«Հարց է առաջանում՝ դա միայն Ալեն Սիմոնյանի՞ անձնական դիրքորոշումն է, թե՞ ՔՊ-ի փաստացի դիրքորոշումը: Ես դիմել եմ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին՝ ասելով՝ կա՛մ դուք հրապարակային դատապարտեք Ալեն Սիմոնյանի մոտեցումը, հակառակ դեպքում դուք ստորագրում եք նրա յուրաքանչյուր բառի տակ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ «Դեժավյու» տելեգրամյան ալիքը աղմկահարույց տեսանյութ էր տարածել, որտեղ նա միջոցառումներից մեկի ժամանակ մի քաղաքացու հետ խոսում է գերիների թեմայով. «Էդ գերիների, էդ մարդկանց, զինվորների նպատակը ո՞րն է եղել, որ գնացել են… Հայրենիքը։ Հիմա կներես, կարող է մի քիչ սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրենք չկան, իմ համար չկան։ Իսրայելը, երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում, ինքը խփում է էդ ինքնաթիռը։ Իսկ գիտե՞ք էդ գերիները ովքեր են, էն մարդիկ են, որոնք զենքը դրել եւ փախել եւ մոլորվել են։ Ես սա բարձր չեմ կարող ասել»:
Աննա Գրիգորյանն ասաց, որ ժողովուրդը պետք է հասկանա՝ իշխող ուժի համար գերիների հարց կա՞, թե՞ չկա ու եթե Ալեն Սիմոնյանն ասում է՝ նրանք դասալիքներ են, դատախազությո՞ւնը պետք է զբաղվի այդ հարցով. «Քաղաքակիրթ հասարակությունում ԱԺ նախագահը, ով հանդիսանում է երկրում երկրորդ կամ երրորդ անձը, նման հայտարարության համար բարոյական տեսանկյունից պետք է հրաժարական ներկայացներ: Մենք իրավական տեսանկյունից եւս նախաձեռնություններ մշակում ենք այս առումով»:
Կարդացեք նաև
Աննա Գրիգորյանը հավելեց, որ պետության պարտավորությունն է բոլոր գերիներին վերադարձնել, իսկ երբ հայտարարում են, որ նրանք մեզ համար գոյություն չունեն, դասալիքներ են, նշանակում է այդ հարցով չեն էլ զբաղվում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ