Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար խորհրդարանը դեկտեմբերի 7-ի ԱԺ նիստում քննարկել է Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
Ըստ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի՝ նախաձեռնության նպատակն է լուծել իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները եւ համապատասխանեցնել միեւնույն ոլորտը կանոնակարգող իրավադրույթները:
Առաջարկվող փոփոխություններով մինչեւ 16 տարեկան եւ 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն մինչեւ նրանց 19 տարին լրանալը, իսկ 19 տարին լրացած լինելու դեպքում՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման, ինչպես նաեւ օրենքի համապատասխան հոդվածներով սահմանված բժշկական վերափորձաքննության ժամկետով: Պաշտպանության նախարարի միջնորդությամբ 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագիր կարող է տրամադրվել նաեւ այլ ժամկետով՝ ուսման, բուժման, սպորտային, մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Նախաձեռնությամբ երկարաձգվում է ՀՀ քաղաքացիներին ոչ կենսաչափական տվյալներով անձնագրերի տրամադրման ժամկետը՝ 2022 թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:
Կարդացեք նաև
Արա Ֆիդանյանի տեղեկացմամբ՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել:
Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կոչ արել կողմ քվեարկել նախաձեռնությանը:
ԱԺ