Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել էր՝ «Ժամկետ նշեք, թե երբ է բացվելու Զանգեզուրի միջանցքը եւ ոչ մի խնդիր չի լինի»:
Այսօր լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այս առնչությամբ ասաց. «Ասում էին՝ ինչպես ուզում ենք, այնպես էլ բանակցում ենք: Մարտական գործողություններից հետո բանավոր հրաման տալը, որ դիրքերից հետ քաշվեն, ռազմավարական կետեր, բարձունքներ, ճանապարհներ հանձնելը ադրբեջանցիներին՝ առանց սահմանագծման եւ սահմանազատման՝ չհասկանալով, որ մի օր, երբ դա իրականացնելու լինենք, այլեւս դժվար է լինելու ադրբեջանցիներին հետ շպրտել, ճանապարհներ, որոնք հանձնվել են ադրբեջանցիներին… Սյունիքի մարզում բազմաթիվ գյուղեր, որոնք հայտնվել են անանցանելի ճանապարհային վիճակում, բայց երբ ադրբեջանցիները մաքսակետ են տեղադրել, միանգամից մեր կողմից դիմացը տարել, մաքսակետը տեղադրել են: Երբ անհրաժեշտ է զինվորական ստորաբաժանում՝ մարտական հերթապահության առումով արագ տեղակայել, որոշում ընդունել՝ չեն անում, բայց ադրբեջանցիների մաքսակետի դիմաց միանգամից այդ «բուդկեն» տեղադրել են: Սա նշանակում է ժողովրդից թաքուն իրականացնել ռեալ սահմանների ճշտումներ, մանավանդ, որ ադրբեջանցիները այդ սահմանագծում եւ սահմանազատումն իրականացնում են պարտադրանքի ձեւով:
Ալիեւի հոխորտանքը նրա հայատյաց քաղաքականության շարունակությունն է, պարտված իշխանությունները գտնվում են պարտադրանքի ներքո: Ես ուսումնասիրություններ եմ կատարել, որ այդ ապաշրջափակման անվան տակ երկու հանգամանքի վրա պետք է ուշադրություն դարձնել: Առաջինը՝ թուրք-ադրբեջանական խաբկանքն է՝ խաբելու ՀՀ իշխանություններին, երկրորդն այն է, որ ապաշրջափակումը մեր համար լինելու է խորը շրջափակում: Մի քանի ճանապարհներ պետք է լինեն այդ հատվածով: Մենք մոտավորապես գիտենք ճանապարհները՝ որտեղով կարող են լինել: Սա խոսում է նրա մասին, որ գաղտնի պայմանավորվածություններ կան բանավոր ու Ալիեւը վստահ է, որ դա լինելու է, դրա համար էլ ասում է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ