Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել էր՝ «ժամկետ նշեք, թե երբ է բացվելու Զանգեզուրի միջանցքը եւ ոչ մի խնդիր չի լինի»: Այսօր լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այս սպառնալիքի մասին խոսելով՝ ասաց. «Հարցն այն է, որ այս հայտարարությունը (նկատի ունի սահմանազատման, սահմանագծման վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը) պետք է օգտագործվեր, որպեսզի ոչ միայն պատասխան տրվեր Ալիեւին ու նրա նմաններին, այլ նաեւ ուժի համախմբմանն ուղղված գործողություն պիտի իրականացվեր»:
Ըստ Արծվիկ Մինասյանի, վախեցած իշխանություն ունենք ու այս վախեցած իշխանությունից սպասել, որ հերոսություն կանի, անիմաստ է. «Ի՞նչ է նշանակում միջանցք, դրա սահմանումը ոչ ոք չգիտի: Մի հատ բացատրեք, թե դրա տարբերությունը ո՞րն է՝ միջանցք եւ ճանապարհներ: Ոչ իրավական, ոչ տնտեսագիտական կատեգորիաներում չկա այդպիսի տարանջատում: Գոյություն ունի ճանապարհ, հաղորդակցության ուղիներ, կարող է լինել մեկ ճանապարհ, կարող է լինել՝ տասը: Մենք կանգնել ենք մի բախտորոշ իրավիճակի առաջ, ՀՀ գործող իշխանություններից պահանջում ենք, որ միանա մեզ ու հայտարարի, որ չի կարող լինել որեւէ նման համաձայնություն, որը ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը կարող է խախտել: Ասում եք՝ բա աշխարհը ծանոթ չի՞: Աշխարհը շատ բանի կարող է ծանոթ լինել, բայց երբ որ քո երկրից լսում է ոչ մի ձայն, ոչ մի գնահատական, ոչ մի դատապարտող խոսք, պահանջ, աշխարհն ասում է՝ դե լավ, ուրեմն իրենք իրար հետ լավ էլ լեզու են գտել»:
Արծվիկ Մինասյանը հորդորեց ժողովրդին հասկանալ՝ սա իշխանության համար կռիվ չէ, հայ ժողովրդի լինելիության կռիվ է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ