Այսօր լրագրողների հետ զրույցում ՔՊ պատգամավոր Ռուստամ Բաքոյանն անդրադարձավ համացանցում հայտնված այն տեսագրությանը, որտեղ ինքը հայհոյում է Թլիկ համայնքի ղեկավարին:
Բաքոյանն ասաց, որ սուտ է պնդել, թե ինքը Թլիկի գյուղապետին ասել է՝ վիզդ կպոկեմ». «Հայհոյանքը առհասարակ դատապարտում եմ, դա անընդունելի է: Ընդունում եմ, որ ճիշտ չէ հայհոյելը, եւ հայհոյանքն առհասարակ դատապարտում եմ։ Անընդունելի է դա, որը նաեւ իմ կողմից է եղել, ինչ-որ կրիտիկական վիճակի է հասցրել, բայց որեւէ պատճառաբանություն չի կարող լինել, որի արդյունքում կարող է լինել հայհոյանք։ Ես դա ընդունում եմ: Հաղորդում կներկայացնի, ինչ կանի, օրենքն ինչ կասի, այդպես էլ կշարժվենք: Բայց լավ կլիներ հարցնեիք՝ ի՞նչ եղավ այն անձնագիրը, որը տեսանյութում գյուղապետը վերցրել էր, ուղղորդում էր, որը ընտրությունների արդյունքների վրա կարող էր ազդել»:
Նշենք, որ «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Օրերս լրատվամիջոցները հրապարակեցին Արագածոտնի մարզի Թլիկ համայնքի ղեկավար Սլավիկ Սալոյանի մեկնաբանությունը և իր ու ԱԺ իշխանական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցության ձայնագրությունը։ Ձայնագրությունից և համայնքի ղեկավարի կողմից փոխանցված տեղեկատվությունից հստակ երևում է, որ պատգամավոր Բաքոյանը սուտ մեղադրանքներ է հնչեցրել Սլավիկ Սալոյանի հասցեին և վերջինս փորձել է հեռախոսազանգի միջոցով պարզել սուտ տեղեկություններ տարածելու պատճառներն ու հիմքերը։ Խոսակցության ընթացքում Ազգային Ժողովի իշխող թիմի պատգամավորը ի պատասխան Թլիկ համայնքի ընտրված ղեկավարի հարցին սպառնում է «կտրել նրա ականջները», իսկ երբ Սալոյանը հանդիմանում է նրան պատգամավորը սպառնալիք և սեռական բնույթի հայհոյանք է հնչեցնում։
Կարդացեք նաև
Պատգամավորի գործողությունները վկայում են առերևույթ քրեորեն հետապնդելի արարքի մասին, որոնք պատժելի են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։ Սլավիկ Սալոյանն արդեն իսկ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։
Կատարվածի մասով հատկապես կարևոր է իշխանությունների կողմից ստանալ քաղաքական գնահատական Ռուստամ Բաքոյանի հակաօրինական գործողությունների վերաբերյալ։ Ազգային Ժողովը չի կարող ունենալ ՀՀ անունից հանդես եկող պատգամավոր, որը սպառնում է քաղաքացուն «կտրել ականջները» և սեռական բույթի հայհոյանքներ է հնչեցնում իր զրուցակցի ծնողների հասցեին»:
«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը նաեւ նշել է. «Մենք շարունակելու ենք հետևողական լինել Ռուստամ Բաքոյանի օրենքով պատժելու գործում և առաջիկայում համապատասխան դիմումներ ենք ներկայացնելու ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին, որպեսզի պատգամավոր Բաքոյանի վարքագիծը քննող Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձևավորվի, ինչպես նաև դիմելու ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Առանձին նամակով դիմելու ենք նաև ԵԽ երևանյան գրասենյակին և միջազգային այլ կառույցների»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ