«ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականներ, փորձագետներ, մեր ընկերները այսօր կարծես թե ժամը 14:30-ի կողմերը ունեցել են որոշակի բանավեճ ՔՊ երկու պատգամավորների հետ, ամբողջությամբ դա հարթվել էր տեղում: Խոսել էին Սիսակ Գաբրիելյանը եւ Հակոբյան Հրաչյան, մարդիկ ձեռք ձեռքի են սեղմել: Դրանից կարճ ժամանակ անց մեր գործընկերներից Սեւակին հրավիրում են սուրճ խմելու: Հրավիրում է կարծես թե ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատակազմից ներկայացուցիչներ, կարծես թե ՔՊ-ից:
Խոսակցություն է գնում, որ եկեք այս հարցը լուծենք, սուր անկյուն չլինի, ամեն դեպքում ԱԺ շենքում ենք: Հրավիրում են նաեւ Գերասին (պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնականին)՝ սուրճ խմելու: Իհարկե, սուրճ խմելը քաղաքական իմաստով ցանկացած իշխանական ներկայացուցչի հետ որոշակի դժվարություն առաջացնում է, բայց խնդրում եմ մարդկային կենցաղային մակարդակով սա դիտարկել: Այնուհետեւ սուրճ խմելուն միանում է Տարոնը (Արմենուհի Կյուրեղյանի օգնականը): Պատկերացրեք, երեքով նստած, սուրճը չի լինում, խոսքը գնում է նախապես պլանավորված գործողությունների մասին է»,- «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը այսպես ներկայացրեց ԱԺ միջանցքում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին:
Վարդեւանյանն ասաց, որ պատանեկան տարիքում, երբ մեկի հետ ուզում էին կռիվ անել, բերում են իրենց մոտ, իրենց տարածք, այդպես էլ վարվել են ՔՊ-ականները՝ ԱԺ-ում. «Պատկերացրեք, այդ երեքին հրավիրելուց հետո մեկ էլ ներխուժում են 20 հոգի, նրանց մեջ մի շարք պատգամավորներ եւ սկսում են հարվածել տղաներին: Սրա անունը ի՞նչ դնել՝ խուլիգանություն: Ընդհուպ մինչեւ դռան հետեւն են եղել սպասելուց եւ շատ սինխրոնիզացված այդ գործողությունները արել են: Պատգամավորներից առնվազն նույն այն անձինք, որոնք խուլիգանական վարքագիծ դրսեւորել էին ԱԺ նիստում մի քանի ամիս առաջ, նույն այդ ակտիվությունը ունեցել են: Եկեք հիմա անուններ չթվարկեմ»:
Կարդացեք նաև
Վարդեւանյանն ասաց, որ այնպես չի, որ կարողացել են ծեծել ու ընդգծեց, թե երեքի դեմ քանի հոգով են եղել. «Ամենացավալին այն է, որ դեպքը տեղի է ունեցել անվտանգության ծառայակիցների ներկայությամբ…Նորմա՞լ եք դուք համարում, որ ինչ-որ մեկի խաբեն ասեն՝ արի կոֆեի ու ծեծեն»: Նա նաեւ տեղեկացրեց, որ ընդդիմադիր պատգամավորների օգնականներից մարմնական վնասվածքներ ստացածներ կան, աստիճանը կասեն դատաբժիշկները:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ