Վանաձոր խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Հայրենիք» կուսակցությունը եւս ավագանու կազմում է: Կուսակցությունը ստացել է 2 մանդատ:
Aravot.am-ը փորձեց պարզել, թե արդյոք իրենք պատրաստվո՞ւմ են միանալ մեկ այլ քաղաքական ուժի: «Հայրենիք» կուսակցության Լոռու մարզային կառույցի ղեկավար Վահե Դոխոյանն ասաց՝ քանի որ դեռեւս հայտնի չեն ընտրությունների վերջնական արդյունքները, միանալու մասին խոսելը վաղ է. «Ոչ մեկից առաջարկ չենք ստացել եւ դեռեւս ոչ մեկին առաջարկ չունենք: Մենք չենք համագործակցի միայն այն ուժի կամ ուժերի հետ, ովքեր մեզ հետ ունեն գաղափարական եւ ռազմավարական հակասություններ: Այս պահին, որ բացառում եմ՝ դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որի հետ մենք ընդհանուր ոչինչ չունենք: Մնացածի հետ կապված դեռ լոլայություն կա»:
Խոսելով ընտրությունների ընթացքի մասին, Դոխոյանն ասաց նաեւ, որ իրենք խախտումներ չեն նկատել. «Մենք աշխատել ենք միայն ի օգուտ մեզ: Ժամանակ չենք ունեցել շատ հետեւենք ուրիշ քաղաքական ուժերի անելիքներին: Մեր մասով ոչ մի խախտում կամ ճնշում չեմ նկատել»,- ասաց Դոխոյանն ու տեղեկացրեց, որ իրենք վերահաշվարկի պահանջ եւս չունեն:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ