Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ թեև երկրաշարժից հետո 18 հազար բնակարան է կառուցվել Գյումրիում, բայց դեռ առկա է տնակային անօթևանության չլուծված խնդիր։
«2010 թվականին «Մուշ 2/2 «թաղամասում կառուցվեց 1056 բնակարան, 2012 թվականին՝ 1756, այդքան կառուցված բնակարաններից հետո դեռ կա 2770 տնակ, որից 500-ը փակ դռներ են։
410-ը մոտավոր հաշվարկով, ինչ-ինչ պատճառներով ներընտանեկան կոնֆլիկտներից ելնելով՝ փաստաթղթղեր չեն ներկայացրել, երկրում չեն եղել և մնացել են դրսում»,-ասաց քաղաքապետը։
Կարդացեք նաև
Նա նշեց, որ օր առաջ փորձում են խնդիրը լուծել նաև համայնքի ունեցած հնարավորությունների շրջանակում, օրինակ՝ համայնքի միջոցներով 7 բնակարան է գնվել ու փոխանցվել բնակիչներին, 41 բնակարան «Առդա» բարեգործական հիմնադրամի հետ են կառուցել, որի արդյունքում սոցիալական բնակարաններ են հատկացրել։
«Մուշ» թաղամասում Գյումրու համայնքապետարանը 5840 մետր հող է հատկացրել «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ին, կառուցվել է երկու շենք ՝ 40 բնակարանով և 50 երեխաների համար մանկապարտեզ։ Համաձայնություն ունեն նաև «Առք» հիմնադրամի հետ, որի արդյունքում համայնքը նորից 12-16 բնակարան է կառուցելու։ Համայնքն այս հիմնադրամին կիսակառույց շինություն է տրամադրելու։
«Մենք ցավով ենք մոտենում այս հարցին, այն մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է, մենք ուզում ենք, որ մեր բնակիչներն օր առաջ դուրս գան տնակներից», -ասաց քաղաքապետը։
Գյումրու համայնքապետարանը կառավարությանը ուսումնասիրությունների փաթեթ է ներկայացրել՝ հատ-հատ գրելով տնակային պատմությունները, ասենք՝ տվյալ տնակի բնակիչը ինչպե՞ս է հայտնվել տնակում, դա ներքին միգրացիայի արդյունքո՞ւմ է, թե՞ ընտանիքը բազմանդամ է եղել , կեսը տնակում են մնացել, կեսը տեղափոխվել նոր բնակարան, հնարավոր է սոցիալական պայմաններից դրդված՝ վաճառել են բնակարանը ու տեղափոխվել տնակ։
«Հուսով ենք, որ լուծումը շատ չի ձգձգվի, և արագ կկարողանանք տնակներից մեր բնակիչներին տեղափոխել բարվոք, լավ տներ», հույս հայտնեց քաղաքապետը։
Գյումրիում այս պահին երկրաշարժի հետևանքով անօթևան ճանաչվածները 410-ն են։
Լուսանկարը՝ «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ