Այն բոլոր զինծառայողները, որոնք վայր են դրել իրենց զենքը ու հանձնվել են գերության եւ քննությամբ կպարզվի, որ իրենք նման գործողություն են արել, նրանց նկատմամբ քրգործ է հարուցվելու ամենայն հավանականությամբ:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ կապված «Դեժավյու» տելեգրամյան ալիքը աղմկահարույց տեսանյութ էր տարածել, որտեղ նա միջոցառումներից մեկի ժամանակ մի քաղաքացու հետ խոսում է գերիների թեմայով. «Էդ գերիների, էդ մարդկանց, զինվորների նպատակը ո՞րն է եղել, որ գնացել են…Հայրենիքը։ Հիմա կներես, կարող է մի քիչ սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրենք չկան, իմ համար չկան։ Իսրայելը, երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում, ինքը խփում է էդ ինքնաթիռը։ Իսկ գիտե՞ք էդ գերիները ովքեր են, էն մարդիկ են, որոնք զենքը դրել եւ փախել եւ մոլորվել են։ Ես սա բարձր չեմ կարող ասել։ Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ինչի էդ գերիների ծնողները հիմա ակտիվ չեն։ Որովհետեւ էդ մարդիկ գիտեն, որ էդ մարդիկ դասալքություն են արել, իրենք զենքը դրել եւ փախել են, հայտնվել են գերության մեջ»,- ասել էր ԱԺ նախագահը:
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Ալեն Սիմոնյանը հայտարարեց. «Այն բոլոր զինծառայողները, որոնք վայր են դրել իրենց զենքը ու հանձնվել են գերության եւ քննությամբ կպարզվի, որ իրենք նման գործողություն են արել, նրանց նկատմամբ քրգործ է հարուցվելու ամենայն հավանականությամբ: Դա օրենքի պահանջն է, իմ ասածը չի: Բանակցային պրոցեսում մենք այդ հումանիտար հարցը բարձրացրել ու բարձրացնելու ենք: Մեր գործընկերները նստում ու հետազոտում են, թե իմ բանակցային գործընթացում ես որ հանդիպման ժամանակ ինչ հարց եմ բարձրացրել: Պետք վստահեցնեմ, որ մեր բոլոր քննարկումների ժամանակ այդ հարցը բարձրացվել է, բայց այն մարդիկ, ովքեր չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունը, զենքը վայր են դրել եւ հանձնվել են գերի…Ես տեսնում եմ նաեւ ֆեյսբուքում հաճախ այդ հերոս բառը բավականին արժեզրկվել է՝ բոլորի նկատմամբ հավասար սանդղակ կիրառելու պատճառով: ՀՀ բանակում կան բազմաթիվ հերոս տղաներ, նրանք շատ են, նրանք մեր հպարտությունն են, բայց ցավոք սրտի կան զինվորներ եւ սպաներ, որոնք իրենց պարտականությունը չեն կատարել եւ հայտնվել են գերության մեջ»:
Կարդացեք նաև
Հարցին՝ նախաքննությունը չի ավարտվել, դուք ինչո՞ւ եք իրավապահների գործառույթը ձեր վրա վերցնում՝ նա պատասխանեց. «Կանխակալ վերաբերմունք չեմ ձեւավորում, ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսում է, որ նման դեպքերում պետք է պատասխանատվություն կրվի: Դրա մասին խոսել է նաեւ վարչապետը: Այդ պատասխանատվությունը կրելու են այն բոլոր մարդիկ, որոնք օրենք են խախտել եւ ՀՀ սահմանը պաշտպանելու փոխարեն նախընտրում են հանձնվել: ՀՀ սահմանապահը, կամ զորքը, որը կանգնած է եւ պահում է սահմանը, ինքնին այդ հրամանն ունի կրակելու: Այն հրամանատարը, որը այդպիսի հրաման է տվել չկրակելու, նույնպես ենթարկվելու է քրեական պատասխանատվության»:
Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ ՀՀ-ում չկա այդպիսի անձ, ով օրենք խախտի ու չենթարկվի պատասխանատվության, իսկ ՀՀ պաշտպանության բանակում չկրակելու հրաման չի տրվել:
Հարցին՝ դուք այդ տեսանյութում մերժում եք ողջ-առողջ մարդանց գոյությունը, ոչ թե խոսում քրեական պատասխանատվության մասին, ասում եք՝ նրանք իմ համար գոյություն չունեն՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Չէ, նյութը մոնտաժված է, խոսքը գնում է այլ բանի մասին, բանակցությունների մասին, տարբեր իրավիճակներում պետության դիրքորոշման մասին: Նյութը մոնտաժված է: Ես շատ ցավում եմ, որ մեր հայրենակիցները, որոնք ներկայանում են աջակից, գալիս են, խնդրում են, ասում են՝ կարելի՞ է ձեզ մի հարց տալ: Ես հիշում եմ, մի աղջիկ, որի անունը կարծեմ Հասմիկ էր, հեռախոսը պահել էր, ասեցի՝ խնդրում եմ, չնկարահանես, որովհետեւ մենք զրույցի ենք բռնվել, որը ես չեմ ուզում հրապարակային ասել, դրա կարիքը չեմ տեսնում, ինքն ասաց՝ չէ, չէ: Ես դրան որակում չեմ ուզում տալ: Իսկ նյութը մոնտաժված է: Բանակցային առումով ես իրենց մասին պետք է զգույշ լինեմ: Նման իրավիճակները օգտագործվում են ՀՀ շահերը հետ մղելու համար: Այն բոլոր մարդիկ, ովքեր նման քայլ են անում, պետք է գիտակցեն, որ կա քրեական պատասխանատվություն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ