Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Բարսեղյան. Այսպես կառավարելուց հետո երկրորդ հեղափոխություն է լինելու

Դեկտեմբեր 07,2021 23:45

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութին։

Նա նկատեց, որ Ալեն Սիմոնյանը այդ արտահայտությունները արել է հանրային միջոցառման ընթացքում, ոչ թե՝ ընկերների հետ մասնավոր զրույցի ընթացքում. «Պաշտոնյան, ենթադրաբար, պետք է իմանար, որ նույնիսկ տանն է ինքը պաշտոնյա, ուր մնաց՝ տնից դուրս։ Այն էլ՝ այս կարգի պաշտոնյա, պետք է հստակ իմանար, իրեն հաշիվ տար։ Բոլորը պետք է իմանան՝ պատգամավորները, ավագանու անդամները, քաղաքապետերը, գյուղապետերը, վարչապետ, փոխվարչապետ, կրթության վարչության պետ, և այլն։ Հիմա մենք խոսում ենք պետության թիվ երկու պաշտոնյայի մասին, որին փորձում են արդարացնել մի շարք ընկերներ»։

Լևոն Բարսեղյանը ընդգծեց, որ Ալեն Սիմոնյանի խոսքը ամբողջական է, մոնտաժված չէ։ Իսկ հետո տարածված ավելի երկար տեսանյութը պարունակում է նույն այդ խոսքը. «Մենք խոսում ենք պետական բարձրաստիճան պաշտոնյայի մասին, մենք քուչի բազարից չենք խոսում, քուչեքում էլ նման բան չկա։ Մարդը համարում է, որ դասալիք են, ուրեմն՝ չկան։ Երկրորդը՝ պարոն Սիմոնյանը համոզմունք ունի, որ գերիները դասալիքներ են։ Ալեն Սիմոնյանի բոլոր պաշտպաններին հարցնում եմ՝ Ալեն Սիմոնյանը որտեղի՞ց գիտի, որ բոլոր գերիները դասալիք են։ Դասալիք նշանակում է՝ զենքը դրել փախել է, հանձնվել է, վերջ ի վերջո դա դավաճանություն է, եթե զինվորը զենքը վերցրել է, երդում ունի տված և հանձնվել է, հեռու իրենից, այդ դեպքում դասալիք է, դավաճան է։ Որտեղի՞ց Ազգային ժողովի նախագահին տեղեկություններ բոլոր գերիների, սա շատ կարևոր հանգամանք է, դասալիք լինելու մասին, թեկուզ մեկ գերու դասալիք լինելու մասին»։

Նա հավելեց, որ երկիրները պահեստային գերիներ են պահում, և այս դեպքում՝ Ադրբեջանից բացի ոչ ոք չգիտի գերիների մասին ստույգ տեղեկատվություն։ Եվ նույնիսկ եթե կան դասալիքներ, ապա գործում է անմեղության կանխավարկածը և համապատասխան քննությունը պետք է ընթանա՝ պարզելու՝ արդյոք եղե՞լ է դասալքության դեպք, թե՞ ոչ. «Սրանք դատախազության ուսումնասիրության առարկաներ են։ Հաղորդում կգրեմ դատախազություն, կասեմ՝ այդ մարդը տեղեկությունների է տիրապետում, որոնց չի տիրապետում վարչապետը, տիրապետում է ու հանրությանը չի ասում։ Մի հատ պարզեք, հասկացեք՝ քանի՞ հոգու մասին գիտի, որ այդ մարդիկ դասալիքներ են։ Այն, որ այդ մարդիկ իր համար արդեն չկան, կարելի է ասել, իր մասնավոր կարծիքն է»։

Լևոն Բարսեղյանը նշեց, որ Ալեն Սիմոնյանը տեսանյութում խոսում է հավանաբար անծանոթի հետ. «Այդ մարդուն ի՞նչ ես ասում, հետո էլ ասում ես, որ մեր մեջ մնա։ 3-4 հոգի մարդիկ կան կանգնած, մեր մեջ մնան ո՞րն է, այս ի՞նչ խելք է։ Այդ կարգի պաշտոնյան այսպիսի բացբերանություն է անո՞ւմ։ Բա որ իսկական գաղտնիքներ հայտնե՞ր»։

Նա շեշտեց, որ գերի ընկածներին բոլորն են գերի համարում՝ Վրաստանը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Ամերիկան, իսկ հայ պաշտոնյան ասում է, որ դասալիք են. «Բա Իլհամ Հեյդարովիչը չի՞ ասի, ախպե՛ր ջան, ձեր պաշտոնյան ասում են՝ դասալիք են այս մարդիկ, ի՞նչ գերի, դուք եք ասում, որ դասալիք են։ Ալե՛ն Սիմոնյան, այս բաները պետք է հատուկ սովորեցվի Ձեզ, պե՞տք է ասվի՝ մի՛ արեք այսպիսի բաներ։ Մարդու ունքը սարքելու տեղը, խփեք աչքն էլ հանեք, մարդու չասես։ Անծանոթ մարդուն հրապարակային միջավայրում բան ես ասում, հետո էլ ասում ես՝ մեր մեջ  մնա՞։ Ձեռք ես առնո՞ւմ, փաստորեն»։

Լևոն Բարսեղյանը չի կարծում, որ Ալեն Սիմոնյանը հայտարարությամբ հանդես կգա, որտեղ կընդունի իր սխալը. «Բայց քաղաքական իշխանությունը՝ մածամասնությունը, պարտավոր է իր վերաբերմունքը ցույց տալ, այդ մարդուն պետք է ասեն՝ մանդատդ դիր, գնա, այլ բաներով զբաղվի, եղբա՛յր։ Եվ այս մտածողությամբ մարդը երկրի թիվ երկրորդ պաշտոնյա՞ն է։ Վարչապետը պետք է կանչի ասի՝ էս ի՞նչ հաշիվ է, բանակցում ենք, որ գերի վերադարձնենք, դու կանգնում ասում ես՝ դասալի՞ք են։ Կարո՞ղ է չենք բանակցում, դա էլ ասեք»։

Նրա գնահատմամբ՝ անթույլատրելի արարք է թույլ տվել Ալեն Սիմոնյանը, և հրապարակային ներողությունը կարող է իրեն փրկել կամ չփրկել։ Սակայն, ակնհայտ է, որ քաղաքական լուրջ հարված է հասցրել ինքն իրեն ու իր քաղաքական ուժին. «Այս սխալները գին են ունենալու»։

Լևոն Բարսեղյանը համարում է, որ այսպես կառավարելուց հետո հեղափոխության երկրորդ ալիք է լինելու. «Երկրորդ հեղափոխություն է լինելու։ Ովքեր արդարացնում են Ալեն Սիմոնյանի արարքը՝ նախկինների հետ համեմատությամբ, սխալ են անում։ Ովքեր նախկիններին են արդարացնում՝ Ալեն Սիմոնյանի այս վարքով, նույնպես սխալ են անում։ Սրանք, դժբախտաբար, գիտելիքների, կառավարման փորձի, որակի տեր մարդկանց օբյեկտիվ, ողջամիտ, տրամաբանական շարունակություններն են։ Չեն կարող լինել մարդիկ, որոնք չունեն որակյալ գիտելիքներ, կառավարման որակյալ գիտելիքներ, չունեն շատ լավ կառավարելու փորձը։ Ուղղակի շրջահայաց ողջամիտ իշխանավորը, շրջահայաց ու ողջամիտ է լինում՝ մի բան չգիտես, հարցնում ես։ Կամ սուս մնա՛, ախպե՛ր ջան»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031