Ակնհայտ է, որ հիմնական վեճն արդեն տեղափոխվել է այլ հարթություն՝ ո՞վ է վերահսկելու ճանապարհները
Սոչիի եռակողմ հանդիպումը, որը կոչված էր ի ցույց դնելու՝ ռուսական միջնորդությամբ Հայաստան-Ադրբեջան հակամարտության հարցում կողմերը պատրաստակամ են գոնե որոշակի տեղաշարժ արձանագրելու՝ օրեր անց ստեղծված իրադրությունը փաստեց, որ գործընթացը գտնվում է ճիշտ հակառակ մթնոլորտում: Այն գրեթե արգելափակված է:
Չնայած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անցած շաբաթավերջին ասել էր, որ փոխվարչապետների հանդիպման արդյունքներով կհայտարարվեն ապաշրջափակման հարցով Սոչիում համաձայնեցված որոշումները, սակայն անցյալ շաբաթ ոչ միայն հայտարարություն չարվեց, այլեւ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը եւս մի հանդիպման մասին հաղորդեց։ Դեկտեմբերի 2-ին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից «Ազատությանը» փոխանցել էին, թե Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների՝ նախորդ օրը կայացած հանդիպումից հետո չի նախատեսվում հայտարարություն, ապա նաեւ հավելել էին, որ՝ առաջիկա օրերին փոխվարչապետների՝ երեկ ընդհատված նիստը կշարունակվի. «Փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի դեկտեմբերի 1-ին կայացած հերթական նիստը կշարունակվի մոտակա օրերին: Դրա արդյունքների մասին կարող ենք խոսել նիստի ավարտից հետո միայն»։ Մինչ այժմ, սակայն, չի հստակեցվում հաջորդ հանդիպման օրն ու վայրը, եւ ի դեպ, նախորդ օրը կայացած նիստի օրակարգը եւս չբացահայտվեց։
Նույն օրը Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադառնալով փոխվարչապետների մոսկովյան հանդիպմանը, հայտնեց. «Չի հաջողվում համաձայնություններ ձեւակերպել»: Արդյոք համաձայնության չգալու պատճառը Հայաստանի ինքնիշխան տարածքով միջանցք ստանալու Ադրբեջանի պնդումն է, Արմեն Գրիգորյանը հարցին ուղիղ չի պատասխանել, բայց ասել է՝ եթե չեն կարողանում առաջ շարժվել, ուրեմն Ադրբեջանը կոնստրուկտիվ չի եղել։ Նա պնդել է՝ եթե լինի ապաշրջափակում, կլինի միմիայն ճանապարհների ինքնիշխանության տրամաբանությամբ. «Մենք պատրաստ ենք ապաշրջափակմանը։ Պատրաստ ենք նաեւ քննարկել ուղիները, որոնք հնարավոր է բացել։ Ճանապարհային այն ուղիները, որը Ադրբեջանը մեզ է տրամադրելու, որպեսզի Ադրբեջանի տարածքը օգտագործենք այլ երկրների հետ կապվելու համար, եւ նաեւ այն ճանապարհները, որով Ադրբեջանը հնարավորություն է ստանալու նաեւ Նախիջեւանի հետ կապ հաստատելու համար։ Մենք շարունակում ենք պնդել, որ պետք է ամբողջովին մեր քննարկումները մնան նոյեմբերի 9-ի հայտարարության, հունվարի 11-ի, ինչպես նաեւ նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարության շրջանակներում, որտեղ որեւէ խոսք միջանցքի մասին չկա եւ չի էլ կարող լինել»։ Հարցին, թե այդ դեպքում ինչու համաձայնության չեն գալիս, Գրիգորյանը պատասխանել է. «Ինչպես միշտ, Հայաստանը այս առումով կոնստրուկտիվ է եւ պատրաստ է քննարկումները առաջ տանել։ Կարծում եմ, որ Ադրբեջանը չի կարողանում դրսեւորել քաղաքական այնպիսի կամք, որը հնարավորություն կտա Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները առաջ տանել»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Սոչիում Փաշինյան-Ալիեւ-Պուտին եռակողմ հանդիպմանը Ադրբեջանի նախագահը հրապարակային «Զանգեզուրի միջանցք»-ի մասին ոչ մի բառ չասաց, սակայն մեկ օր անց կրկին նույն հռետորաբանությամբ շարունակեց ելույթներ ունենալ, ու նույնիսկ պնդեց, որ ծրագիրն իրականություն է դառնում՝ հրավիրելով այլ երկրներին մասնակցել զարգացման ծրագրերի:
Կարելի է կասկած չունենալ, որ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան փոխվարչապետների հանդիպման արդյունքների մասին չի հայտարարվում, քանի որ պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել միջանցքի վերաբերյալ ունեցած իր դիրքորոշումը, հետեւաբար, այդ հարցը փակված չէ, որքան էլ պաշտոնական Երեւանը շարունակի հայտարարել, որ «միջանցքի թեման փակված է»։
Եթե Հայաստանին ճանապարհների ապաշրջափակում է անհրաժեշտ, համենայնդեպս, դա է պաշտոնական Երեւանի դիրքորոշումը, ապա Բաքվին ու Անկարային հենց «միջանցք» է հարկավոր, որպեսզի հսկողություն ունենան տարածքի նկատմամբ։ Ու ակնհայտ է, որ հիմնական վեճն արդեն տեղափոխվել է այլ հարթություն՝ ով է վերահսկելու այդ ճանապարհահատվածները:
Երբ պաշտոնական Երեւանը վստահեցնում է, որ ճանապարհները պետք է լինեն ՀՀ վերահսկողության ներքո, դա անընդունելի է Բաքվի համար, նշանակում է, որպես այլընտրանքային տարբերակ կարող է դիտարկվել ռուսական վերահսկողության տարբերակը: Այսինքն, ճանապարհները, որոնք անցնելու են ՀՀ տարածքով՝ դե յուրե մնան Հայաստանի լիակատար ինքնիշխանության տակ, սակայն դե ֆակտո Հայաստանը որոշիչ կողմ չլինի։ Սակայն, արդյունքում ՀՀ իշխանությունները կարող են հայտարարել՝ «միջանցք չկա», սակայն, «բովանդակային» առումով՝ այն կլինի: Բաքուն էլ, ի դեպ, նման ելքի դեպքում կտոնի իր «հաղթանակը», հայտարարելով, թե ստացան այն, ինչ ակնկալում էին։
Ուշագրավ է, որ Սոչիի վերջին եռակողմ հանդիպումից հետո բոլոր կողմերը գոնե հրապարակավ վստահեցնում էին, թե գոհ են արդյունքներից: ՀՀ ԱԳՆ խոսնակն անգամ արձանագրեց, թե Սոչիի հայտարարությամբ «հերթական անգամ հերքվում է «միջանցքի» թեզը։ Բայց ինչպես երեւում է, այս գործընթացը բավական կարող է երկարաձգվել։
Դեկտեմբերի 2-ին աշխատանքային այցով Ստոկհոլմում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Նրանք քննարկել էին միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր, Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարին էր ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման եւ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ վերջերս իրականացված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը, նրանք կարեւորել էին իրավիճակի դեէսկալացիային ուղղված քայլերի իրականացումը։ «Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետեւանքով առաջացած հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի համատեքստում կարեւորվել է հայ ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը։ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության համապարփակ եւ տեւական կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը: Կարեւորվել է նաեւ ԱՄՆ-ի՝ որպես համանախագահ երկրի դերը», ասվում էր ՀՀ ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունում։
Վաշինգտոնի կողմից ԵԱՀԿ ՄԽ-ի մանդատի արձանագրումը, ինչպես նաեւ որպես համանախագահող պետություն՝ ԱՄՆ-ի դերակատարության շեշտումն, իհարկե, կարեւոր էր այսօր ստեղծված մթնոլորտում: Պաշտոնական Երեւանը կարող է ԱՄՆ-ի հետ արդյունավետ աշխատանքի դեպքում թուրք-ադրբեջանական տանդեմի ակնկալիքները զսպելու հարցում որոշակի արդյունքների հասնել: Այլ հարց է, թե որքանով է նման աշխատանք իրականացվում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, դեկտեմբերի 1-ին Ստոկհոլմում Միրզոյանը հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս զրույցի ընթացքում եւս ընդգծվել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում եւ մանդատի ներքո խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք ծավալման կարեւորությունը։ «ԱԳ նախարարը կարեւորել է Լեռնային Ղարաբաղում եւ տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղղությամբ կոնկրետ քայլերի ձեռնարկումը։ Նախարարն անհրաժեշտ է համարել նաեւ հումանիտար խնդիրների անհապաղ լուծումը, մասնավորապես՝ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց շուտափույթ վերադարձը, բռնի անհետացման դեպքերի բացահայտումը, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանությունը եւ միջազգային կազմակերպությունների՝ Լեռնային Ղարաբաղում գործունեության համար հնարավորությունների ստեղծումը», ասվում էր ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրությունում։ Պաշտոնական Երեւանը վերահաստատել էր իր հավատարմությունը՝ շարունակելու աշխատանքները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական եւ համապարփակ լուծման ուղղությամբ՝ կողմերին հայտնի սկզբունքների եւ տարրերի հիման վրա։
Նկատենք, որ թե՛ Միրզոյանը, թե՛ Բայրամովը Ստոկհոլմում կայացած համաժողովում իրենց ելույթների հիմնական մասում փոխադարձ մեղադրանքներ հնչեցրեցին։ Արարատ Միրզոյանը, որը դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովում հանդես է եկել ելույթով, մի քանի շեշտադրումներ էր արել ադրբեջանական շարունակական ագրեսիայի, գերիների վերաբերյալ, մասնավորապես նշելով, որ Ադրբեջանը ոչ միայն շարունակում է պատանդ պահել, այլ պարբերաբար նոր գերիներ վերցնելու փորձեր է անում։ «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմից եւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ տարի անց իրավիճակը Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին շարունակում է լարված մնալ: 2021թ. մայիսից ադրբեջանական զինված ուժերը ներթափանցել են Հայաստանի սահմաններից։ Նրանք մինչ այժմ պահպանում եւ շարունակում են ամրապնդել իրենց ապօրինի ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում»։ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն էլ իր հերթին Հայաստանին էր մեղադրել ականապատման ճշգրիտ եւ ամբողջական քարտեզները չտրամադրելու, ստանձնած պարտավորությունները խախտելու համար. «Հայաստանը դեռ պետք է կատարի եռակողմ հայտարարությունը եւ ամբողջությամբ հանի իր զինված ուժերը Ադրբեջանի տարածքից»։ Բայրամովը առիթը բաց չէր թողել խոսելու նաեւ «Զանգեզուրի միջանցքի» թեմայով. «Դա վստահության վերականգնման կարեւոր եղանակ է։ Զանգեզուրի միջանցքի անհապաղ իրականացումն անհրաժեշտ է ոչ միայն մարդկանց, տրանսպորտային միջոցների անարգել երթեւեկության համար Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ, դա նաեւ կվերականգնի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունը»։
Ի դեպ, անցյալ շաբաթ մեկ ուշագրավ փաստ արձանագրվեց. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաղորդեց, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարություն են ընդունել։ Հայտարարությունը, սակայն, անցյալ շաբաթ այդպես էլ չհրապարակվեց։ Հետաքրքիր է, թե Ռուսաստան-ԱՄՆ-Ֆրանսիա մակարդակով ինչ անհամաձայնություններ էին ի հայտ եկել, որոնց արդյունքում այդ հայտարարությունը չհրապարակվեց: Սա խիստ ուշագրավ հանգամանք է, որ ԼՂ խնդրի հակամարտության կարգավորմամբ զբաղվող երեք երկրների ԱԳ նախարարները չէին կարողացել ընդհանուր հայտարարի գալ, կամ՝ եկել էին ընդհանուր հայտարարի, սակայն վերջին պահին որոշել են, այնուամենայնիվ, չտարածել այդ հայտարարությունը:
Ամփոփումը՝ վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.12.2021