Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում, «Սասնա ծռերի» գործով բողոքի քննության ժամանակ վեճ տեղի ունեցավ «Սասնա ծռերի» համակիրների, 20016-ին ՊՊԾ գնդի գրավման արդյունքում զոհված ոստիկանների ներկայացուցիչների եւ դատարանի միջեւ: Վեճը նախորդեց եւ հաջորդեց Վարուժան Ավետիսյանի պաշտպանի միջնորդությանը՝ Վարուժան Ավետիսյանին արտերկիր բուժման մեկնելու թույլտվության մասին: Դատարանը մերժեց միջնորդությունը՝ նկատելով, որ ներկայացված բժշկական փաստաթղթերում չկան հիմնավորումներ, որ Վարուժան Ավետիսյանի կյանքին վտանգ է սպառնում:
Որոշման հրապարակումից հետո դատարանի եւ «Սասնա ծռերին» սատարողների միջեւ լեզվակռիվ սկսվեց: Դատարանի նկատմամբ մեղադրանքներ հնչեցին, որ արդարադատություն չի իրականացնում:
Մինչ այդ, միջնորդության ներկայացման ժամանակ ռեպլիկ էր նետել ՊՊԾ գնդի գրավման ժամանակ սպանված ոստիկաններից մեկի կինը. «Ամուսինս գետնի տակ է, ինքը գնում է Գերմանիա՝ բուժվի»: Այս ռեպլիկից հետո «Սասնա ծռերի» եւ պատասխանողների ներկայացուցիչների միջեւ նույնպես լեզվակռիվ եղավ:
Այսօր դատարանում տեղի տվեցին նաեւ Պավլիկ Մանուկյանի նյարդերը: Անդրադառնալով «Սասնա ծռերի» գործով դատարանի վճռին, դրա հիմնավորումներին, խմբի անդամ Պավլիկ Մանուկյանն անդրադարձավ գնդի գրավման արդյունքում վիրավորում ստացած, ապա մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի մահվան հանգամանքներին, իրականացված փորձաքննությանը: Նա իբրեւ ականատես-վկա պնդեց, որ կրակոցը եղել է նախազգուշական, որից հետո վիրավորում ստացած Գագիկ Մկրտչյանի հետ կես ժամ նստել-զրուցել են, ապա նա իր ոտքով նստել է շտապ բուժօգնության մեքենան եւ գնացել: Մինչդեռ մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ Գագիկ Մկրտչյանն արնաքամ է եղել, ինչը տվյալ պարագայում, Պավլիկ Մանուկյանը բացառում է: Նա նաեւ նկատեց, որ մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ Գագիկ Մկրտչյանը վիրավորում ստանալուց 21 օր անց, ուշքի չգալով մահացել է, «բայց հետո, պարզվում է, որ հիվանդանոցում եւ կինը, եւ քույրը տեսակցել են Գագիկ Մկրտչյանին, ինչի մասին քննչական մարմինն ու դատախազությունը ուշադիր լռում են»: Պավլիկ Մանուկյանը խնդրեց, որ դատարանը կրկնակի քննություն անցկացնի եւ իբրեւ մեղադրյալ ներգրավվի դատախազությանը եւ գործով դատախազներին: Մեղադրական եզրակացությունն էլ իբրեւ «գոմաղբ՝ տա նրանց թեւի տակ»:
Կարդացեք նաև
«Հանգիստ պահեք ձեզ»,- դատավորի դիտողությանն էլ Պավլիկի Մանուկյանն արձագանքեց. «Հանգիստ չեմ կարող պահել, աղբը լցրել են վրաս, երեք տարի դատավարություն են խաղում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ