Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

1990-ականներին գծված «նոր կանոնները»

Դեկտեմբեր 08,2021 15:00

Թեեւ դրանք խախտվում են ամեն քայլափոխի, սակայն, միեւնույն է, նշանակություն ունեն

21-րդ դարում ամենահաճախ քննադատվող հեղինակներից մեկը ամերիկացի քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույաման է: Նույնիսկ այն մարդիկ, որոնք չեն կարդացել նրա գիրքը՝ «Պատմության վերջը», քննադատում են գիտնականին՝ միայն այդ վերնագրից ելնելով: Իսկապես, պատմությունը երբեք չի վերջանում, եւ ցանկացած պատմության վերջ նշանակում է նոր պատմության սկիզբ: Բայց հանուն արդարության պետք է ասել, որ Ֆուկույաման նկատի չուներ, որ պատմական գործընթացը կանգ է առնելու, այլ՝ որ այլեւս չեն լինի գաղափարախոսական այն բախումները, որոնք նկատվել են նախորդ 500 տարվա ընթացքում: Կանխատեսումն, ինչ խոսք, չիրականացավ. այն արտացոլում էր 1990-ականների սկզբին Արեւմուտքում գոյություն ունեցող էյֆորիան՝ համոզմունքը, որ ազատականությունը վերջնական հաղթանակ է տարել, եւ աշխարհն այլեւս միաբեւեռ, «ամերիկակենտրոն» կլինի: Այդպես չեղավ. ազատականությունն այն տեսքով, որ ընդունված էր Արեւմուտքում եւ որը «դեղատոմսեր» էր առաջարկում, այսպես կոչված, «անցումային» երկրներին (նաեւ մեզ), պարտվեց՝ ճիշտ այնպես, ինչպես պարտվեց կոմունիզմը: Ինձ թվում է, որ նախորդ տասնամյակներում դրանք գոյություն ունենին «իրար ինադու»՝ որպես երկու բեւեռների «գաղափարախոսական ապահովում». Դրանք ինչ-որ իմաստով հենվում էին միմյանց վրա՝ փլուզվեց մեկը, ընկավ նաեւ երկրորդը: Սակայն դա չի նշանակում, որ սոցիալիստական եւ ազատական, ինչպես նաեւ այլ գաղափարները վերացան ու այլեւս երբեք, ոչ մի տեղ չեն աշխատի ու իրար հետ չեն վիճի:

Բայց նրանք, ովքեր կարդացել են Ֆուկույամայի գիրքը, հավանաբար, կհավաստեն, որ մի հարցում, կամ, եթե ավելի ստույգ ձեւակերպում փնտրենք, նույն հարցի մեկ այլ կողմում քաղաքագետը ճիշտ էր. 1990-ական թվականներից փոխվել են, եթե ոչ խաղի կանոնները, ապա պատկերացումներն այն մասին, թե ինչպես է պետք է այդ կանոններին հետեւել: 1960-70-ականներին լատինամերիկյան ինչ-որ բռնապետ ոչ մեկի առաջ արդարանալու կարիք չուներ: Ինչո՞ւ էին այդ երկրում «անհետ կորում» կամ բանտերում հայտնվում հազարավոր մարդիկ՝ դա ոչ մի բացատրության կամ իրավական ինչ-որ նորմերի վկայակոչման կարիք չուներ: Կամ՝ նույն ժամանակահատվածում Խորհրդային Միությունում բացահայտորեն կար Քրեական օրենսգրքի հոդված՝ «հակասովետական քարոզչություն եւ ագիտացիա», որով հետապնդում էին «միակ ճիշտ» գաղափարախոսության հետ բոլոր անհամաձայններին: Հիմա Պուտինը չի ասում՝ «ես Նավալնիին փակել եմ հակապետական քարոզչության համար»: Նա իր իրավաբանների հետ գտնում է Քրեական օրենսգրքով ինչ-որ «սովորական» հոդված եւ դրանով է ազատազրկում իր ընդդիմախոսին: Իհարկե, հասկացող մարդին գիտեն, որ դա ընդամենն արդարացում է, բայց այն, որ նման արդարացում պետք է փնտրել, ինքնին շատ բանի մասին է խոսում: Նույն Պուտինը չի ասում՝ «ես ձեր ցարն եմ, եւ վերջ՝ իշխելու եմ ցմահ»: Նա նախ՝ ժամանակավորապես իր տեղն է դնում Մեդվեդեւին, այնուհետեւ փոխում է սահմանադրությունը, «զրոյացնում է» իր ժամկետերը, եւ դրանից հետո է միայն ցմահ իշխում: Այսինքն՝ այսօր անհրաժեշտություն կա ժողովրդավարության (թեկուզ «յուրահատուկ») եւ օրինականության շղարշը պահելու:

Ալիեւը չի խոստովանում, որ հարվածել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն՝ նա պնդում է, որ այդ տեղեկությունը «fake news» է: Ղուրբանգուլի Բերդիմուհամեդովը չի հայտարարում, որ իր երկրում արգելված է որեւէ ընդդիմադիր գործունեություն: (Չնայած հիմա Թուրքմենստանում մեկի փոխարեն կա երեք կուսակցություն, բայց երեքն էլ «ամբողջությամբ սատարում» են Բերդիմուհամեդովի քաղաքականությանը): Նա ասում է, որ այդպիսի քաղաքական ռեժիմ է ընտրել իր ժողովուրդը: Փաշինյանը չի ընդունում, որ քրեականացնում է պաշտոնյաների հասցեին վիրավորանքը, որպեսզի վախեցնի իր քննադատներին՝ նա մեզ համոզում է, որ պարզապես ցանկանում է ազատել հանրային դաշտը հայհոյանքներից: (Երեւի, այդ դեպքում արժեր, որ իրենից սկսեր): Նույն վարչապետը չի ասում, որ հանձնարարել է Ջհանգիրյանին եւ Անդրիասյանին՝ ազատվել քիչ թե շատ ինքնուրույն դատավորներից: Նա վստահեցնում է, որ «վեթինգ» է անում, մաքրում է, անկախ է դարձնում դատական համակարգը: Մտածող մարդիկ նրան, իհարկե, չեն հավատում, բայց այս դեպքում նույն միտումը կա՝ ձեւ անել, թե ինչ-որ նորմեր պահպանվում են:

Բնականաբար, հարց է առաջանում՝ ի՞նչ տարբերություն, ավտորիտար առաջնորդն ասում է՝ «լավ եմ անում, աչքն էլ հանում եմ», թե՞ գերադասում է «ձեւեր թափել»: Տարբերություն, պատկերացրեք, կա: Երբ ինչ-որ բան գրված է, պաշտոնապես գծված է, բայց չի կատարվում, կարելի է հետեւողականորեն պահանջել, որ կատարվի: Խորհրդային Միության սահմանադրության մեջ, օրինակ, գրված էր, որ միութենական հանրապետությունները կարող են դուրս գալ ԽՍՀՄ կազմից: Պարզ է, որ մինչեւ 1980-ականների վերջն այդ նորմն անիրագործելի էր թվում, բայց 1973 թվականից ի վեր հայ այլախոհների մեծ մասը պահանջում էր հենց այդ նորմի կատարումը: Կարծում եմ, այդ անձնուրաց պայքարն իր դրական ազդեցությունն է թողել Երրորդ հանրապետության ձեւավորման վրա: Կամ՝ Խորհրդային Ադրբեջանի կազմում կար Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ. պարզ է, որ մինչեւ 1988 թվականն այդ մարզի սահմանները զուտ ձեւական էին, բայց դրանք գծված սահմաններ էին, որոնք մինչեւ 2020 թվականի ցավալի պարտությունը նշանակություն ունեին՝ մեր պայքարի տեսանկյունից: (Ուրիշ հարց, որ 2021 թվականի հունիսի ընտրությունների արդյունքներով պարզվեց, որ ինքը՝ պայքարն առանձնապես նշանակություն չունի մեր քաղաքացիների մեծամասնության համար):

Մի խոսքով, 1990-ականներին աշխարհն իսկապես փոխվել է: Ոչ այնպես, ինչպես որ դա պատկերացնում էին «ամերիկյան ոճի» ծայրահեղ ազատականները, բայց գծվել են պետության վարքի որոշակի կանոններ: Այժմ դրանք համատարած խախտվում են: Հետագա հեռանկարը երկընտրանքի առաջ է կանգնեցնում. կա՛մ գիտակից մարդկանց պայքարի շնորհիվ այդ կանոնները կյանքի են կոչվելու, կա՛մ գրվելու են նոր կանոններ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.12.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031