Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրում եք, որ մենք չընդունենք, որ ասեք, թե իշխանությունը մերժեց քննարկումը»․ Հայկ Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Դեկտեմբեր 07,2021 11:31

«Իշխանությունը խուսափում է հրապարակային դարձնել այն, ինչ տեղի է ունենում ժողովրդի թիկունքում, մինչդեռ ինքն է խոստացել բաց լինել ժողովրդի առաջ։ Կատարվածի, պայմանավորվածությունների մասին հետո ենք իմանում։ Գործադիրը պետք է հաշվետու լինի այստեղ՝ խորհրդարանում»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ զեկուցելով սահմանազատման-սահմանագծման մասին հայտարարություն ընդունելու ԱԺ նախագիծը։ Քննարկվում է հարցը խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելը։

Հիշեցնենք, որ երեկ գլխադասային հանձնաժողովում ՔՊ-ականները նախ քվեարկեցին նիստը փակ անել, ապա դեմ արտահայտվեցին հայտարարության տեքստին, որովհետեւ ըստ իրենց՝ այն ներքաղաքական բովանդակություն ունի։

Ապա ելույթ ունեցավ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Մարիա Կարապետյանը եւ ներկայացրեց գլխադասային հանձնաժողովի դիրքորոշումը․ «Անվտանգային եւ արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ զգայուն հարցեր կային, դրա համար նիստը եղել է փակ։ Հայտարարությունն ունի ներքաղաքական խոսույթի մաս։ Տեքստն ընդդիմադիր խմբակցության ընդդիմադիր դիրքորոշումներ ունի, որը մեր խմբակցությունը չի կարող կիսել։ Հայտարարությամբ կառավարությանը կոչ է արվում մնալ սահմանադրության շրջանակներում։ Մենք դրդապատճառ չունենք նման բան ասելու։ Ինչ վերաբերում է սահմանագծման-սահմանազատման օրակարգին, մենք կարծում ենք, որ այն պետք է տարանջատել Արցախի խնդրից, այլ ոչ թե կապել դրա հետ։ Եռանախագահության ներքո գտնվող հարցերը չի կարելի կապել սահմանազատման-սահմանազատման օրակարգի հետ»։

Սեյրան Օհանյանն իր հերթին նշեց․ «Մեր հայտարարությունում կառավարությանն ուղղված անվստահություն չկա։ Հակառակը, այն փորձում է բարձրացնել ԱԺ-ի վերահսկողական մեխանիզմը եւ իշխանությունից, որը գտնվում է անվստահելի վիճակում, պահանջում իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք դեմ չեն օրենսդրությանը»։

«Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանն իր հերթին ասաց․ «Ցավում եմ, որ Մարիա Կարապետյանը նման փաստարկ բերեց։ Սա ցույց է տալիս, որ կառավարությունն ունակ չէ հանրային կամ փակ քննարկում անելու»:

Ի վերջո, քվեարկության ժամանակ կողմ քվեարկեց 28 պատգամավոր․ որոշումը չընդունվեց։

Արծվիկ Մինասյանը հայտարարեց՝ նախագծի լրամշակված տարբերակը դնելու են քննարկման դեկտեմբերի 14-ին ժամը 12:00-ին՝ պատգամավորների թվի ¼-ի ստորագրություններով հրավիրվեիք արտահերթ նիստում՝ նույն օրակարգով։

Այնուհետեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը դիմեց ընդդիմությանը․ «Ձեր մշակած հայտարարությունում կա ներքաղաքական բովանդակություն եւ նպատակ։ Մեր համար զարմանալի է եւ անհասկանալի, որ սահմանազատման ու անվտանգային հարցերի մասին ԱԺ հայտարարության տեքստի մեջ ուզում եք ներդնել ներքաղաքական, միակողմանի ձեւակերպումներ։ Այդ հայտարարությունը դուք գրում եք, որ մենք չընդունենք, հարգելի գործընկերներ, որ դուք ասեք, թե իշխանությունը մերժեց անվտանգային խնդիրների վերաբերյալ քննարկումը։ Առաջարկում եմ, որ երբ դուք գրելիս լինեք նման հայտարարություններ, հենց սկզբից ձեւավորենք աշխատանքային խումբ եւ միասին գրենք, եթե իհարկե ձեր նպատակը ներքաղաքական չէ։ Երբ ամեն անգամ ասում եք, թե իշխանությունը տապալում է քննարկումները, հիշեք, որ ձեր վերջին բոյկոտի ժամանակ դուք ինքներդ տապալեցիք ռազմագերիների հարցով ԱԺ-ում փակ քննարկումը»։

Ապա ելույթ ունեցավ Սեյրան Օհանյանը․ «Նման քննարկումները ոչ թե ընդդիմությունը պետք է նախաձեռնի, այլ քաղաքական իշխանությունը, որպեսզի փարատի կասկածները։ Մեր հայտարարությունում չկա քաղաքական ենթատեքստ։ Նպատակն էր՝ ՀՀ իշխանությանը զերծ պահել կատարել որեւէ քայլ ժողովրդի թիկունքում, որը կվնասի մեր շահերին»։

Արծվիկ Մինասյանն էլ անդրադարձավ Հայկ Կոնջորյանի ելույթում հնչած մեղադրանքին․ «Մեր բոյկոտի քաղաքական պատճառը պարզ էր՝ քաղաքական մեծամասնության ապօրինի վարքագիծը, որով արտահերթ նիստը չհրավիրվեց»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031