Եթե աշխատողը չի ներկայացնում պատվաստված լինելու փաստ կամ թեստավորման փաստաթուղթ, ապա գործատուին իրավունք է տրվում չթույլատրել ներկայանալ աշխատանքի վայր, չվճարել այդ ժամանակահատվածի աշխատավարձը․ տասը աշխատանքային օր չներկայանալու դեպքում գործատուն իրավունք է ստանում աշխատանքից ազատելու՝ երեք օր առաջ այդ մասին տեղեկացնելով աշխատողին։ Այսպես է սահմանում ՀՀ կառավարության հեղինակած՝ «Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների մասին» եւ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը, որն այսօր ԱԺ լիագումար նիստում զեկուցեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։
Նա նշեց, որ վերոհիշյալ կարգավորումը չի վերաբերում որոշ պաշտոնյաների աշխատանքից ազատմանը՝ նախագահ, վարչապետ, պատգամավոր, համայնքապետ, ՄԻՊ, ՍԴ դատավոր, գլխավոր դատախազ եւ այլն․ «Բացառությունը սահմանված է, որովհետեւ նշյալ պաշտոններն ընտրովի են կամ չունեն վերադասություն»։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը հետաքրքրվեց՝ ՍԴ-ում առողջապահության նախարարի հրամանը վիճարկող դիմում է քննվում, ավելի ճիշտ չի՞, եթե այս նախագիծը հետաձգվի։
Փոխնախարար Ռուբեն Սարգսյանը պատասխանեց՝ այն, որ ՍԴ-ում գործընթաց կա, դա հիմք չի, որովհետեւ չգիտենք, թե ՍԴ-ն ինչ է որոշելու․ «Դա հիմք չէ այս նախագիծը հետաձգելու, առավել եւս, որ համաճարակային իրավիճակը ռիսկեր ունի։ Կարծում եմ՝ չպետք է սպասել ՍԴ-ի որոշմանը»։
Կարդացեք նաև
«Հայաստան» դաշինքից Արամ Վարդեւանյանը համոզմունք հայտնեց, որ սրանով գործատու-աշխատող հարաբերություններում անասելի լարվածություն կլինի․ «ՀՀ-ն միակ երկիրը չէ, որտեղ նման քննարկումներ են տեղի ունենում։ ԱՄՆ-ում, օրինակ, պատվաստումների համար կոնկրետ գործողություններ են անում, բայց նման բարեփոխումը կասեցվել է, որովհետեւ գոյություն ունեն իրավունքներ։ Չի կարելի ստեղծել իրավիճակ, երբ իրավունքը հետին պլան է մղվում, անգամ եթե նպատակը կարեւոր է։ Այո, կորոնավիրուսի դեմ պայքարը կարեւոր է։ Ես եւ հարազատներս պատվաստվել ենք, դա է ճիշտ մոտեցումը։ Բայց մի բան է բժշկի խոսքը, մի այլ բան՝ պետության կողմից հարկադրանք բերելը, առավել եւս, երբ պետությունը թեստավորման վճարը, բեռը դնում է աշխատողի վրա»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ