Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի նախագահի հայտարարությունները սպառնալիք են պարունակում ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ. ԱԳՆ

Դեկտեմբեր 07,2021 12:56

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, 2021 թվականի նոյեմբերի 6-ին Ղուբայի շրջանի Ղոնախքենդ գյուղի բնակիչների հետ հանդիպման ընթացքում հանդես է եկել Ադրբեջանի պայմաններն ընդունելու և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման կոնկրետ ժամկետ հայտարարելու՝ Հայաստանին ուղղված պահանջներով: Ադրբեջանի նախագահը Հայաստանի Հանրապետությանը նաև մեղադրել է ճանապարհների և կոմունիկացիաների հարցում ոչ անկեղծ մոտեցումներ ցուցաբերելու մեջ:

Նշված հայտարարությունների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հարկ է համարում ընդգծել.

1. Ճանապարհների և կոմունիկացիաների հարցում Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պայմանավորվածությունները արձանագրված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում: Այդ հայտարարություններում Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանին միջանցք, միջանցքային տրամաբանության ուղի տրամադրելու որևէ պարտավորություն, պայման, պայմանավորվածություն չկա:

2. 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության մեջ արձանագրված է տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը ապաշրջափակելու՝ կողմերի պայմանավորվածությունը: Նույն հայտարարությամբ արձանագրված է, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը:

3. 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությամբ՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացման նպատակով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ:

4. 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության 3-րդ կետով սահմանվել է, որ գործունեության հիմնական ուղղություններն իրականացնելու նպատակով Աշխատանքային խմբի համանախագահները կհաստատեն այդ ոլորտներում փորձագիտական ենթախմբերի կազմը, որում կներառվեն Կողմերի իրավասու մարմինների ներկայացուցիչներ և կազմակերպությունների պաշտոնատար անձինք։

5. 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության 4-րդ կետով սահմանվել է, որ Աշխատանքային խումբը Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց, նույն կերպ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող փոխադրումների համար, որոնք պահանջում են հատել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքները:

6. Եռակողմ աշխատանքային խումբը 2021 թվականի հունվարի 30-ին հրավիրված առաջին նիստի ընթացքում որոշում է կայացրել ստեղծել փորձագիտական երկու ենթախումբ, որոնցից մեկը երկաթուղային, ավտոմոբիլային և կոմբինացված փոխադրումների, մյուսը՝ փոխադրումների ապահովման, ներառյալ՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնապահական, ֆիտոսանիտարական և հսկողության այլ տեսակների հարցերով:

7. Հայաստանի Հանրապետությունը ամենաբարձր մակարդակով մի քանի անգամ հայտարարել է, որ հետաքրքրված է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերը ապաշրջափակելու հարցով այն ըմբռնմամբ, որ Ադրբեջանի արևմտյան շրջանները Հայաստանի տարածքով ավտոմոբիլային և երկաթուղային կապ են ստանում ԱՀ Նախիջևանի ինքնավար հանրապետության (այսպիսով նաև Թուրքիայի) հետ, իսկ Հայաստանը՝ Ադրբեջանի տարածքով ավտոմոբիլային կապ Ռուսաստանի Դաշնության և երկաթուղային կապ՝ Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

8. Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ, եռակողմ աշխատանքային խմբի համանախագահող Ալեքսեյ Օվերչուկը 2021 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում հայտարարել է, որ եռակողմ աշխատանքային խմբում լուծումների փնտրտուքը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա. ճանապարհների նկատմամբ պահպանվում է այն երկրների ինքնիշխանությունը, որոնց տարածքով անցնում են այդ ճանապարհները, և որ սահմանների հատման ժամանակ հսկողության տեսակները իրականացվելու են փոխադարձության սկզբունքով: Ավելի վաղ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ եռակողմ աշխատանքային խմբում միջանցքի հարց չի քննարկվում:

9. 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման տարելիցի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարությունը տարածել է տեղեկատվական նյութ, որում հստակ արձանագրվել է, որ Եռակողմ աշխատանքային խմբի բոլոր մասնակիցները պայմանավորվել են, որ բոլոր ապաշրջափակվող և նորից ստեղծվող տրանսպորտային երթուղիները գործելու են հարգելով այն երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, որոնց տարածքով դրանք անցնում են:

10.2021 թվականի նոյեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի ընթացքում վերահաստատվել են սույն հայտարարության 9-րդ կետում նշված սկզբունքները:

Ելնելով վերը թվարկված հանգամանքներից՝ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է.

ա) Ադրբեջանի նախագահի հայտարարությունները իրենց բովանդակությամբ կապ չունեն նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների հետ, հակասում են Եռակողմ աշխատանքային խմբում և Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին, հետապնդում են ապակառուցողական և սադրիչ նպատակներ, սպառնալիք են պարունակում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ,

բ) Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է վերը թվարկված իր բոլոր հանձնառություններին, պատրաստ է վերը նշված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացմանը,

գ) Տարածաշրջանի կոմունիկացիաների՝ ավտոճանապարհների և երկաթուղիների վերականգնման և բացման գործընթացի միջոցառումների իրականացման ցանկը և ժամանակացույցը քննարկվում է Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, որի աշխատանքները խոչընդոտվում են Ադրբեջանի սադրիչ հռետորաբանության պատճառով:

Հայաստանի Հանրապետությունը անվտանգային ոլորտում իր հիմնական գործընկեր Ռուսաստանի Դաշնության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների և ողջ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ պաշտոնական Բաքուն շարունակում է ռազմաշունչ հայտարարություններով ուժի կիրառման հստակ սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության նկատմամբ՝ խախտելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում ՄԱԿ-ի կանոնադրությունը, և վտանգելով տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը:

Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանական Հանրապետությանը կոչ է անում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից և չխոչընդոտել տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը վերաբերվող պայմանավորվածությունների իրագործմանը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031