Լրահոս
«Ուղղական հոլով»
Օրվա լրահոսը

Հայ զինվորականի վառ օրինակ երիտասարդների համար. այսպիսինն էր Գեղամ Մադաթյանը

Դեկտեմբեր 07,2021 15:09

Գեղամը ուղիղ խոսող ընկեր էր, երբեք չէր ստի։ Հայրենիքին և ընտանիքին նվիրված մարդ։ Զրուցել ենք 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Գեղամ Մադաթյանի ծնողների և ընկերների հետ։

-Հարգարժան տիկին Աննման, խնդրում եմ մի փոքր պատմեք Գեղամի մասին, ինչպիսի՞նն էր նա ընտանիքում, ի՞նչ երազանքներ ու նպատակներ ուներ։

-Խելացի էր, կազմակերպված, «չէ» բառը չուներ։ Նպատակները շատ էին, երազանքները նույնպես․ ցանկանում էր դրսում շարունակել ուսումը, իր համար կարևորը ծառայությունն էր, մինչև անգամ ուզում էր 3 տարի ծառայել։ Հայրենիքը ավելի շատ էր սիրում, քան մեզ։ Չկար այնպիսի մեկը, որին չսիրեր։ Նրա համար վատ մարդ չկար։ Հումորով էր. փոքրերի հետ իրեն փոքր էր պահում, մեծերի հետ` մեծ։ Անգամ իր չսիրած կերակուրը լիներ՝ կուտեր, որ չնեղացնի ինձ: Կուտեր, բայց քիչ կուտեր։

Մեծ ապագա էր սպասվում Գեղամին․ թե Վազգեն Սարգսյանում, թե համալսարանում սպասում էին իրեն, անգամ փաստաթղթերը պահում էին, որ չգնա Մոսկվա, այլ իրենց մոտ վերադառնա։ Բնավորությամբ փակ մարդ էր։ Հնարավոր է ունենար երազանք, որի մասին անգամ մենք չիմանայինք։ Քչով բավարարվող էր, հարցնում էի․ «Ինչի՞ կարիք ունես,» -ասում էր․ «Ամեն ինչ էլ կա, մեղր ունենք»: Գիտեի, որ մեղր չի սիրում, ասում էր․ «Մամա էստեղ համով ա, ուտում եմ։»

Մեկ-մեկ ուզում եմ հիշեմ թերությունների մասին, չի ստացվում, չուներ թերություն։ Կամակոր չէր, եսասեր չէր, ինչ ասեմ․․․

-Պարոն Հովհաննես, ծառայության գնալիս ինչպե՞ս էր տրամադրված Գեղամը։

-Մարտական, ասում էր․ «Գնում եմ՝ Ջաբրայիլը տրաքացնեմ»: Տենց էր տրամադրված։ Շտապում էր։ Գիտեր, որ գնում է հարց լուծի։ Մենք չգիտեինք, որ պատերազմ է սկսվել, մտածում էինք՝ կրակոցներ են, կանցնի։ Ինքը գիտեր, թե ուր է գնում։ Ուտելիքի փոխարեն գրքերն էր տարել, 3 անգամ հետ եկավ շենքի բակից, շատ էր շտապում։ Անտրամադիր էր, բայց ցույց չէր տալիս։

-Ունե՞ր սիրած աղջիկ կամ ընկերուհի։

-Ունեցել է, սիրած աղջիկ էլ, ընկերուհի էլ։ Ամբողջ կուրսը իր ընկերուհիներն էին, բայց սիրած աղջիկ էլ է ունեցել։ Ընկերները ավելի շատ կիմանան, քան մենք։ Մեզ ասում էր․ «Ժամանակը կգա՝ կծանոթանաք։» Ինքը սիրում էր, որ ամեն ինչ վերջին պահին իմանաս։ Նույնիսկ մի անգամ Վազգեն Սարգսյանում պատվոգիր էր ստացել, հարցրեցի․ «Գեղամ ջան, մենակ քեզ ե՞ն տվել»: Ասաց՝ «Չէ՛»: Հետո իմացանք, որ մենակ իրեն են տվել։ Չէիր կարող ճիշտը իմանալ իրենից, գլուխ գովացող չէր։ Սիրում էր իր հարցերը ինքը լուծել, եթե անում էր, ուրեմն պետք է կատարյալ աներ, եթե չէ՝ չէր անում։

Զինվորական համազգեստը կոկիկ էր հագնում։ Ասում էր՝ պետք է զգաս, որ հագդ համազգեստ է։ Ոնց կոկիկ գնաց, տենց կոկիկ եկավ․ ամեն ինչը իր գրպանում, իր տեղում։ Գոտին, անգամ կոճակների գերբը պետք է ուղիղ լիներ։ Եթե թեքվեր՝ կասեր․ «Մամա՛, քանդի, կոճակները ուղիղ կարի»: Անկեղծ եմ ասում, չեմ տեսել Գեղամի նման հավաք ու կոկիկ մարդու, անգամ 3 տարվա սապոգ ուներ, որ մինչև հիմա տանն է, հայելու նման փայլում է։

-Հարցը ուղղեմ Գեղամի ընկերոջը․ Արտյո՛մ, ինչպիսի՞նն էր նա ընկերական շրջապատում։

-Գեղամը ընկերական շրջապատում նախ և առաջ առաջնորդ էր։ Թե որպես ընկեր, թե որպես անձնավորություն։ Տարբեր տեսակի է եղել իմ ու Գեղամի շփումը։ Եվ նույն դասարանում ենք սովորել, և նույն համալսարանում։ Այդ ամբողջ ընթացքում նկատել եմ, որ այս մարդու մեջ կա առաջ տանելու ձիրք։ Ինքը այն մարդն էր՝ որի հետ կարող էիր ժամերով խոսել ու չէիր հոգնի։ Եթե ինչ-որ բան էր տեղի ունենում իմ կյանքում՝ առաջինը Գեղամին էի զանգում։ Միշտ պատրաստ էր ինձ լսել։ Թեկուզ ռազմական ուսումնարանում լիներ, ժամանակ կգտներ, որ խոսեինք։ Գեղամը իմ համար ամենօրյա ընկեր է եղել, և՛ դժվար պահերին, և՛ ուրախ պահերին։ Ինչ արել ենք՝ իրար հետ ենք արել։ Երբ Գեղամը իմ հետ էր՝ մեծ ուժ էի զգում, իր վստահությունը, ամրությունը։ Ասես մի մեծ սար լիներ մեջքիս կանգնած։ Ու գիտեի, որ ինչ մտածում է՝ միշտ ուղիղ կասի։ Եթե ինչ-որ բան սխալ արած լինեի՝ ուղիղ երեսիս կասեր, որ սխալ եմ։ Որ իրեն էի դիմում օգնելու համար՝ ասում էր․ «Չէ, չեմ կարող օգնել, որ ես լինեի՝ սենց չէր լինի»:

Շատերը հագնում են զինվորական համազգեստ, բայց էությամբ զինվորական չեն։ Բայց Գեղամը հոգով ու սրտով զինվորական էր։ Պետք եղած ժամանակ՝ չոր, պետք եղած ժամանակ՝ փափուկ։

Ընտիր շախմատ էր խաղում, միշտ նստում՝ շախմատ էինք խաղում։ Որ հետը խաղայի, թողնում էր մեկ-երկու անգամ հաղթեի, հետո ինքն էր սկսում հաղթել։

Բոլորի հետ կարողանում էր լեզու գտներ։ Եթե անգամ մի թեմա հետաքրքիր չլիներ՝ կխոսեր, կհետաքրքրվեր։

Գեղամի զոհվելուց հետո հասկացա, թե ինչքան կյանքի նկատմամբ սեր կար իր մեջ։ Տարբեր ֆակուլտետներում էինք սովորում․ իմը հումանիտար էր, իրենը՝ բնագիտական։ Մի անգամ իմ հետ դասի նստեց․ բոլորից շատ էր հարցեր տալիս դասախոսին։ Ամեն ինչի հանդեպ այդ մանկական հետաքրքրությունը կար իր մեջ։

«Չէ» բառը չուներ, տղերքով ինչ որոշում էինք՝ համաձայնում էր։ Միշտ ասում էր․ «Մարդ ամեն ինչ պետք է փորձի այս կյանքում։» Առանձնակի նվիրում ուներ մեր բանակի, հայրենիքի, պետական արժեհամակարգի հանդեպ։ Արցախցի չէր, բայց աննկարագրելի սեր ուներ Արցախի հանդեպ։

-Պարոն Հովհաննես, եթե ունեք տեղեկություններ, կնշե՞ք նրա սխրանքներից պատերազմի ընթացքում։

-Միայն գիտենք, որ շրջափակման մեջ է եղել։ Իշխանաձորի ու Վարանդայի միջանցքում է կռվել։ Հետո Ջաբրայիլից նահանջել են։ Ոչ ոք չի եկել, որ պատմի Գեղամի մասին։ Վաշտում 74 հոգի են եղել՝ 14-ն է ողջ մնացել։ Ես երազում եմ, որ մեկը գա մեր տուն ու ասի, որ Գեղամի հետ է եղել։ Հեռախոսը հետը ուղարկել են, բայց կոդով է, մինչև հիմա չենք կարողանում բացել։

Լավատես էր։ Միշտ ասում էր՝ վատից էլ վատը կա։ Հիմա մտածում եմ՝ սրանից էլ վատը կա՞։ Մի կողմից էլ մտածում եմ, բա որ Գեղամին չբերեին, չտեսնեի, կամ փակ բերեին։ Ասում էի իրեն․ «Մենք Ղարաբաղի հետ ի՞նչ կապ ունենք», Գեղամը նեղվում էր․ «Մի ասա, ես ամաչում եմ քո ասածից, կարևորը Ղարաբաղն է»: Ասում էր․ «Գնալու եմ՝ Ղարաբաղում ապրեմ»: Իրեն չնեղացնելու համար համաձայնում էի, երևի սիրած աղջիկ ուներ էնտեղ։ Իր համար կարևորը Ղարաբաղն էր։

Իմ միակ սփոփանքը այն կլինի, որ Ղարաբաղը հետ բերենք։ Կռվով լինի, թղթով լինի՝ պետք է հետ բերենք։ Բայց առանց զոհի, Ղարաբաղի հողը այնքան զոհ է տեսել, որ դա հանցագործություն կլինի։

-Տիկին Աննման, պատերազմի ժամանակ կապ հաստատե՞լ էր ձեր հետ և ինչպես էր ներկայացնում իրավիճակը։ Ի՞նչ տրամադրություն ուներ։

-Պատերազմի ընթացքում ամեն օր հեռախոսով խոսում էինք։ Հոկտեմբերի 20-ին նույնիսկ 3 անգամ ենք խոսել։ Ասում էր․ «Ամեն ինչ նորմալ է»: Գիտեինք, որ Արցախի հարավում ադրբեջանցիները շրջափակումներ էին անում։ Ասում էր․«Հա, գիտեմ, ես էլ եմ շրջափակման մեջ եղել»: Շատ մանրամասներ չէր ասում, կոդերով էինք խոսում։ Ինքն էլ շատ բան չգիտեր, հարցնում էր․«Հեռուստացույցով ի՞նչ նորություն կա, ի՞նչ են ասում»:

Ներկա իրավիճակը շատ ծանր կտաներ Գեղամը։ Չգիտեմ ինչպես կմեկնաբաներ, ի՞նչ կասեր։ Վերջին անգամ, որ խոսեցի հետը՝ եկեղեցի էի գնում, ասաց․ «Ճիշտ ես անում մա՛մ, գնա»: Փաստորեն մոմ վառելն էլ չօգնեց։ Հավատս ամեն ինչի հանդեպ կորել է։ Ասում էր․ «7 օր էլ սպասեք՝ լավ կլինի»: Տենց էլ չիմացա, թե ինչի մասին էր խոսում, գուցե տուն պիտի գա՞ր։ Ես էի ուզում գնայի՝ չէր թողնում։ Երբ համոզում էի, որ ինքը գա՝ չէր համաձայնում, ասում էր․ «Էստեղ էնքան գործ կա անելու մամա, խրամատ պիտի փորենք»:

Գեղամը ճիշտ էր ասում՝ վատ լուրը շուտ է տեղ հասնում։ Տենց էլ եղավ։ Հոկտեմբերի 21-ին է եղել դեպքը։ Հոկտեմբերի 23-ին իմացանք, հեռուստացույցով հայտնեցին դեկտեմբերի 6-ին։

-Որպես զոհվածի հայր, ի՞նչ խորհուրդ կտաք բանակում ծառայող զինվորներին և զորակոչման պատրաստվող տղաներին։

-Լինեն հայ տղա, այս երկու բառով ամեն ինչ ասված է։ Հայի թասիբ ունենան ու լինեն հայ տղա։ Թե բանակում, թե Հայաստանում։ Դա ամեն ինչ է։ Սխալվելը նորմալ է, բոլորն էլ սխալվում են։ Տղան նախ պետք է իրեն կարողանա պաշտպանել՝ հետո հայրենիքը։ Գեղամը ճիշտ զինվորի օրինակ էր։

 

Գեղամ Մադաթյանի ծնողները նաև նշեցին, որ իր հայրենի գյուղում տեղադրվել է նվիրյալ զինվոր Գեղամի և մյուս անմահացած զինվորների պատվին հուշաքար։

Գեղամ Մադաթյանը Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է մարտական ծառայության մեդալով։

Զրուցեց Լևոն Կիրակոսյանը

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031