Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրածանոթ դոկտ․ Օզը թեկնածու է ԱՄՆ Սենատի համար. արդյոք մեզ պե՞տք է երկրորդ Թրամփ Վաշինգտոնում

Դեկտեմբեր 08,2021 09:00

Հանրածանոթ հեռուստահաղորդավար դոկտ․ Մեհմեդ Օզը նոյեմբերի 30-ին հայտարարեց իր ​​թեկնածությունը որպես հանրապետական ԱՄՆ Սենատի երկու աթոռներից մեկի համար Փենսիլվանիայից։

Դոկտ․ Օզը, ինչպես իր կուռք Դոնալդ Թրամփը, ոչ մի փորձ չունի քաղաքականության մեջ: Նա նույնիսկ չի ծառայել որպես քաղաքային խորհրդի անդամ։ Ամերիկյան հանրությունը և ամբողջ աշխարհը բավական տուժեցին հանրածանոթ ապաշնորհ Թրամփի ձեռքին, որը դոկտ․ Օզին նշանակեց Սպիտակ տան մարմնակրթության, առողջության և սննդի հարցերով խորհրդում՝ «Դոկտ․ Օզի շոու»-ում որպես նախագահի թեկնածու հանդես գալուց հետո:

Բացի քաղաքական փորձի պակասից, կան մի քանի այլ խնդիրներ, որոնք պետք է խանգարեն կամ որակազրկեն դոկտ․ Օզին Սենատի թեկնածությունը: Չնայած բժիշկ լինելուն՝ նա բազմաթիվ չհիմնավորված բժշկական խորհուրդներ է տվել և խթանել կասկածելի բուժումներ, ինչպիսիք են սակավակերության դեղահաբերը և հիդրօքսիքլորոքինը՝ Թրամփի կեղծ կորոնավիրուսային դեղամիջոցը՝ իրեն հարստացնելու համար վտանգի ենթարկելով ամերիկյան հասարակության առողջությունը: Նա սոսկալիորեն առաջարկեց FOX-TV-ին, որ «երկրում դպրոցների վերաբացման պատճառով քովիդի մահվան դեպքերի 2-3 տոկոս աճը կարող է ընդունելի այլընտրանք լինել»:

Ըստ «Վիքիպեդիայի», դոկտ․ Օզը «առաջ մղել է կեղծ գիտությունն ու այլընտրանքային բժշկությունը, և քննադատվել է բժիշկների, պետական պաշտոնյաների կողմից և հրապարակումներում, ներառյալ British Medical Journal-ը, Popular Science-ը և The New Yorker-ը՝ չապացուցված ապրանքներին և ոչ գիտական խորհուրդներին հավանություն տալու համար: 2014 թ․ British Medical Journal-ը հրապարակեց մի ուսումնասիրություն, որը ցույց տվեց, որ առաջարկությունների կեսից ավելին բժշկական թոք շոուների շարքում, ներառյալ «Դոկտ․ Օզի շոուն», կամ ապացույցներ չունեին, կամ հակասում էին բժշկական հետազոտություններին»:

Մյուս խնդիրն այն է, որ դոկտ․ Օզը Սենատի համար առաջադրվում է Փենսիլվանիայից, թեև նա չի հանդիսանում այդ նահանգի բնակիչ: Նա ապրում է Նյու Ջերսիի հսկա առանձնատանը, որը խախտում է Փենսիլվանիայում քաղաքական պաշտոնի համար առաջադրվելու բնակության պահանջը: 2020 թ․ վերջին նա փոխեց իր ընտրելու գրանցումը Փենսիլվանիայում գտնվող իր զոքանչին պատկանող տան վրա։ Միակ կապը, որ նա ունի այդ նահանգի հետ, այն է, որ ավելի քան երեք տասնամյակ առաջ՝ 1986 թվականին ավարտել է Փենսիլվանիայի համալսարանը:

Վերջապես, չցանկանալով որևէ նվաստացուցիչ բան ասել նրա թուրքական ծագման մասին, մնում է տեսնել, թե ընտրվելու դեպքում դոկտ․ Օզը արդյոք հանդես կգա որպես թուրքական կառավարության խոսափող, թե կծառայի Միացյալ Նահանգների շահերին: Իր թեկնածության մասին հայտարարելուց հետո մի քանի օրվա ընթացքում որոշ հոդվածներ են գրվել, որոնք կասկածի տակ են դնում նրա անվերապահ հավատարմությունը Միացյալ Նահանգներին որպես Թուրքիայի և Ամերիկայի երկքաղաքացի: Թեև դոկտ․ Մեհմեդ Օզը ծնվել է Օհայոյում, նա իր մանկության ամառներն անցկացրել է Թուրքիայում և երկու տարի ծառայել թուրքական բանակում։

Ինչ վերաբերում է հայկական հարցերում նրա դիրքորոշմանը, կա երկու ակնարկ.

1) 2014-ին Վաշինգտոնում գտնվող Թուրք-ամերիկյան ասոցիացիաների ասամբլեան հայտարարեց Հայոց ցեղասպանությունը ժխտելու իր «գլխավոր ծրագրին»՝ 2015-ին Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ, դոկտ․ Օզի մասնակցության մասին: Այնուամենայնիվ, դոկտ․ Օզի խոսնակը «Ասպարեզ» թերթին ուղղված էլեկտրոնային նամակում ասաց, որ «Դոկտ. Օզը որևէ կապ չունի դրա հետ»։

2) 2008 թվականին, երբ Նյու Յորքում ինձ շնորհում էին Էլիս Այլենդ Պատվո շքանշանը, դոկտ․ Օզը նույնպես այդ շքանշանի դափնեկիրներից էր։ Պաշտոնական արարողության ժամանակ իմ ողջույնի խոսքում այն պահին, երբ ասացի, որ ես Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ եմ, դոկտ․ Օզը վեր կացավ իր տեղից և լքեց դահլիճը: Նրա հանդեպ արդարացի լինելու համար ասեմ, որ սա կարող էր զուտ պատահականություն լինել:

Այնուամենայնիվ, դոկտ․ Օզին մնում է պարզաբանել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որն արդեն ճանաչվել է ինչպես Կոնգրեսի զույգ պալատների, այնպես էլ Միացյալ Նահանգների նախագահի կողմից: Դոկտ․ Մեհմեդ Օզի իրական հավատարմությունը կբացահայտվի, եթե նա որևէ դժկամություն ցուցաբերի քննադատելու իր լավ ընկերոջ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից իրականացված մարդու իրավունքների կոպիտ խախտումները:

Չնայած իր հանրածանոթ լինելու կարգավիճակին՝ դոկտ․ Օզին սպասվում է դժվարին պայքար իր քաղաքական արշավում: Սենատի ընտրապայքարում նա կմրցի մեկ տասնյակ այլ հանրապետական ​​թեկնածուների հետ։ Եթե ​​նա հաղթահարի այս հիմնական խոչընդոտը, ապա դուրս կգա իր դեմոկրատ մրցակցի դեմ: Ներկայիս հանրապետական ​​սենատոր Փեթ Թումին հայտարարել է իր թոշակի անցնելու մասին։

Դոկտ․ Օզը հայտնվել է ամերիկյան լրատվամիջոցների անողոք հարձակումների տակ՝ անցյալի իր կասկածելի հայտարարությունների համար: Դոկտ․ Դեյլ Սամերսը հոդված է գրել The Daily Beast-ում՝ «Խնդրում եմ մի՛ ընտրեք դոկտոր Օզին՝ նա խայտառակություն է մեր մասնագիտության համար» վերնագրով։ Սամերսն ասել է․ «Ես ողջունում եմ այս հեռանկարը նույն ոգևորությամբ, որ կունենայի փորահարությամբ հիվանդանալու ժամանակ… Նա տարիներ շարունակ իր շոուում քարոզել է կեղծ գիտություն»:

Մեկ այլ հոդվածում The Daily Beast-ի թղթակից Մեթ Ուիլշտեյնը հաղորդում է կատակերգու Սթիվեն Քոլբերտի արած հեգնական մեկնաբանությունները հեռուստատեսությամբ դոկտ․ Օզի քաղաքական հեռանկարների վերաբերյալ: Հոդվածը վերնագրված էր. «Սթիվեն Քոլբերտը մերկացնում է հայտնի «ստախոս» դոկտոր Օզին Փենսիլվանիայից՝ Սենատի ընտրություններին ընդառաջ»։ Քոլբերտը ծաղրել է դոկտ․ Օզի հայտարարությունը, որ իր թեկնածությունը «կօգնի վերստին վառել «աստվածային կայծը» յուրաքանչյուր ամերիկացու ներսում»: Նա նշել է, որ դոկտոր Օզը, նախքան իր գլխարկը քաղաքական մրցաբեմ նետելը, ունեցել է «ստախոսի շահութաբեր ասպարեզ՝ հեռուստատեսությամբ առողջության մասին կասկածելի խորհուրդներ տալով»: Քոլբերտն այնուհետև ավելացրել է. «Բայց դոկտ․ Օզի մոտ կարող են լինել ոչ միայն կեղծ բժշկական հայտարարություններ, այլ կարող են լինել կեղծ հայտարարություններ Փենսիլվանիայի մասին, որովհետև նա առաջադրվում է այնտեղ՝ չնայած տարիներ շարունակ ապրել է Նյու Ջերսիում»:

«Վաշինգտոն փոստ» թերթի էջի խմբագրի տեղակալ և սյունակագիր Կարեն Թումալթին հոդված է գրել՝ «Ինչ է պակասում դոկտ․ Օզի Սենատի քարոզարշավին» վերնագրով: Թումալթին ասել է. «Օզն այժմ իրեն առաջարկել է որպես դեղատոմս նրա դեմ, ինչը ցավ է պատճառում քաղաքականությանը։ Ինձ համարեք թերահավատ, որ Փենսիլվանիայի ընտրողները կգնեն այն գաղափարը, թե նա է այն բուժումը, որ նրանք փնտրում են»։

Դեռ հայտնի չէ, թե արդյոք դոկտ․ Օզի հանրածանոթ կարգավիճակը կհաղթահարի նրա քաղաքական անփորձությունը և կեղծ բժշկական բուժումները:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031