Սեմյոնովկայի եւ Ծովագյուղի բնակիչները դեմ են իրենց համայնքների միավորմանը, այդ պատճառով էլ ՏԻՄ ընտրություններին չեն մասնակցել:
«Մերը փոքր համայնք է, Դիլիջանի թունելը, որ բացեցին՝ մեր գյուղը լրիվ կտրվեց ճանապարհից: Իսկ Սեւանից 25 կիլոմետր հեռու ենք»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սեմյոնովկա համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Մնացականյանը:
Նա ներկայացրեց պատճառը՝ Սեմյոնովկայի եւ Ծովագյուղի բնակիչները ինչու են բոյկոտել դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա եւ Ծովագյուղ համայնքների բնակիչներից ոչ ոք չի մասնակցել անցած կիրակի օրը կայացած ՏԻՄ ընտրություններին, եւ այդ գյուղերի ընտրատեղամասերում 0 արդյունք էր արձանագրվել։
Կարդացեք նաև
Ծովագյուղցիներն ու Սեմյոնովկայի բնակիչները չեն ուզում, որ իրենց գյուղերը խոշորացվեն՝ միանան Սեւանին. ասաց Դավիթ Մնացականյանը՝ նշելով, որ այդ պատճառով էլ չեն գնացել ընտրության: Նրա խոսքով, իրենց ցանկությունն է Սեմյոնովկան միավորել Ծովագյուղին. «Մենք չենք ուզում միանալ տասը համայնքների հետ: Ծովագյուղը 4000 հազար բնակչություն ունի, Սեմյոնովկան՝ 300: Ճիշտ կլինի մեզ միացնեն Ծովագյուղին, որ դառնանք Ծովագյուղի մի թաղամաս: Մենք տեսնում ենք՝ Ծովագյուղն ինչպես է օր օրի զարգանում, քանի որ իրենց ֆինանսական բյուջեն մեծ է, որ մեզ էլ միացնեն, մեր գյուղն էլ կծաղկի»:
Դավիթ Մնացականյանի խոսքով, Սեմյոնովկայի բյուջեն ընդամենը 4 միլիոն դրամ է, որը նույնիսկ վարչական ծախսերին չի բավականացնում, Սեմյոնովկան, ըստ նրա, մանկապարտեզ չունի, բայց գազիֆիկացված եւ վերանորոգված դպրոց ունի:
«Որ ձյուն է գալիս՝ մեր ճանապարհները լրիվ փակվում են, Սեմյոնովկայից Ծովագյուղ 5 կիլոմետր է ընդամենը, բայց տեսեք՝ Սեւան համայնքը որքան հեռու է: Հենց էս դժգոհության պատճառով էլ ընտրության չգնացինք: Բնակիչներն ինձ էլ չթողեցին տնից դուրս գամ, ասում էին՝ որտեղ մենք՝ ընդեղ դուք»,-ասաց Դավիթ Մնացականյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ