«Պարոն Օհանյան, ձեր ասածն աբսուրդի թատրոն է հիշեցնում։ Դուք անվտանգային հարցերի սոուսի ներքո ուզում եք քաղաքական հայտարարություն հրամցնել հանրությանը»,-ԱԺ լիագումար նիստում այսօր դիմելով «Հայաստան» խմբակցությանը՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Հիշեցնենք, որ սահմանազատման-սահմանագծման վերաբերյալ ԱԺ հայտարարություն ընդունելու նախագիծն այսօր քվեարկությամբ չընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ։ Ընդդիմությունը պնդում է՝ սրանով իշխանությունը հաստատում է, որ ժողովրդի թիկունքում զիջումներ կան, իսկ ՔՊ-ի կարծիքով՝ հայտարարության տեքստում անվստահություն է հայտնվում կառավարությանը, ինչն իրենց համար անընդունելի է։
Հայկ Կոնջորյանը շարունակեց․ «Իսկ գուցե հայտարարության նախագծում նշեք, որ դուք խորհրդարանական ընդդիմությանը եւս կոչ եք անում ժողովրդի թիկունքում հանկարծ պայմանավորվածությունների մեջ չմտնել, որովհետեւ մեր հանրության մոտ կա նաեւ շատ հիմնավոր կասկած, որ ձեր քաղաքական ուժն ու իր ղեկավարն, օրինակ, ադրբեջանական իշխանությունների հետ ինչ-ինչ պայմանավորվածությունների մեջ է։ Առաջարկս դիտարկեք խնդրում եմ»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ