով Անահիտը տեղափոխվեց Դեթրոյտ, որտեղ նրան «սպասում էր ամուսնական ճակատագիրը»:

Անահիտն այժմ ապրում է այնտեղ: Նա ամերիկացի չդարձավ, մնաց սիրող ու սիրվող ոգեղենիկ հայ, իր կեցությամբ, ապրելակերպով, իր ողջ խոհանոցով, մանավանդ՝ տոլմայով: Նրա հզորությունն այնտեղ էլ գտավ իր առաջընթացի ուղին:

Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին կառուցվող հուշահամալիրի բացման օրը, նրա ներկայությունը ոչ մեկիս չզարմացրեց: Անահիտն Սպիտակ էր եկել իր երեք սիրունատես տղաների հետ: Տղաների խոշոր ու պայծառ աչքերը ճիշտ իրենց մոր աչքերի կրկնությունն էին: Հրաշք տղաներ էին՝ աղջիկներին հատուկ գեղեցկությամբ՝ տղաներին չսազող քնքշությամբ ու ժպտերեսությամբ…

Անահիտը մեր ընտանիքին այցելեց երկու տարի առաջ՝ ամռանը: Շատ ուրախացանք: Չէ՞ որ Սիրանուշիս «շարունակությունը» միշտ էլ նրա մեջ ենք փնտրել: Բայց եւ ցավ ապրեցինք, տեսնելով նրա նորից վիրահատված ձեռքերը: Նրան ճանապարհելուց հետո, երկար ժամանակ մտորումների մեջ ընկա, վերհիշելով երկրաշարժի ժամանակ Անահիտի կրած սարսափելի տառապանքները: Ցավս չէր մեղմում, երբ մտածում էի, որ դեռ շարունակվում է «Անահիտ-երկրաշարժ դիմակայությունը»:

Սակայն ինձ հատուկ լավատեսությամբ մտածում էի նաեւ, որ բոլոր դիմակայություններում հաղթանակում են հզորները…

Սպարտակ ՄԱԹՈՍՅԱՆ

Արձակագիր

«Առավոտ» օրաթերթ
07.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031