«Ուզում են օրակարգից շեղել։ Առավոտից, եւ ոչ միայն այսօր, մեր որոշ գործընկերներ «քոչարյանացավ» են կպել։ Ինչ անհեթեթ մեղադրանք ասես՝ ասում են»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով իշխանական խմբակցության մեղադրանքներին, թե խորհրդարանական ընդդիմությունն ու իր ղեկավար Ռոբերտ Քոչարյանն ինչ-ինչ պայմանավորվածությունների մեջ են Ադրբեջանի իշխանության հետ՝ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նա նշեց․ «Պաշտոնապես հաղորդում եմ ներկայացրել քննչական մարմին եւ պահանջել, որ ԱԺ մի շարք պատգամավորներ ներգրավվեն եւ ներկայացնեն հիմնավորումներ այն մասին, թե ինչ են ասում այս ամբիոնից։ Հակառակ դեպքում կամ նրանք պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն՝ ծանր վիրավորանք հասցնելու համար, կամ սուտ մատնության համար։ Հերիք այս ամբիոնը չարաշահեք եւ օգտագործեք ձեր քանակական առավելությունը հաշվի առնելով։ Չի կարելի այդքան նսեմացնել ԱԺ ամբիոնը»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ