Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եք Լավրովի պլան կոչեք, ուզում եք՝ Մինսկի խմբի առաջարկ կոչեք․ բովանդակությունը 2016թ․ հունվարից հետո չի փոխվել»․ Եղոյան

Դեկտեմբեր 07,2021 14:12

«Պարոն Սիմոնյան, դուք ասացիք, որ հանրությունը հոգնել է կենցաղային ելույթներից։ Նման մի ելույթ դուք ունեցաք ՌԴ-ում՝ դառնալով դիվանագիտական սկանդալի կիզակետ։ ՌԴ ԱԳՆ-ն ձեզ մեղադրեց երեւակայությանը զարկ տալու մեջ։ Կպարզաբանե՞ք՝ ի՞նչ ասել է «Լավրովի պլան»։ Ի դեպ, ՌԴ ԱԳՆ-ն նաեւ ասել էր, որ խմբագրված փաթեթ է կողմերին ներկայացրել 2019թ․-ին։ Ի՞նչ փաստաթուղթ էր դա»,-ԱԺ լիագումար նիստում այսօր դիմելով խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Չեմ մեկնաբանելու, որովհետեւ ամեն ինչ ասված է։ Որեւէ նոր բան չեմ ասել, որեւէ բան չեմ ավելացնի։ Ձեզ խնդրում եմ հարցեր տալիս ձեր անձնական գնահատականն իջեցրեք։ Եթե կիսածաղրական գնահատական քիչ դնեք հարցում, բովանդակությունն ավելի լավը կլինի»,-պատասխանեց Ալեն Սիմոնյանը։

Խամոյանն արձագանքեց․ «Դաստիարակչական դիտարկումների վերաբերյալ հիշեցնեմ, որ դուք եք ԱԺ նախագահը եւ դուք եք ՌԴ-ում սկանդալային հայտարարություն արել, մեղադրել ռազմավարական դաշնակցին։ Կրկնեմ մյուս հարցը՝ ի՞նչ բանակցային նրբությունների եք տիրապետում։ 2019թ․-ին դուք ու ձեր ղեկավարը վստահեցնում էին, որ բանակցային գործընթացում նորություն չկա, հերքում էին Լավրովին, որն ասում էր, որ փուլային տարբերակ է քննարկվում»։

«Գուցե ձեր համար է սկանդալային։ Հանրության համար որեւէ սկանդալային բան չկար։ Ռուսաց լեզվի լավ մասնագետի հետ խորհուրդ կտամ այդ տեսանյութը նորից դիտել։ Որեւէ նոր բան չեմ ասել, ավելացնելու բան չունեմ»,-կրկնեց Ալեն Սիմոնյանը։

Ապա ՔՊ-ական Արման Եղոյանն էլ նշեց, որ 2019թ․-ի առաջարկներում նորություն չի եղել․ «Իսկ այստեղ ասում եք, թե այդ ինչ փաստաթուղթ է եղել։ Կարգավորման հայտնի տարբերակն է եղել փուլային, սկզբից 5, հետո՝ 2 շրջան վերադարձնելը՝ առանց ԼՂ կարգավիճակի հստակեցման։ Չգիտե՞ք։ Այնպես էլ նայում եք․․․չէ, ոչ մի սկանդալային բան չեմ ասում, հայտնի բան եմ ասում։ Դա ասել է նաեւ ՌԴ համանախագահողը, որը իրենք «ռուսական առաջարկներ» են կոչում եւ որոնք ընդունել են ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան։ Ինչի՞ վրա եք այդքան զարմացած։ Դա այնքան ծեծված թեմա է՝ յոթ շրջանի վերադարձ՝ կարգավիճակի հարցի հստակեցման հետաձգմամբ։ Ուզում եք Լավրովի պլան կոչեք, ուզում եք՝ Մինսկի խմբի առաջարկ կոչեք։ Փաստաթղթի բովանդակությունը 2016թ․ հունվարից հետո չի փոխվել»։

Հիշեցնենք, որ 2016թ․-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այդ թվում հայտարարել է՝ «կային առաջարկներ՝ ազատել Ղարաբաղին կից շրջանները՝ միաժամանակ որոշելով Ղարաբաղի կարգավիճակը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031