Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ ԱԺ միջանցքում սեռական բնույթի հայհոյանքներ էին հնչում ու ծեծկռտուք էր:
Իշխան Սաղաթելյանի օգնական Սյունե Գեւորգյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում ծեծի են ենթարկել ընդդիմադիր պատգամավորների օգնականներին. «Պատճառների մասին տեղյակ չեմ, բարձրացա աշխատասենյակ, լսում եմ ձայներ: Իշխան Սաղաթելյանի օգնականն էր, Գերասիմն էր՝ Թադեւոս Ավետիսյանի օգնականը, մեկ էլ Տարոն Ղազարյանը՝ տիկին Արմենուհի Կյուրեղյանի օգնականը: Իրենք երեքով էին: Տեսա, որ մեր տղաների վրա էին հարյուր հոգով հարձակվել: Տարոն Ղազարյանին առանձին միջանցքում բռնել են, նորից ծեծում էին: Անվտանգությունը ոչ մի բան չէր անում, մենակ մեր տղաներին քաշեցին էս կողմ»:
Միջադեպի ժամանակ ներկա էին ՔՊ-ական պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Սիսակ Գաբրիելյանը, Հրաչյա Հակոբյանը:
Կարդացեք նաև
Ռուբինյանի աշխատասենյակ գնաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պարզելու, թե ինչ է եղել:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նույնպես տեղյակ չէր, թե ինչ է եղել, ասաց՝ կպարզեմ:
ՔՊ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իհարկե, ծեծկռտուքը նորմալ չի, բայց միջադեպի մասին ոչինչ չգիտի. «Ես արդեն 6 տարբերակ եմ լսել դեպքի, վեցն էլ տարբեր: Դուք ինձանից ավելի շուտ եք եկել, դուք գիտեք ավելի շատ»:
Ավելի ուշ Հրաչյա Հակոբյանն ասաց. «Երբ ես եկա հասա այդտեղ, արդեն ծեծկռտուքը սկսված էր»: Նա շտապեց մտնել նիստերի դահլիճ: Ռուստամ Բաքոյանը նույնպես վստահեցրեց, որ վերջին պահին է հայտնվել դեպքի վայրում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հ. Գ. Ավելի ուշ Հրաչյա Հակոբյանն ասել է «Ազատությանը» տված հարցազրույցում Հրաչյա Հակոբյանը պնդել է, թե ամբողջ միջադեպի պատասխանատուն ընդդիմադիր պատգամավորների օգնականների պահվածքն է եղել միջանցքում։ Ինքն ու իր գործընկեր Սիսակ Գաբրիելյանն են եղել, ասում է, երբ դաշնակցական Գերասիմ Վարդանյանն ու նրա գործընկերները տարօրինակ հայացք են նետել իրենց վրա։ Իրենք փորձել են պարզել, թե ինչ է եղել պատճառը, ինչին ի պատասխան՝ սուր արձագանքի են արժանացել։
«Ազգային ժողովի միջանցքում իրենք իրենց խուլիգանական կեցվածքին վայել դեմքի արտահայտություններով, խոսելաոճով, երբ իմ գործընկերը փորձեց պարզաբանել, թե ինչ-որ բան ունե՞ր ասելու նա մեզ, թե՞ ոչ, նա հոխորտացող դեմքի արտահայտությունով առաջ-առաջ գալով խոսում է Ազգային ժողովի պատգամավորի հետ։ Գերասիմի մասին է խոսքը, ով որ Արարատ Միրզոյանի սպանության փորձի մեջ է մեղադրվում, ով որ խուլիգանական արարքներով ներխուժել են «Ազատության» գրասենյակ», – պատմեց Հակոբյանը։
Նրա ներկայացմամբ՝ ինքը, Սիսակ Գաբրիելյանն ու մյուս իշխանական պատգամավորները բուն ծեծկռտուքին մասնակից չեն եղել, աղմուկից հետո են մոտեցել։
Իր ունեցած տեղեկությունների համաձայն, ծեծկռտուքը իշխանականների ու ընդդիմադիրների օգնականների միջև սկսվել է, երբ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչը դուրս է եկել աշխատասենյակից. «Ըստ ինձ հասած տեղեկությունների, լուրերի, նա ուղղակի փորձել է ճողոպրել, բայց քանի որ էնտեղ ասելիք է ունեցել, այդտեղից սկսվել է քաշքշուկ։ Ինչ վերաբերվում է Գերասիմի էդ մաթեմատիկական զեղումներին՝ քառասուն հոգի… դրան թերևս… էդտեղ լրագրողներ են եղել և տեսել են, որ էդտեղ տասը հոգի էլ կարող ա չլիներ… Ինձ հասած տեղեկություններով, ես էնտեղ չեմ եղել։ Ես հետո, երբ որ արդեն ինքը սենյակից դուրս էր գալիս, ես տեսա, որ ծեծկռտուք ա»։
ԱԺ-ում այս ծեծկռտուքի վերաբերյալ հրապարակումներն ուսումնասիրվում են դատախազությունում: