Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ֆլեյտահար Ռուզաննա Թովմասյանն իր երաժիշտ ընկերների հետ նախաձեռնել և իրականացնում է բարեգործական նախագիծ, որի շրջանակում «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի երեխաներին սովորեցնում են նվագել փողային գործիքներ՝ ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, շեփոր։
Տեղյակ լինելով, որ «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնը երեխաների զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր է իրականացնում, երաժիշտները կապ են հաստատել կենտրոնի հետ, ներկայացրել իրենց ծրագիրը, և տնօրինությունը սիրով աջակցել է գաղափարի իրականացմանը:
Դասերը, ըստ երաժիշտների, մեծ արդյունավետությամբ են իրականացվում։ «Երեխաները անհամբերությամբ ու մեծ ոգևորությամբ սպասում են պարապմունքներին: Իսկ մեզ համար ամենաոգևորիչ փաստն այն է, որ նրանցից ոմանց մոտ մեծ բեմերում ելույթ ունենալու երազանք է առաջացել: Գաղտնիք չէ դասական երաժշտության բարերար ազդեցությունը երեխաների զարգացման գործընթացում, և մեզ համար չափազանց կարևոր է մեր փոքրիկ լուման ունենալ այդ կարևոր գործում: Գուցե նրանցից մի քանիսի անունը ապագայում լսենք մեծ բեմերից: Երեխաները նաև հնարավորություն են ունեցել ներկա գտնվելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգին և վայելելու ակադեմիական երաժշտություն»,- ասում է Ռուզաննա Թովմասյանը:
Այս բարեգործական նախաձեռնությունը կյանքի է կոչվում մի շարք նվիրյալների ջանքերով։ Սկզբնական փուլում ծրագիրն իրականացվում էր Հայկական Կարմիր խաչի կողմից տրամադրված դրամաշնորհի միջոցով «Իրիս» ծրագրի շրջանակներում: Գործիքներ տրամադրելու հարցում իր աջակցությունը ցուցաբերեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի շեփորահարների կոնցերտմայստեր, «Արարատ» նվագախմբի ղեկավար Տիգրան Ավագյանը:
Կարդացեք նաև
Պատերազմի և համավարակի շրջանում դադարեցվեցին պարապմունքները։ Երաժիշտները որոշել են դասավանդման ձևաչափի որոշակի փոփոխություններ կատարել՝ ավելի շատ երեխաների ներգրավելու համար:
Արփի ԳԱԲՐԻԵԼՅԱՆ