Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Պապիկյանը պահանջում է արդարացնել Արայիկ Խանդոյանին կամ գործը ուղարկել նոր քննության

Դեկտեմբեր 07,2021 14:40

Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ «Սասնա ծռերի» գործով բողոքի քննությունը: Պաշտպան Արայիկ Պապիկյանը ներկայացրած Վերաքննիչ բողոքը վերաբերվում է միայն Արայիկ Խանդոյանի մասով առաջին ատյանի դատարանի կայացրած վճռին: 2021-ի փետրվարի 24-ին առաջին ատյանի դատարանը կայացրել է քրեական հետապնդումը դադարեցնելու վճիռ՝ անձի մահվան հիմքով: Պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտարարեց, որ առաջին ատյանի դատարանը ձեւական քննություն է իրականացրել՝ քրեադատավարական խախտումներով, դատարանն արդարադատություն չի իրականացրել, քանի որ պահպանվել է զուտ ձեւը: Պաշտպանը նկատեց, որ դատավճիռն ու մեղադրական եզրակացությունը որոշ առումներով նույնական են եւ եզրակացրեց, որ եռամյա դատավարությունն ընթացել է կանխորոշված ելքով:

Հիշեցնենք, «Սասնա ծռեր»-ի անդամներից Արայիկ Խանդոյանին («Միայնակ գայլ») նախաքննական մարմինը մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդառություն) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը) հոդվածներով:

Արայիկ Պապիկյանի գնահատմամբ, մեղադրանքներում հստակություն չկա, այն կոլեկտիվ բնույթ ունի, անհատականացված չէ. 30 «ապստամբների» մոտ եղել է 10 միավոր զենք եւ ռազմամթերք: Արայիկ Պապիկյանը հավելում է՝ հստակեցված չէ, թե ո՞վ եւ ի՞նչ զենք էր կրում, միաժամանակ բոլորը նույն գործողությունը չէին կարող անել այն պատճառով, որ անձինք 30 եւ ավելի էին, իսկ զենքը՝ 10 միավոր: Ըստ պաշտպանի, նաեւ, դատավարության ընթացքում ապացուցվել է, որ խմբի ոչ բոլոր անդամներն են զենք կրել կամ փոխադրել, այն տեսել են միայն գունդը ազատագրելուց հետո: Որեւէ փաստ, որ Արայիկ Խանդոյանը ձեռք է բերել, կրել, փոխադրել ռազմամթերք, դատավարությամբ չի ապացուցվել: Հետեւաբար, Արայիկ Պապիկյանի պնդմամբ, Արայիկ Խանդոյանը չի կարող պատասխանատվություն կրել այդ մեղադրանքով, քանի որ մեղադրանքի մեծ մասը Արայիկ Խանդոյանին չի վերաբերվում եւ չի համապատասխանում քրեադատավարական օրենքին: Դատավճռի պատճառաբանությունները, պաշտպանի գնահատմամբ, կոլեկտիվ են, տրամաբանական կապ չունեն՝ ինչպես պահանջվում է Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով:

Արայիկ Պապիկյանը ՀՀ վերաքննիչ դատարանից պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը՝ արդարացնել Արայիկ Խանդոյանին կամ գործն ուղարկել նոր քննության:

Նախորդ դատական նիստերում մյուս պաշտպանները նույնպես Վերաքննիչ բողոքներ էին ներկայացրել իրենց պաշտպանյալների մասով: Դատախազն առարկեց բոլոր բողոքների դեմ եւ հայտարարեց, որ դրանք ենթակա են մերժման:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարները՝ ԱԺԲ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031