«Ալեն Սիմոնյանը հենց հիմա թող ներկայանա այստեղ՝ պատասխան տալու իր խոսքերի համար: Ասում է՝ իմ համար գերի չկա: Այսի՞նքն չկա: Իմ երեխեն բա ո՞ւր է: Թաղե՞լ է իմ երեխուն, դրել է հողը, բա ո՞նց է ասում չկա: Ալեն Սիմոնյանը որ չեկավ, լավ չի լինելու, խոսք եմ տալիս»,- վրդովված բողոքում էին անհետ կորածների եւ գերիների ծնողները, հարազատները, որոնք կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին անում:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ կապված «Դեժավյու» տելեգրամյան ալիքը աղմկահարույց տեսանյութ էր տարածել, որտեղ նա միջոցառումներից մեկի ժամանակ մի քաղաքացու հետ խոսում է գերիների թեմայով. «Էդ գերիների, էդ մարդկանց, զինվորների նպատակը ո՞րն է եղել, որ գնացել են…Հայրենիքը։ Հիմա կներես, կարող է մի քիչ սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրենք չկան, իմ համար չկան։ Իսրայելը, երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում, ինքը խփում է էդ ինքնաթիռը։ Իսկ գիտե՞ք էդ գերիները ովքեր են, էն մարդիկ են, որոնք զենքը դրել եւ փախել եւ մոլորվել են։ Ես սա բարձր չեմ կարող ասել։ Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ինչի էդ գերիների ծնողները հիմա ակտիվ չեն։ Որովհետեւ էդ մարդիկ գիտեն, որ էդ մարդիկ դասալքություն են արել, իրենք զենքը դրել եւ փախել են, հայտնվել են գերության մեջ»:
Գերիների ծնողներն ասում էին, որ Ալեն Սիմոնյանը վիրավորել է ոչ միայն իրենց, այլեւ ամբողջ ազգին, որովհետեւ այդ տղերքը ազգինն են. «Ժամ կլինի, օր կլինի, ինչ կլինի՝ նա պատասխան է տալու: Ալեն Սիմոնյանը գալու է այստեղ, իր հովանավորներն էլ հետը: Իր արարքի համար նա պետք է մտնի Եռաբլուր, չոքի ու ասի՝ կներեք: Նրա միակ փրկությունը դա է: Իր ներողությունը մեզ պետք չի, ինքը հերոսներին պիտի պատասխան տա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ