Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանական կեռից մինչեւ մեսրոպատառ հայերենը` Ռայխստագի պատերին

Դեկտեմբեր 08,2021 12:30

Հայ երկաթուղայինի հուշերից

Հայրենական Մեծ պատերազմի մասին պատմություններ ու հուշագրեր որքան ասես կարելի է պեղել եւ դրանցից յուրաքանչյուրը լի է կորստի ու վիշտի ցավը միախառնված պատերազմի ավարտն ազդարարող խինդ ու ծիծաղի ճիչերով: Ահա այսպիսին է նաեւ Արիստակես Սահրատյանի` երկաթուղային զորամասի ինժեներ, 3-րդ գվարդիական բանակի հաղորդակցության ճանապարհների բաժնի պետի հուշերը: Իր հուշերում Սահրատյանը մեջբերում է «Պրավդա»-ից հետեւյալ տողերը. «Սովետական երկաթուղային տրանսպորտը դիմացավ մի այնպիսի ծանրաբեռնվածության, որը հազիվ թե կարողանար հաղթահարել մեկ այլ երկրի տրանսպորտ»:

Պատերազմի մասին իր պատմություններում հայ զինվորականը առանձնահատուկ տեղ է հատկացնում գերմանական ամենախորհրդավոր զենքի` իր դիտարկմամբ հրեշավոր կեռի համար: Գերմանական զորքերը կիրառում էին մի զենք, որը դեռեւս հայտնի չէր իր ժամանակներում եւ չնայած այն փաստին, որ սովետական բանակները գաղափար չունեին էլ, թե ինչ տեսք ունի հրեշավոր կեռը, հետախուզական մեծ աշխատանքներ էին կատարում այն հայտնաբերելու եւ ոչնչացնելու համար, սակայն ապարդյուն: Այս կեռը իրենից ներկայացնում էր գնացքի մի վագոն, որի ետնամասը ամուր մետաղյա, հսկա կեռ էր, որ ամրացվում էր ամենավերջում եւ սովետական բանակի ողջ երկաթգծերը շարքից դուրս էր բերում: Սահրատյանի հուշերում ասվում է. «Գերմանացիների կեռը անասելի վնաս էր պատճառում երկաթուղագծերին: Այն ինչպես գութանը դաշտում «հերկում», մեջտեղից ջարդում էր երկաթգծի կոճափայտերը»: Եվ չնայած օդից ու ցամաքից կատարված հետախուզական բոլոր աշխատանքներն արդյունք չէին տալիս, 14-15 տարեկան պատանու շնորհիվ հնարավոր եղավ բացահայտել գերմանական գաղտնիքը: Բորկա անունով պատանին` լսելով Սահրատյանի խոսակցությունը, զինակից ընկերոջ հետ մոտենում եւ վերջինիս խնդրում է թույլ տալ մասնակցելու խոսակցությանը: Իհարկե, պատանուն անլուրջ վերաբերվելով, հայ զինվորականը թույլատրում է նրան խոսել, տղան էլ թղթի վրա նկարում է կեռը, այնուհետեւ Դոնեցի մյուս ափում (գետը դեռեւս գերմանական վերահսկողության տակ էր, այդ պատճառով էլ պատանիները իրար հետ հաղորդակցվում էին իրենց մշակած «անձայն մեթոդով») գտնվող ընկերոջ օգնությամբ զինվորականներին հստակ մատնանշում են կեռի գտնվելու վայրը: Միայն այս պատահական դիպվածն է հնարավորություն տալիս ոչնչացնելու մի զենք, որը իր ժամանակների լավագույն եւ միեւնույն ժամանակ գաղտնի պահվող զինամթերքից էր:

Սահրատյանը իր հուշերում առանձնահատուկ հպարտությամբ է հիշատակում հանդիպումը ծովակալ Իսակովի հետ. «Չնայած պատերազմի թողած դառը հուշերին, այնուամենայնիվ, այդ հուշերում հպարտությամբ ու ժպիտով հիշվող դրվագներ էլ կգտնվեն, ինչպես օրինակ՝ հանդիպումը ծովակալի հետ»:

Իսակովի հետ երկաթուղային ինժեները 3 հանդիպում է ունենում եւ ծովակալից ստացած տպավորությունները հիացրել էին նրան:
Պատերազմի ամենամեծ ձեռքբերումներից մեկն էլ, իհարկե, Բեռլինի գրավումն էր.
Սահրատյանը հիշում է, որ Հայկական Թամանյան դիվիզիայի մարտիկները Բեռլինի Ումբեթ Հայն այգում հասցրին Քոչարի պարել:

Պատերազմից օրեր անց, երբ լռել էին բոլոր տեսակի զենքերը, Սահրատյանը Բեռլինի Ռայխստագի դեռ ծխացող ավերակների առջեւ էր. «Այսօր էլ հիշողությանս մեջ շատ թարմ են այն բազմալեզու գրառումները, որ Ռայխստագի պատերին թողել էին սովետական զինվորները: Սիրտս թունդ առավ ուրախությունից, երբ դրանց արանքում կարդացի` «Ապարանից-Բեռլին» հայատառ գրառումը, հետո նկատեցի երկրորդը, երրորդը… տասներորդը: Կարդում էի հայատառ գրառումներն ու հպարտությունից ուզում էի գոռալ` վեր կացեք, Բիսմարկ ու Վիլհելմ, վեր կացեք ու տեսեք, թե հայերը ինչպիսի հաղթական կեցվածքով են քայլում ձեր պարտված, ծնկաչոք մայրաքաղաքում»:

Տաթև ՍԱՐԳՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել