Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պոպուլիստական նախագիծ է»,-ասաց Արսեն Թորոսյանը․ Թագուհի Թովմասյանը կոչ արեց չստել ու հիվանդանոցներ այցելել

Դեկտեմբեր 07,2021 11:47

ԱԺ լիագումար նիստում այսօր քննարկվեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հեղինակած՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում» փոփոխությունների նախագիծը լիագումար նիստի օրակարգ ներառելու հարցը։

Թագուհի Թովմասյան

Թագուհի Թովմասյանը հիշեցրեց, որ ըստ իր առաջարկի՝ զինծառայողի առողջության հետազոտումը կատարվում է առաջնահերթ եւ անվճար․ «Զինվորական հոսպիտալներ այցերի արդյունքում արձանագրեցինք, որ սպաների առաջնահերթ բուժօգնություն հնարավոր չէ։ Մինչեւ մեկ ամիս սպան կարող է հերթի մեջ լինել՝ որեւէ հետազոտության համար։ Այս նախագիծը պետբյուջեի վրա ծանրաբեռնվածություն չի դնում, այլ ամրագրում է պետության վերաբերմունքը զինծառայողի հանդեպ»։

Թագուհի Թովմասյանը հիշեցրեց, որ գլխադասային հանձնաժողովը մերժել է նախագիծը․ «Հիմա ամբիոնին կմոտենա գնդապետի որդի եւ կասի, թե մեզանից շա՞տ եք մտածում զինվորների մասին։ Այո, ձեզանից շատ ենք մտածում»։

Վիլեն Գաբրիելյան

Ապա ամբիոնին մոտեցավ հարցի հարակից զեկուցող, ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը․ «Տիկին Թովմասյանը շատ գունավոր է նկարագրում հիմնավորումները։ Բացասական եզրակացություն ենք տվել, որովհետեւ այդ արտոնությունները կառավարության որոշումներով արդեն իսկ տրվում են զինծառայողներին։ Այլ հարց է, որ կարող ենք քննարկել ու մեծացնել ծավալները»։

Թագուհի Թովմասյանն արձագանքեց․ «Նման բան գոյություն չունի։ Ես տեղյակ եմ 17-րդ հոդվածի 1-ին մասից, որում ասվում է՝ զորակոչի, զորահավաքի ներգրավման դեպքում քաղաքացու հետազոտությունը կատարվում է արտահերթ եւ անվճար։ Իսկ արդեն իսկ բանակ մտած քաղաքացին այդ արտոնությունից, որը տրված է օրենքով, զրկվում է։ Այսինքն, շահագրգռում ենք դառնալ զինծառայող, բայց դառնալուց հետո զրկում ենք առաջնահերթ բուժօգնություն ստանալու իրավունքից»։

Ապա «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը շատ տարօրինակ որակեց այն փաստը, որ նման նախագիծ է մերժվել․ «Այն նպատակ ունի ավելացնել զինվորական մասնագիտության գրավչությունը եւ զինծառայողի ծանրաբեռնվածությունը թոթափել։ Կարծում եմ՝ սա նաեւ զինծառայողների ընտանիքներին պետք է վերաբերեր։ Վիլեն Գաբրիելյանի ասածը չի համապատասխանում իրականությանը։ Առօրյայում ենք համոզվել, որ խնդիրը կա»։

Այնուհետեւ «Հայաստան» դաշինքից Արեգնազ Մանուկյանն ասաց․ «Եթե «դուխով» գլխարկ կրելու նախագիծ լիներ, ապա կառավարությունը սիրով կհամաձայներ նման քաղաքացիներին անվճար բուժսպասարկում տրամադրել»։

Հետո ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը կարծիք հայտնեց, որ Թագուհի Թովմասյանի նախագիծը պոպուլիստական բնույթ է կրում, որովհետեւ կառավարության հատուկ որոշմամբ՝ զինծառայողի բուժօգնությունը փոխվել է հատուկ ռեժիմի․ «Հիվանդանոցներն արտահերթ, ցանկացած պահի կարող են հետազոտել ցանկացած զինծառայողի։ Մեր կառավարությունն է արել այնպես, որ զինծառայողի սպասարկումը բուժհաստատություններում լինի ամենալայնածավալը։ Դա զինծառայողի ընտանիքին էլ է վերաբերում»։

Թագուհի Թովմասյանն արձագանքեց․ «Ինձ պոպուլիզմի մեջ մեղադրելուց առաջ եկեք գնանք հիվանդանոցներ, ձեր աչքով տեսեք, թե որքան հերթ են կանգնում զինծառայողները։ Դուք ինչպես միշտ խոսում եք իրականությունից կտրված կերպով։ Մի ստեք»։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը դիմեց Թովմասյանին․ «Մի օգտագործեք բառեր, որոնք սրում են իրավիճակը։ Դժվար չէ իրար հետ քաղաքակիրթ շփվելը»։

Արսեն Թորոսյանն այսպես պատասխանեց․ «Եթե երբեմն քարոզչական նպատակներով հիվանդանոցներ եք այցելում, ապա ես հիվանդանոցներից դուրս չեմ գալիս։ Իսկ ինձ ստելու մեջ մեղադրելուց առաջ ձեզ նայեք հայելու մեջ»։

Նախագիծն ԱԺ լիագումար նիստերի օրակարգ ներառելուն կողմ քվեարկեց 28, դեմ՝ 55 պատգամավոր․ որոշումը չընդունվեց։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031