Արդեն հաստատվել է, որ հունվարի 1-ից ջրի սակագինը 20 դրամով բարձրանում է։
Սակայն թանկացումների այս արշավին շատ շուտով գումարվելու է նաև էներգակիրների հնարավոր թանկացման հարցը։ Այստեղ ուշագրավն այն է, որ էլեկտրաէներգիայի գինը վերջին անգամ փոխվել է փետրվարին, իսկ գազի գինը՝ հուլիսին, բայց ընդամենը մի քանի ամիս անց կրկին նոր թանկացման հարց է բարձրանում։ Այստեղ հատկապես կարևոր նշանակություն է ձեռք բերել Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի հարցը։ Այն կառուցվել է 2013 թվականի համաձայնագրի համապատասխան, ըստ որի, էներգաբլոկը պետք է 9 տոկոս եկամտաբերություն ունենար, այսինքն՝ արտադրված էլեկտրաէներգիան պետք է վաճառվեր հարևան Իրանին։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ գազի թանկացման հարցը կապել էր 5-րդ էներգաբլոկի խնդրի լուծման հետ, իսկ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը չի բացառել, որ հաջորդ տարվա փետրվարի 1-ից, էներգաբլոկի պարտքերով պայմանավորված, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացում կարող է տեղի ունենալ։ Ու, ընդհանրապես, էներգետիկ անվտանգության հարցը Հայաստանի համար առաջնահերթ նշանակություն է ձեռք բերել։ Եթե մեր երկիրը չկարողանա էլեկտրաէներգիայի արտահանման հզորություններ ստեղծել, ապա ընդհանրապես դուրս կմղվի տարածաշրջանում այս ոլորտում առաջ քաշվող նախագծերից, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը մեկը մյուսի հետևից նոր էներգետիկ ծրագրեր են առաջ քաշում՝ տարածաշրջանում իրենց դերակատարությունը բարձրացնելու նպատակով։
Բացի դրանից, աշխարհում ավելացել է հետաքրքրությունը համեմատաբար քիչ ածխածնային գազերի արտահանման և էկոլոգիապես մաքուր էներգիայի արտադրության միջոցների նկատմամբ, որոնցից մեկն էլ ատոմակայաններն են։
Կարդացեք նաև
Սակայն Հայաստանը ամեն անգամ ինչ-որ կերպ երկարացնում է արդեն իր դարն ապրած ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի կյանքը։ Այս անգամ ևս վերանորոգման արդյունքում դրա շահագործման ժամկետը երկարացվեց մինչև 2026 թվականը, սակայն հասկանալի է, որ հնարավոր չէ շահագործումն անվերջ երկարեցնել, ու մի օր անհրաժեշտություն է առաջանալու ատոմակայանի աշխատանքն ուղղակի կանգնեցնել՝ անվտանգության և այլ նկատառումներից ելնելով։ Այս ֆոնի վրա նոր ատոմակայանի կառուցման հարցը ուղղակի հրատապ նշանակություն է ձեռք բերում Հայաստանի համար ինչպես ներքին պահանջարկը բավարարելու, այնպես էլ տարածաշրջանում էներգետիկ բալանսն ապահովելու տեսանկյունից, որպեսզի մեր երկիրը պահպանի իր մրցունակությունն այս ոլորտում, հատկապես որ Թուրքիայում արդեն կառուցվում է «Ակկույու» ատոմակայանը, իսկ Ադրբեջանը ակտիվ ջանքեր է գործադրում, որպեսզի իր տարածքում ևս ատոմակայան կառուցվի։
Սակայն պետք է հաշվի առնել, որ նոր ատոմակայանի կառուցումը միլիարդավոր դոլարների հարց է, ուստի պետք է հայթայթել այդ գումարները՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենը պատրաստակամություն է հայտնել կառուցել ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկը։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։